Որոնել

Vatican News

Հայոց երկնակամարում անմահացան եւս չորս հայորդիներ

Չկայ աւելի մեծ սէր եւ նուիրում, քան սեփական կեանքը զոհել յանուն հայրենիքի…
Ունկնդրէ լուրը

Կիրակի, 19 յուլիս, 2020 թուական. Հայոց Եկեղեցին նշում է Տ. Մ. Յիսուսի Քրիստոսի Պայծառակերպութեան Տօնը՝ Վարդավառը:

Քորոնա ժահրի համաճարակով պայմանաւորուած՝ այս տարի հաւատաւոր ժողովուրդը չկարողացաւ աւանդական կերպով նշել Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան Տօնը: Համաձայն ՀՀ Կառավարութեանն առընթեր գործող Պարէտատան ցուցումների եւ յորդորների՝ անհրաժեշտ է խուսափել զանգուածային միջոցառումների կազմակերպումից եւ մարդաշատ վայրեր այցելելուց, ինչպէս նաեւ՝ զերծ մնալ Վարդավառը աւանդական կերպով տօնելուց:

Այնուամենայնիւ, գործող արտակարգ իրավիճակի պայմաններում, Եկեղեցին՝ հաւատարիմ մնալով իր առաքելութեանը, սակաւաթիւ հաւատացեալների ներկայութեամբ նշեց Տ. Մ. Յիսուսի Քրիստոսի Պայծառակերպութեան Տօնը: Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ մատուցուեց Սուրբ եւ անմահ պատարագ՝ ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Պատարագի ընթացքին Գերյ. վարդապետն անդրադարձաւ օրուայ խորհուրդին.

«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը, որը հոգու եւ մտքի մաքրագործման տօն է, Հայ Եկեղեցւոյ հինգ տաղաւար տօներից երրորդն է: Այս տօնը յայտնի է նաեւ Այլակերպութիւն կամ Վարդավառ անուններով եւ նշւում է Զատիկից 98 օր յետոյ:

Սուրբ Գրիգոր Տաթեւացին՝ մեկնելով տօնի խորհուրդը, Յիսուսին համեմատում է վարդի հետ: Ինչպէս վարդն է թաքնուած իր պատեանի մէջ եւ միայն բացուելուց յետոյ է յայտնւում բոլորին, այնպէս էլ Յիսուս իր պայծառակերպութեամբ յայտնւում է մարդկութեանը՝ որպէս Աստուած:

Յիսուսի Պայծառակերպութեամբ եւս մէկ անգամ հաստատուեց այն ճշմարտութիւնը, որ Նա է Աստուծոյ սիրելի Որդին: Մեր Տիրոջ այլակերպութեան տեսարանը ներկայացուած է Աւետարանում՝ Ղուկաս, Մատթէոս եւ Մարկոս աւետարանիչների մեկնութեամբ. «Եւ երբ աղօթ­քի էր կան­գ­նած, նրա երե­սի տես­քը այ­լա­կեր­պուեց, նրա զգես­տը փո­խուեց եւ փայլուն սպի­տակ դար­ձաւ: Եւ ահա, եր­կու մար­դիկ խօ­սում էին նրա հետ: Նրանք Մովսէսն ու Եղի­ան էին, որոնք, փառ­քով երե­ւա­լով, խօ­սում էին նրա վա­խ­ճա­նի մա­սին, որ պի­տի տե­ղի ու­նե­նար Երու­սա­ղէ­մում: Իսկ Պե­տ­րո­սը եւ նրա հետ գտ­նուող­նե­րը քնի ծան­րու­թեան տակ ար­թ­նա­ցան ու տե­սան նրա փառ­քը եւ եր­կու մարդ­կանց, որոնք նրա մօտ կան­գ­նած էին: Եւ երբ սրանք նրա­նից հե­ռա­նում էին, Պե­տ­րո­սը Յի­սու­սին ասաց. «Վար­դա­պե՛տ, լաւ է, որ մենք այս­տեղ ենք. երեք տա­ղա­ւար շի­նենք, մէ­կը՝ քեզ, մէ­կը՝ Մով­սէ­սի եւ մէ­կը՝ Եղի­ա­յի հա­մար»: Եւ չէր իմա­նում, թէ ինչ է խօ­սում: Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հո­վա­նի եղաւ. եւ երբ նրանք ամ­պի տակ ըն­կան, վախեցան: Ամ­պից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա է իմ ընտ­րեալ Որ­դին, նրա՛ն լսեցէք» (Ղուկ. 9:29-35)»:

Սուրբ պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ: Հայր Սուրբը եւ ներկայ հաւատացեալները աղօթք բարձրացրեցին առ Աստուած՝ օրեր առաջ, ՀՀ Տաւուշի մարզում՝ հայ-ազրպէյճանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողութիւնների ժամանակ՝ յանուն հայրենիքի եւ յանուն հայ ժողովուրդի խաղաղ եւ լուսաւոր ապագայի իրենց կեանքը զոհած հայորդիներ՝ մայոր Գարուշ Համբարձումեանի, կապիտան Սոս Էլբակեանի, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիէլեանի եւ կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսեանի հոգիների հանգստութեան եւ երկնային արքայութեանն արժանանալու համար:

Թող Երկնաւոր Տէրը Երկնքի արքայութեան հանգրուաններում երանաւէտ հանգստութիւն պարգեւի հայ ազգի արժանաւոր զաւակներին: Հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարութիւնը մեր զոհուած զինուորների սգակիր հարազատների եւ զինակից ընկերների համար: Շուտափոյթ ապաքինում ենք մաղթում սահմանին վիրաւորում ստացած մեր զինծառայողներին: Թող որ Ամենակալ Աստուած էլ աւելի զօրացնի հայ զինուորի բազկի ուժը եւ անառիկ պահի Հայաստանի եւ Արցախի սահմանները:

Ծանօթագրութիւն. Ըստ ժողովրդական սովորոյթի Վարդավառի ժամանակ ընդունուած է միմեանց վրայ ջուր ցօղել եւ աղաւնի բաց թողնել: Ջուրը խորհրդանշում է ջրհեղեղը, իսկ աղաւնին խորհրդանիշն է Նոյի աղաւնու, որ աւետիսն էր նոր կեանքի եւ աշխարհի նոր սկզբի: Վարդավառի տօնին ժողովուրդի շրջանում ընդունուած է նաեւ ծաղիկներով զարդարուելը, ինչը Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ մարդկանց մեծ ուրախութեան վկայութիւնն է:

Ինչպէս եւ տաղաւար բոլոր տօներին, այնպէս էլ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան Տօնին յաջորդում է օր մեռելոց: Եկեղեցում մատուցւում է Ս. պատարագ եւ կատարւում հոգեհանգստեան կարգ՝ ննջեցեալների հոգիների յաւիտենական հանգստի համար:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

21/07/2020, 06:57