Որոնել

Մայրամուտ Մայրամուտ 

Ինչպէ՞ս է Աստուած գնահատում մեր ազատութիւնը

Մեր Տէրը մեզ ոչինչ չի պարտադրում: Նրա սէրը նրբօրէն առաջարկում է, բացատրում է, սակայն երբեք չի ստիպում
Ունկնդրէ լուրը

Ինձ  համար դա մնում է մեր նկատմամբ Յաւերժական Սիրոյ խորհուրդը: Երբ մենք իմանում ենք, որ մեր ընկերներից կամ հարազատներից որևէ մէկը ցանկանում է ինչ-որ յանցանք գործել, մի բան, որը նրան ցաւ կամ վնաս կպատճառի, մենք ամէն ինչ անում ենք, որպէսզի նա հրաժարի այդ որոշումից կամ էլ կանխում ենք չարիքի իրականացումը: Դա հասկանալի է, և, անգամ, մեր պարտքն է համարւում:

Սակայն Յիսուսն իմանալով, որ Պետրոսը երեք անգամ ուրանալու է մինչև աքաղաղի կանչելը, և դա կանխատեսելով՝ չի փոխում իրադարձութիւնների ընթացքը: Տէրն իմանալով, որ Յուդան Իրեն մատնելու է, նրան ընդգրկում է առաքեալների մէջ և Վերջին Ընթրիքի ժամանակ չի պատուիրում աշակերտներին դռները փակել և նրան բաց չթողնել: Անգամ չի խնդրում Յուդային սթափուել և դա չանել: Նախապէս իմանալով ամէն ինչ մեր մասին՝ Նա չի սահմանափակում մեր ազատութիւնը:

Ինչու՞: Որովհետև Նա շա՛տ է սիրում մեզ և յարգում է Իր իսկ կողմից մեզ տրուած աստուածանմանութեան պարգևն՝ ազատութեան մէջ: Անառակ որդու հայրը առատպեց իր որդու գործած չարիքի պատճառով: Նա որդուն տուեց նրա համար նախատեսուած ամբողջ ունեցուածքը՝ նրա ազատութեան խորհրդանիշը և համբերատար սպասեց նրա վերադարձին: Բայց մենք ցանկանում ենք, որ ինչ-որ մէկն անի այն, ինչը մե՛նք ենք լաւ ու ճիշտ համարում, սակայն դա կոչւում է սեփական կամքի պարտադրանք:

Մեր Տէրը մեզ ոչինչ չի պարտադրում: Նրա սէրը նրբօրէն առաջարկում է, բացատրում է, սակայն երբեք չի ստիպում: Մենք կարող ենք մերժել Նրա սէրը՝ հաշուի առնելով մեր ընտրութեան բոլոր հետևանքները, սակայն ընտրութեան իրաւունքը միշտ մեզ է պատկանում:

Որքա՜ն մեծ է Աստծոյ աչքերում ազատութեան պարգևը և ինչպե՜ս է Նա մեզ սովորեցնում յարգել այդ իրաւունքը:

Տէ՛ր, սովորեցրու մեզ գնահատել ազատութեան պարգևը և ինքնակամ Քեզ ընտրել՝ որպէս բարձրագոյն բարիք:

Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

Մոսկուայի հայ կաթողիկէների ժողովրդապետ ⠀

armenianchurchco.com/

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/07/2020, 07:42