Որոնել

Vatican News
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան 

Փանիկ... հոգեւորի եւ մշակութայինի քառուղիներում:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի հինգ տարիների քահանայական գործունէութիւնը Մայր Հայրենիքում

«Ծառայել  յանուն հոգիների փրկութեան»:

Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

(ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

Քահանայութիւնը առաքելութիւն է, քահանայ լինելը՝ կոչում: Քահանայի միջոցով է Քրիստոս շարունակում առաջնորդել եւ կառուցել իր Եկեղեցին: Հոգեւորականն է այն կամրջող օղակը, որ կապում է Աստծուն եւ մարդուն: Ամէն անգամ, երբ Պատարագի ընթացքում քահանան մատուցում է սուրբ զոհը՝ դա նոյն ինքը Քրիստոս է, որ մատուցում է այդ զոհը: Խոստովանանքի ժամանակ նոյնպէս Քրիստոս է, որ հոգեւորականի միջոցով թողութիւն է տալիս մեր մեղքերին: Երբ Քահանան ստանձնում է Տիրոջ հօտին հովուելու եւ աւետարանեցնելու պատասխանատուութիւնը՝ ապա, Քրիստոս է, որ խօսում է նրա միջոցով եւ իրագործում իր փրկագործութեան ծրագիրը: Բարի Հովուի օրինակով քահանան նոյնպէս ողորմածութեան եւ կարեկցանքի մարդ է՝ պատրաստ միշտ նեցուկ լինել եւ ծառայել բոլորին, ամոքել բոլորի ցաւերը: Աստուծոյ արքայութիւնը սկսւում է Երկրից, հէնց այստեղ է, որ հանդիպում ենք Քրիստոսին եւ, ընտրութիւնը մերն է՝ այս կեանքի ճանապարհը քայլել Նրա հետ, թէ՝ միայնակ: Արդեօ՞ք արժանի կը լինենք յաւիտենական կեանքի պսակին՝ կախում ունի, թէ ինչպէս ենք անցել այս ճանապարհը եւ ինչ գործեր ենք կատարել եւ, թէ ինչպէս պիտի կանգնենք Աստուծոյ դատաստանի առջեւ…

Հայ Կաթողիկէ Եկեղեցին իր բազմադարեայ գոյութեան ընթացքում բազմաթիւ վերելքներ եւ վայրէջքներ է ունեցել: Կոմունիստական կարգերի գերիշխանութեան եւ անաստուածութեան 70 տարիների ընթացքում Եկեղեցւոյ դռները հարկադրաբար փակուեցին հաւատաւոր ժողովուրդի առջեւ:

1990 թուականի սեպտեմբեր 18-ին՝ Մխիթարեան Միաբանութեան Աբբահայր Հայր Ներսէս Վրդ. Տէր-Ներսէսեանը նամակ է յղում Ս. Էջմիածին՝ առ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց: Նամակում Միաբանութեան Առաջնորդն իր երախտագիտութիւնն է յայտնում Վեհափառ Հայրապետին, ով իր աջակցութիւնն էր փոխանցել Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ապագայ հոգեւոր առաքելութեան վերահաստատման գործում: Նոյն թուականի դեկտեմբեր 4-ին Գերպծ. Ներսէս Վրդ. Տէր-Ներսէսեանին ուղղուած իր նամակում Վեհափառ Տէրն իր գոհունակութիւնն է յայտնում եւ ողջունում Հայ Կաթողիկէների նախաձեռնութիւնը՝ «Մխիթարեան անկիւն» ունենալ Մայր Հայաստանի հողի վրայ: Այսպիսով, Նորին Սուրբ Օծութիւն Վազգէն Ա Վեհափառն իր  Հայրապետական սրտազեղ օրհնութիւնն ու հաւանութիւնն է տալիս, որպէսզի հայ «կաթողիկէ եղբայրները» (ինչպէս նամակում գրում է Կաթողիկոսը)՝ ովքեր վաղուց է ինչ իրենց աղօթքի տներն ու հաւատացեալներն ունէին Հայաստանում, կարողանան վերստին զգալ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մնայուն ներկայութիւնը:

Իրականութիւն դարձաւ Հայաստանի եւ Կովկասի Հայ Կաթողիկէ համայնքներում հոգեւոր առաքելութիւնը վերահաստատելու Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ վաղեմի փափաքը: Առաքելութիւնը սկզբնաւորուեց Մխիթարեան Ուխտի միաբան Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանի ձեռքով՝ ի ծառայութիւն Կովկասի եւ Հայաստանի հաւատաւոր զաւակների:

Ն. Ս. Յովհաննէս-Պօղոս Բ Սրբազան Քահանայապետին խորապէս տպաւորում է Վեհափառ Հայրապետի սրտագին օրհնութիւնը: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, նորանկախ Հայաստանի Հանրապետութիւնում վերահաստատելով Հայ Կաթողիկէ Նուիրապետութիւնը՝ 1991 թուականի հոկտեմբեր 2-ին Յովհաննէս-Պօղոս Բ Սրբազան Քահանայապետի կողմից հիմնուեց Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Թեմը՝ առաջնորդութեամբ Հ. Ներսէս Վրդ. Տէր-Ներսէսեանի:  Աւելի ուշ՝ 1992 թուականի յուլիս 14-ին, Հայ Կաթողիկէ համայնքը պաշտօնապէս գրանցուեց Հայաստանում: 1993 թուականի սեպտեմբերին Հայ Կաթողիկէ Առաջնորդութիւնը հաստատուեց Գիւմրիում: Հայաստանի տարբեր մարզերի քաղաքներում եւ գիւղերում վերաբացուեցին, վերանորոգուեցին կամ կառուցուեցին Հայ Կաթողիկէ Եկեղեցիները: Փանիկ համայնքում նոյնպէս վերածնուեց հոգեւոր կեանքը: Եկեղեցին՝ որպէս հաւատքի լուսաւոր օճախ, նոր շունչ առաւ: 1991թ. նոյեմբերին՝ Մխիթարեան միաբան Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանը նշանակւում է Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ժողովրդապետի պաշտօնում: Նա, յետխորհրդային Հայաստանում, Փանիկ համայնքի առաջին ժողովրդապետն էր, ով դարձաւ Եկեղեցւոյ վերածննդի խորհրդանիշը: Ժողովրդապետի պարտականութիւնները ստանձնելուց անմիջապէս յետոյ, վարդապետը կարողացաւ անհրաժեշտ գումարներ հայթայթել ոչ միայն Եկեղեցւոյ նորոգութեան, այլեւ՝ յարակից տարածքի բարեկարգութեան աշխատանքների իրականացման համար: Նրա օրօք կառուցուեց նաեւ քահանայատունը, հիւրատունը, պատանիների ու երիտասարդների համար նախատեսուած լսարանի շէնքը, վերանորոգուեց հիւանդանոցի շէնքը՝ այն համալրելով բժշկական սարքաւորումներով: Ի վերջոյ, 1992թ. օգոստոս 16-ին տեղի ունեցաւ Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ վերաբացման եւ վերաօծման արարողութիւնը եւ երկարատեւ դադարից յետոյ, առաջին անգամ, ձեռամբ Թեմի Առաջնորդ Հ. Ներսէս Վրդ. Տէր-Ներսէսեանի մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Այսօր, Աստուծոյ եւ ազգի նուիրեալ զաւակը՝ Գերյ. Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանը հանգչում է մայր հողում՝ Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ բակում:

Հայր Կոմիտաս վարդապետի աշակերտներից է եղել Փանիկ համայնքի ներկայիս ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը՝ Հալէպի Մխիթարեան վարժարանում իր ուսումնառութեան տարիներին, երբ 1988-1990թթ. Հ. Կոմիտասը վարժարանի տնօրէնի պաշտօնն էր զբաղեցնում: Հայր Գառնիկը միշտ սրտի ջերմութեամբ է յիշում սիրելի վարդապետին. «Անմոռանալի ժողովրդապետ էր, ինչպէս նաեւ անմոռանալի հայր էր բոլորիս համար: 1990-ական թուականների մռայլ եւ դժուարին տարիների ընթացքին Հայր Կոմիտաս Վրդ. Մանուկեանն իր սեփական ուժերով եւ խանդով կարողացաւ Փանիկ գիւղը վերստին վերականգնել եւ դարձնել հոգեւոր փարոս եւ մշակոյթային կենդրոն ամբողջ Հայաստանի Հանրապետութեան մասշտաբով: Այո՛, սիրեցեալ վարդապետ, օրեր, տարիներ անցան եւ, այսօր, Մայր Հայրենիքի մէջ դարձեալ հանդիպեցինք, բայց ո՛չ մարմնապէս, այլ՝ հոգեպէս եւ, ես անարժանապէս ստանձնեցի քո կողմից շատ սիրուած համայնքի՝ Փանիկ գիւղի հովուութիւնը»: 1997 թուականին՝ հոգին առ Աստուած աւանդեց գերյարգելի վարդապետ Մանուկեանը: Մինչ 2015 թուականը գիւղի հոգեւոր հովուի պաշտօնը զբաղեցրել են Թեմում ծառայող տարբեր հոգեւորականներ:

2015 թուականին՝ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի կողմից Հայր Գառնիկ Վրդ. Յովսէփեանը նշանակուեց Փանիկ համայնքի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ժողովրդապետ:

2015 թուականի մարտ ամսին կազմաւորուեց Եկեղեցւոյ երիտասարդաց միութիւնը՝ նախագահութեամբ Ալլա Կարապետեանի: Երիտասարդաց խումբը ակտիւ գործունէութիւն է ծաւալում՝ պարբերաբար կազմակերպելով եկեղեցական տօներին նուիրուած միջոցառումներ եւ ուխտագնացութիւններ:

2015 թուականի մայիս 10-ին Փանիկ համայնքում մեծ տօնախմբութիւն էր: Կառուցուեց եւս մէկ սրբատեղի, որտեղ գիւղացիները կարող են աղօթք բարձրացնել առ Աստուած՝ իրենց ննջեցեալների հոգիների հանգստութեան համար: Տեղի ժողովրդապետ Գերպ. Հայր Գառնիկ Վրդ. Յովսէփեանի ձեռամբ օծուեց գիւղի գերեզմանատան մօտ կառուցուած մատուռը, որն անուանուեց «Սրբոց Նահատակաց»՝ ի յիշատակ 1915թ. Հայոց Ցեղասպանութեան նահատակների: Մատուռի շինարարական աշխատանքները հնարաւոր եղաւ իրականացնել Ռուսիոյ մէջ բնակուող փանիկցի Սոս եւ Արամ Բոյաճեանների հովանաւորութեամբ եւ գիւղի հաւատաւոր ժողովուրդի ուժերով: Թէեւ համայնքը դժուար հոգեւոր ուղի է անցել, այնուամենայնիւ, իր հաւատացեալ զաւակների այսպիսի նուիրուածութիւնը ապացոյցն է այն բանի, որ մեր հոգում մշտապէս բոցավառւում է Քրիստոսի լոյսը: Բարերարների կողմից շնորհակալական պատուոգիր է շնորհւում Հայ Կաթողիկէ Առաջնորդարանին՝ յանձինս Գերպ. վարդապետ Յովսէփեանի:

2016 թուականի մայիս 29-ին՝ Եկեղեցւոյ տօնին, Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտից յետոյ Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ բակում՝ ձեռամբ Հոգշ. Հայր Գառնիկ Վրդ. Յովսէփեանի կատարուեց յուշաղբիւրի օծման եւ օրհնութեան կարգ՝ ի յիշատակ եւ երախտագիտութիւն համայնքի հոգեւոր կեանքում իրենց անուրանալի աւանդն ունեցած հոգեւոր հայրեր՝ Արհի. Տէր Ներսէս Արքեպս. Տէր-Ներսէսեանի, Գերյ. Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանի եւ Գերպ. Հայր Անտոն Վրդ. Ջիւանեանի: Յուշաղբիւրի բացման աշխատանքներն իրականացուեցին Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ տարածքի պատասխանատու պրն. Վարդան Կարապետեանի նախաձեռնութեամբ ու միջոցներով:

2016 թուականի յունիս 25-ին՝ գլխաւորութեամբ Փանիկի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ժողովրդապետ Հայր Գառնիկ Վրդ. Յովսէփեանի եւ աջակցութեամբ պրն. Վարդան Կարապետեանի, կազմակերպուեց Փանիկ եւ յարակից համայնքներից շուրջ 300 հոգուց բաղկացած խումբի այցելութիւնը Գիւմրի՝ մասնակցելու Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցուող Սուրբ Պատարագին:

Երիտասարդների համար սեմինարներ կազմակերպուեցին ի պատրաստութիւն 2016 թուականի յուլիսին Լեհաստանի Քրաքովիա քաղաքում կայանալիք Երիտասարդաց Համաշխարհային Օրեր հանդիպմանը, որին իրենց մասնակցութիւնը բերեցին 26 երիտասարդներ Փանիկ համայնքից:

2016 թուականի յուլիս 25-31-ը, Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի գլխաւորութեամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Թեմի 351 երիտասարդներ մեկնեցին Լեհաստան եւ մասնակցեցին Քրաքովիայում անցկացուող 15-րդ Երիտասարդաց Համաշխարհային Օրեր հաւաքին:

Ժողովրդապետի գլխաւորութեամբ մշտապէս կազմակերպւում են հոգեւոր դասընթացքներ, որոնք միտուած են երիտասարդների հոգեւոր գիտելիքների ձեռքբերմանն ու ամրապնդմանը:

2017 թուականի ապրիլ 30-ին՝ ի յիշատակ Գերյ. Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանի մահուան 20-րդ տարելիցի, Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ յարակից տարածքում՝ տեղի ժողովրդապետ Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի անմիջական ջանքերով եւ համայնքի բարեպաշտ զաւակների ներդրմամբ բացուեց Հայր Կոմիտասի անունը կրող այգին եւ իրականացուեց ծառատունկ (60 ծառ՝ տանձենի եւ խնձորենի):

2017 թուականի յունիս 18-ին Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցուն կից երիտասարդական լսարանի (օրաթորիայի) շէնքում՝ ձեռամբ Թեմի Առաջնորդ Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի կատարուեց համայնքային գրադարանի բացումը, որը կրում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Թեմի առաջին Առաջնորդ Արհի. Տէր Ներսէս Արքեպս. Տէր-Ներսէսեանի անունը: Գրադարանի բացումը տեղի ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկի Ծ. վարդապետի նախաձեռնութիւնն էր, ինչը իրականութիւն դարձաւ համայնքապետարանի հետ փոխգործակցութեան եւ համաֆինանսաւորման արդիւնքում: Իրականացուել է ոչ միայն սրահի նորոգումը եւ կահաւորումը, այլեւ՝ նուիրաբերուել մօտ 1000 կտոր գրականութիւն: Ականաւոր հոգեւորականի անունը կրող այս տեղեկատուական եւ մշակոյթային կենդրոնի ստեղծումը եւս մէկ արժէքաւոր նուէր էր համայնքին, յատկապէս՝ երիտասարդ սերունդին, քանի որ նրանց կրթութեան, հոգեւոր դաստիարակութեան եւ կաթողիկէ ինքնութեան պահպանութեան գործում այն կարեւոր դերակատարութիւն պէտք է ունենայ: Սրբազան Հայրը յոյս յայտնեց, որ նորաբաց գրադարանին կից շուտով կ'ունենանք նաեւ ընթերցասրահ:

Հրանուշ Սարգիսեան - Ալլա Կարապետեան

Շարունակելի…

 

14/07/2020, 15:28