Որոնել

Vatican News
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան 

Փանիկ... հոգեւորի եւ մշակութայինի քառուղիներում

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի հինգ տարիների քահանայական գործունէութիւնը Մայր Հայրենիքում (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

«Ծառայել  յանուն հոգիների փրկութեան»:

Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

2017 թուականի սեպտեմբեր 17-ին՝ Սուրբ Խաչի տօնին, Փանիկում տեղի ունեցաւ Զմմառի Ցաւագին Տիրամօր անուան մատրան բացման արարողութիւնը: Հայ Կաթողիկէ Եկեղեցին իր արմատներով է կապուած հայ ինքնութեան օրրաններից մէկի՝ Զմմառի վանքի հետ: Վանքի յարատեւութեան գաղտնիքը Զմմառի Ցաւագին Տիրամօր զօրեղ պաշտպանութեան մէջ է: Համայն աշխարհից այստեղ են ժամանում ուխտաւորներ՝ հայցելու Աստուածամօր բարեխօսութիւնը: Գրեթէ երեք դարեայ պատմութիւն ունեցող Զմմառի Տիրամօր սրբապատկերը սպանացի Կարդինալ Բելուգայի նուէրն է եղել Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց առաջին Կաթողիկոս-Պատրիարք Աբրահամ Պետրոս Ա Արծիւեանին: Զմմառի Ցաւագին Տիրամօր սրբապատկերի հրաշագործ բժշկութիւնների մասին պատմութիւնները պահւում են Զմմառի վանքի արխիւներում: Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը ամէն ջանք ներդրեց եւ, բարերարների աջակցութեամբ, ձեռնամուխ եղաւ մատրան կառուցման աշխատանքներին, այսպիսով՝ Փանիկի հաւատաւոր ժողովուրդին հնարաւորութիւն ընձեռելով արժանանալու Աստուածամօր բարեխօսութեանը: Այս նպատակով նորոգուեց քահանայատան սրահներից մէկը՝ այն վերածելով Զմմառի Ցաւագին Տիրամօրը նուիրուած մատրան, որի օծման եւ բացման հանդիսաւոր արարողութիւնը կատարուեց ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ  մասնակցութեամբ Զմմառի վանքի միաբան Գերպ. Հայր Մաշտոց Վրդ. Զահթերեանի: Հայր Մաշտոցը ժողովուրդին ուղղուած իր խօսքում ընդգծեց, որ Զմմառի Տիրամօր՝ մեր բոլորի երկնային մօր, պատկերի կրկնօրինակն ունենալը մեծ օրհնութիւն է իւրաքանչիւր հաւատացեալի համար, քանի որ Աստուածամօր մայրական սիրով լի հայեացքի ներքոյ ամէն աղօթք անկասկած պէտք է հասնի Որդուն եւ գտնի իր պատասխանը: Հետեւապէս՝ աղօթենք ամէն օր եւ խնդրենք մեր Մօր բարեխօսութիւնը. «Տիրամայր Զմմառու, աղօթեայ վասն մեր»:

2017 թուականին՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի անմիջական նախաձեռնութեամբ եւ գլխաւորութեամբ մեկնարկեցին Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ հիմնանորոգման աշխատանքները: Աւելի քան մէկդարեայ պատմութիւն ունեցող Եկեղեցին կառուցուել է 1846 թուականին՝ գիւղի առաջին քահանայ Արժ. Տէր Պետրոս Նահապետեանի ջանքերով: 1936-1990թթ.՝ կոմունիստական վարչակարգի բռնաճնշումների արդիւնքում Եկեղեցին փակուեց: Մինչ 2017 թուականի հիմնանորոգումը՝ Եկեղեցին ունեցել է եւս երկու նորոգութիւն: Առաջինը՝ 1968-1971թթ., գիւղի պատմութեան ուսուցիչ Պետրոս Նահապետեանի եւ Սահակ Սալնազարեանի ջանքերով: Երկրորդը՝ 1991 թուականին, Գերյ. Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանի նախաձեռնութեամբ: Այսպիսով, 2017 թուականի դեկտեմբեր 17-ին վերաբացուեց եւ վերաօծուեց Սուրբ Աստուածածին Եկեղեցին՝ ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի: Վերանորոգումը հնարաւոր եղաւ աւարտին հասցնել «l’Œuvre d’Orient» բարեսիրական կազմակերպութեան, ինչպէս նաեւ՝ բարերարների աջակցութեան, արտերկրում գտնուող համագիւղացիների եւ համայնքի բնակիչների ներդրումների շնորհիւ:

2018 թուականի մայիս 10-ին կազմաւորուեց Փանիկի «Սուրբ Աստուածածին» Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ տիկնանց միութիւնը, որին անդամակցում են 17 հոգի, իսկ նախագահութիւնը ստանձնել է Վարդիթեր Ճաւռշեանը: Տիկնանց միութիւնը՝ համագործակցութեամբ երիտասարդաց խումբի, ակտիւ գործունէութիւն է ծաւալում եւ իր մասնակցութիւնը բերում Եկեղեցւոյ կողմից կազմակերպուող բարեգործական եւ այլ միջոցառումներին ու հոգեւոր դասընթացքներին:

2018 թուականի մայիս 27-ին՝ Ամենասուրբ Երրորդութեան Տօնին մատուցուած Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ տեղի ունեցաւ Փանիկի Պատմութեան թանգարանի վերաբացման հանդիսաւոր արարողութիւնը, որն իր ներկայութեամբ պատուեց Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը: Թանգարանը հիմնուել է 1967 թուականին եւ մինչ 1988 թուականը գործել գիւղի դպրոցի շէնքում: Երեսուն տարուայ ընդմիջումից յետոյ, ստանալով Թեմի Առաջնորդի օրհնութիւնը եւ արտօնութիւնը, որոշում կայացուեց 1988-ի երկրաշարժի հետեւանքով անուշադրութեան մատնուած թանգարանային նմոյշները տեղափոխել Եկեղեցուն կից երիտասարդական լսարանի շէնք եւ կազմակերպել դրանց պահպանութիւնը: Այսօր թանգարանը կրում է գիւղի պատմութեան ուսուցիչ Պետրոս Նահապետեանի անունը (ում նախաձեռնութեամբ այն կառուցուել է 1967 թուականին): Թանգարանն իր տեսակով եզակի է եւ ժողովուրդի շրջանում յայտնի է նաեւ «Հացի թանգարան» անուամբ, քանի որ այստեղ՝ ի թիւս պատմական նշանակութիւն եւ արժէք ունեցող այլ նմոյշների, ներկայացուած են գարեհացի եւ ցորենի հացի տեսակները: Երկար տարիների դադարից յետոյ գիւղում ստեղծուեց ազգագրական եւ հոգեւոր ինքնութեան պահպանութեան եւս մէկ մշակութային կենդրոն: Վերանորոգումը մեկնարկեց գիւղապետարանի միջոցներով, սակայն աշխատանքները հնարաւոր եղաւ աւարտին հասցնել ծնունդով Փանիկցի բարերարներ Անուշ եւ Ենոք Գարսանցեանների դրամական օգնութեան շնորհիւ: Բացման արարողութեան ժամանակ ժողովրդապետ Հայր Գառնիկն իր խօսքում նշեց. «Դարերի ընթացքին Եկեղեցին միշտ եղել է մշակոյթի եւ արուեստի պահապանը: Այսօր մեզ յանձնուեց այս թանգարանը եւ, մեզանից իւրաքանչիւրը կը պարտաւորուի պահել, պահպանել եւ նպաստել դրա յետագայ զարգացմանը՝ ի սպաս Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ եւ Հայաստանի»:

2020 թուականը մեկնարկեց Քորոնա ժահրի համաճարակով, որն իր մահաբեր շունչը սփռեց ամբողջ աշխարհում: Հայաստանը նոյնպէս զերծ չմնաց այս չարիքից: Մինչ օրս էլ, ամբողջ աշխարհում եւ Հայաստանում, շարունակւում է բժիշկների եւ պատասխանատու անձանց անձնուրաց աշխատանքը՝ «անտեսանելի այս թշնամու» դէմ պայքարի գործում: Այս ողջ ընթացքում, արտակարգ իրավիճակի պայմաններում,  Եկեղեցին շարունակեց իր հոգեւոր ծառայութիւնը՝ առցանց հեռարձակումների միջոցով: Բոլորովին վերջերս՝ յունիս 15-ից, մեկնարկեց համայնքային զարգացմանն ուղղուած եւս մէկ ծրագիր՝ Փանիկի Հանդիսութիւնների եւ արարողութիւնների սրահի (մկրտութեան եւ ծննդեան տօնակատարութիւններ, հարսանեաց հանդէսներ, հոգեհացի մատուցում եւ այլն) նորոգութեան աշխատանքները: Սուրբ Աստուածածին Եկեղեցուն կից գործող երիտասարդական լսարանի շէնքի յարկաբաժիններից մէկը յատկացուեց այս նպատակի իրագործման համար: Ծրագիրը իրականացւում է Փանիկի Հայ Կաթողիկէների ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի անմիջական  ջանքերով, «Հայկական Կարիտասի» Ծխական Հասարակական Խորհուրդներ ծրագրի շրջանակներում տրամադրուող դրամաշնորհի, համայնքի բնակիչներ՝ Վարդան Կարապետեանի և Վաչագան Ճաւռշեանի, ինչպէս նաեւ արտերկրում բնակուող փանիկցի բարերարների աջակցութեամբ:

Այս տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիւ դէպքեր եւ իրադարձութիւններ, կազմակերպուել եւ անցկացուել են տարբեր արարողութիւններ եւ միջոցառումներ, բայց դժուար է այդ ամէնը ամփոփել մէկ, նոյնիսկ մի քանի սեղմ յօդուածների մէջ, ուստի, եզրափակելով ժամանակագրական որոշ տեղեկութիւնների շարադրանքը՝ ստորեւ ձեզ ենք ներկայացնում նաեւ հակիրճ կենսագրական տուեալներ Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ժողովրդապետ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի կենսագրութիւնից.

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը՝ աւազանի անունով Գառնիկ Յովսէփեան, ծնուել է 1976 թուականի մայիս 20-ին՝ Սուրիոյ Մելիքիէ քաղաքում: Նախնական կրթութիւնը ստացել է տեղի ծխական դպրոցում՝ Եփրատի Ազգային վարժարան:

1987-1990թթ. սովորել է Հալէպի Մխիթարեան վարժարանում, ապրել՝ Զմմառու Միաբանութեան Սուրբ Վարդանանց փոքր դպրեվանքում, որի մեծաւորն էր Հայր Էմմանուէլ Վրդ. Տապպաղեանը: 

1990-1995թթ. ուսանել է Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան նորընծայարանում: Վիեննայի «Հագէր Միւլլէր» Պետական Բարձրագոյն Դպրոցը յաջողութեամբ աւարտելուց յետոյ մեկնում է Լիբանան՝ Զմմառ, եւ Պօղոսեան Հայրերի կաճառում հետեւում Փիլիսոփայութեան նախապատրաստական դասընթացքներին:

1996թ. մեկնում է Հռոմի Լեւոնեան Քահանայապետական հայ վարժարան եւ բարձրագոյն կրթութիւնը շարունակում Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացի Քահանայապետական համալսարանում՝ ուսանելով Աստուածաբանութիւն եւ Փիլիսոփայութիւն: 6-ամեայ համալսարանական դասընթացքը աւարտում է 2002 թուականին՝ ստանալով Փիլիսոփայութեան եւ Աստուածաբանութեան բակալաւրի աստիճան:

2002 թուականի սեպտեմբեր 14-ին՝ Սուրիոյ Բարձր Ճեզիրէի թեմում օծւում է կուսակրօն քահանայ՝ ձեռամբ Արհի. Տէր Պետրոս Արքեպս. Միրիաթեանի: Նոյն թուականին ստանձնում է Սուրիոյ Հասաքիէ քաղաքի Սուրբ Ընտանեաց Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ժողովրդապետի պաշտօնը եւ ծառայում մինչեւ 2012 թուականը:

2013 թուականին՝ որպէս ժողովրդապետ իր հոգեւոր առաքելութիւնն է շարունակում Գամիշլիի Սուրբ Յովսէփ Աթոռանիստ Եկեղեցւոյ մէջ:

2014 թուականի փետրուարին՝ տեղափոխուելով Մայր Հայրենիք, որպէս փոխժողովրդապետ իր հովուական գործունէութիւնն է սկսում Շիրակի մարզկենդրոն Գիւմրիում եւ Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիւանդանոցում, ծառայում է նաեւ Աշոցքի տարածաշրջանի Սարագիւղ, Բաւրա, Սիզաւէտ եւ Ղազանչի Հայ Կաթողիկէ համայնքներում:

2015 թուականի փետրուար 20-ին Հայր Գառնիկ Վրդ. Յովսէփեանը նշանակուեց Փանիկ համայնքի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ ժողովրդապետ-հոգեւոր հովիւ:

2015 թուականի հոկտեմբեր 12-ին՝ կղերական ժողովի ընթացքում, Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի կողմից նշանակւում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան Երիտասարդաց միութեան նախագահ եւ համակարգող:

2017 թուականի յունիս 18-ին՝ քահանայական ձեռնադրութեան 15-ամեակի կապակցութեամբ, Գերպ. Հայր Գառնիկ Վրդ. Յովսէփեանին շնորհուեց ծայրագոյն վարդապետի աստիճան՝ ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի եւ խարտաւիլակութեամբ՝ Վաստակաւոր Արքեպիսկոպոս Նշան Գարաքէհէեանի:

Հրանուշ Սարգսեան

Ալլա Կարապետեան

18/07/2020, 17:35