Որոնել

Vatican News
Արհ. Տ. Նշան Արքեպս.Գարաքեհեան Արհ. Տ. Նշան Արքեպս.Գարաքեհեան 

Այսօր Արհ. Տ. Նշան Արքեպս.Գարաքեհեանի քահանայական ձեռնադրութեան 60-րդ յոբելեանն է։

«Ոչինչ դիզեցինք մեզ համար, այլ միայն Աստծոյ համար աշխատեցինք և շարունակում ենք աշխատել:

Այսօր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների վաստակաւոր Առաջնորդ Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհեանի քահանայական ձեռնադրութեան 60-ամեայ յոբելեանն է: Այսօր Նշան Սրբազանը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի ժողովրդապետութեան մատրան մէջ՝ առընթերակայութեամբ Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի և Գերպ. Հ. Նարեկ Վրդ. Մնոյեանի, ներկայութեամբ հայ կաթողիկէ հոգևորականների:

Ունկնդրէ լուրը

Արհ. Տ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհեանը՝ մկրտութեան անունով Եղիան, ծնուել է Յունաստանի Բիրեա քաղաքում, 1932թ.: Նախնական կրթութիւնն ստացել է Հայ Կաթողիկէ և ՀԲԸՄ միացեալ վարժարանում, Ս. Յակոբի ազգային վարժարանում, Հայ Կաթողիկէ-Հ.Օ. Խաչ միացեալ վարժարանում, Ֆրեր Մարիստ գիմնազիայում: 1948թ. մտել է Զմմառի վանքի փոքր նորընծայարանը, իսկ 1955թ. ընդունուել Հռոմի Լևոնեան Վարժարան և 6 տարի յաճախել յիսուսեան հայրերի քահանայապետական Գրիգորեան համալսարանի փիլիսոփայութեան և աստվածաբանութեան դասերին: Քահանայ է ձեռնադրուել 1960թ. յուլիսի 2-ին: 1961-63թթ.եղել է Զմմառի նորընծայարանի հսկիչ, 1963-68թթ.՝ Պուրճ-Համմուտի փոխ ժողովրդապետ, 1968-69թթ.՝ Գահիրէի փոխ ժողովրդապետ, 1969թ.՝ Պէյրութի փոխ ժովրդապետ, 1969-1976թթ.՝ Տիքվանի Զմմառեան ճեմարանի տնօրէն, 1976-1977թթ.՝ Զմմառի Մեծաւոր և ընդհանուր մատակարար, 1977-78թթ.՝ Զալքայի հոգևոր հովիւ, 1978-1984թթ.՝ Սան-Պաուլոյի ժողովրդապետ և եպիսկոպոսական փոխանորդ, 1984-1991թթ.՝ Մարսելի ժողովրդապետ, 1991-93թթ.՝ Յունաստանի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ, 1993-2001թթ.՝ Առաջնորդական Փոխանորդ Կաթողիկէ Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի, 2001-2005թ.՝ Իրանի Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ՝ 2001թ. ձեռնադրուելով եպիսկոպոս Իսպահանի թեմի:

2005թ. Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետը Հ. Նշանին անուանեց Հայաստանի Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ՝ փոխարինելով Հ. Ներսէս Արքեպս. Տեր-Ներսեսեանին: Թեմի առաջնորդի պաշտօնում Արհ. Տ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհեանը ծառայեց մինչև 2010թ.-ը:

2010-2015թթ. Արքեպս. Գարաքեհեյանը պաշտօնավարել է որպէս Իրանի և Յունաստանի հայ կաթողիկէների առաջնորդ:

2015-ից վաստակաւոր Նշան Սրբազանը բնակւում է Երևանի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան մէջ՝ Ռաֆայէլ Սրբազանի հետ միասին:

Արհ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանը 2001-2010 թուականներին՝ նախ որպէս Արհ. Տ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանի օգնական, ապա՝ որպէս Առաջնորդ Հայր, հսկայածաւալ աշխատանք տարաւ՝ Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում հայ կաթողիկէ համայնքների վերակազմակերպման, եկեղեցիների, մատուռների, ժողովրդապետական կենտրոնների կառուցման, քահանայական կոչումների պատրաստութեան դաշտում: Յատկապէս, Նշան Սրբազանի ջանքերով Գիւմրիում 1990-ականների կէսերին կայացաւ Ներսիսեան հոգևոր դպրանոցը, որի սաներից հետագայում ձեռնադրուեցին հայ կաթողիկէ համայնքներում ծառայող հոգևորականները: Նշան Սրբազանի կազմակերպչական ջանքերը մեծապէս նպաստեցին շուրջ վաթսուն տարիների պետական արգելքից յետոյ համայնքներում հոգևոր գիտակցութեան վերարթնացմանը, պաշտամունքային ծիսական կեանքի կանոնաւոր վերսկսմանը:

Արհ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանը այսօրուա Սուրբ Պատարագի ընթացքում եղբայրակից հոգևորականներին մի համեստ խօսք ուղղեց, որը, կարծես, մի իմաստային ամփոփ է իր բազմավաստակ կեանքի.

«Ոչինչ դիզեցինք մեզ համար, այլ միայն Աստծոյ համար աշխատեցինք և շարունակում ենք աշխատել:

Երանի՛ մեզ, եթէ շարունակենք աշխատել նոյն եռանդով՝ հոգիների փրկութեան համար, որոնց համար Քրիստոս Իր կեանքը տուեց, որ նշանակում է, թէ արժէ՛ հոգիների համար աշխատել: Եթէ չարժենար, Յիսուս աշխարհ չէր գա: Հոգիները արժէք ունեն Աստծոյ համար, որովհետև Ինքն է ստեղծել մարդու հոգին: Մենք մեր կեանքը դարձրեցինք արժէքաւոր գործիքներ, որպէսզի այդ հոգիների համար մեր կեանքը տանք: Կարծեմ, թէ ընտրեցինք լաւագոյնն մասը կեանքում՝ հոգիների փրկութեան գործը»:

Տ. Յովսէփ Գալստեան

02/07/2020, 11:54