Որոնել

Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան 

Մոսկուայի հայ կաթողիկէները նշեցին Սբ. Գրիգոր Լուսաւորչի նշխարների տօնը:

Թող Սուրբ Գրիգորը խնդրի մեզ համար հաւատքի շնորհ, հաւատքի զօրացում, կենդանի ու գործուն հաւատք

Սուրբ Գրիգոր Լուսաւորչի նշխարների գիւտի տօնը Մոսկուայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ ժողովրդապետութեան գլխաւոր տօնն է և տարեկան ուխտի օրը, քանի որ ժողովրդապետութիւնը անուանուած է ի պատիւ հայոց հաւատքի նախահօր:

Ունկնդրէ լուրը

Այս տարի ևս, ըստ սովորութեան, տօնը նշուեց կիրակի՝ յունիսի 28-ին, Մոսկուայի Անարատ Յղութեան Կաթողիկէ Մայր Տաճարում, հանդիսաւոր Սուրբ Պատարագով, որ մատուցեց Մոսկուայի հայ կաթողիկէների ժողովրդապետ, Ռուսաստանում Առաջնորդական Փոխանորդ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը, ներկայութեամբ պապական նուիրակութեան ներկայացուցիչ Գերհ. Հ. Պյոտր Տարնավսկու, Մոսկուայի լատինածէս կաթողիկէների Առաջնորդական Փոխանորդ Հ. Կիրիլ Գորբունովի, Մոսկուայի լատինածէս կաթողիկէների ժողովրդապետ Հ. Վլադիմիր Կաբակի, ֆրանցիսկյան միաբանութեան Ռուսաստանի մեծաւոր Հ. Դարիուշ Կուստոտի, Յոյն Կաթողիկէ Եկեղեցու համայնքի հովիւ Տ. Վասիլի Վայդայի, Opus Dei հասարակութեան անդամ Հ. Կառլոսի, սալեզեան միաբան Հ. Դարիուշ Հերազիմովիչի, Գթութեան քոյրերի և Սալեզեան միաբանութիւնների միանձնուհիների, Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և նրա տիկնոջ, ինչպես նաև համայնքի հավատացյալների:

Հ. Պետրոսի խնդրանքով Սուրբ Պատարագի ընթացքում ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նախ Հ. Կիրիլ Գորբունովը.

«Ձեզ հետ միասին ուրախանում եմ այն հարստութեամբ, որ դուք պահում էք ձեր համայնքում, շնորհակալութիւն Ձեզ՝ Հ. Պետրոս, որ պահում էք այդ աւանդութիւնը, այդ թւում՝ լուսաւորչութիւնը, որ Սուրբ Գրիգորը աւանդեց իր Եկեղեցուն … և ձեզ բոլորիդ ուզում եմ խնդրել, որ ձեր ընտանիքներում փայփայէք փոխադարձ սիրոյ, ծառայութեան, խոնարհութեան և գեղեցկութեան պարգևները: Արքեպս. Պավել Պեցցիի, Մոսկուայի Աստուածամօր  արքեպիսկոպոսութեան անունից խոնարհւում եմ ձեր առջև և ձեզ համար հայցում աստուածային օրհնութիւնը»:

Գերհ. Հ. Պյոտր Տարնավսկին իր խօսքում ասաց.

«Հայերը, յիրաւի, պատւում են Գրիգորին՝ որպէս Լուսաւորչի և իրենց հոր, ինչը արտայայտութիւն է Քրիստոսին և Աւետարանին հաւատարմութեան: Աշխարհն ու Եկեղեցին այսօր կարիքն ունեն այսպիսի զօրեղ վկայութեան: Շնորհակալութիւն ձեզ՝ վկայութեան համար: Թող Աստուած ամրացնի ձեզ հաւատքի մէջ»:

Տ. Վասիլին ողջունեց ներկաներին յոյն կաթողիկէ համայնքի անունից և ասաց հետևեալը.

«Մենք բիւզանդական ծէսի հետևորդներ ենք: Սբ. Գրիգոր Լուսաւորչի անունը սերտօրէն կապուած է Բիւզանդական Եկեղեցու պատմութեան հետ: Արդեն 5-րդ դարում Սուրբ Գրիգորի վարքը թարգմանուել էր յունարէն, իսկ 8-րդ դարում Փոտիուս պատրիարքի օրօք նրա անունը ներդրուեց ծիսական օրացոյցի մէջ՝ որպէս մեծ սրբի տօն՝ իր աղօթքով: Եւ Փոտիուս Պատրիարքի ժամանակ Սուրբ Սոֆայի տաճարում ստեղծուեց Սուրբ Գրիգոր Լուսաւորչի սրբապատկերը: Այսպիսի խոր յարգանքով է բիւզանդական աւանդութիւնը պատւում ձեր սրբին՝ նրա անդադրում քարոզչութեան, անքրիստոնէութեանտարածման համար՝ ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ Կովկասում: Եւ շարունակելով այդ դարաւոր աւանդոյթը՝ նրա յիշատակը մենք տօնում ենք տարեկան մի քանի անգամ: Ձեր սուրբը նաև մե՛ր սուրբ է, որովհետև մենք համաշխարհային՝ Կաթողիկէ Եկեղեցի ենք և պատւում ենք տարբեր ծէսերի սրբերին: Ես ուզում եմ ձեզ ի սրտէ շնորհաւորել այս տօնի առիթով, և թող Աստուած օրհնի՛ ձեր համայնքը: Խնդրե՛նք Սուրբ Գրիգորի յատուկ բարեխօսութիւնը՝ ձեր համայնքի, ձեր Եկեղեցու համար»:

Հ.  Վլադիմիր Կաբակն   ասաց.

«Ես շատ ուրախ եմ, որ մեր համայնքում կա աւանդութիւնների այսպիսի բազմազանութիւն, և մեր եկեղեցում այդ հարստութիւնը ներկայացուած է նաև հայկական ծէսով և եկեղեցւով, որ աղօթում է այստեղ: Սա Եկեղեցու տիեզերականութեան շունչն է, որ մենք զգում ենք: Ձեր համայնքի հովանաւորը այնպիսի աստղ է, որ ցոյց է տալիս ճանապարհը դէպի Աստուած: Թող Սուրբ Գրիգորը հովանաւորի մեր ընթացքն առ Աստուած»:

Հ. Պետրոս Եսայանն իր քարոզում անդրադարձաւ նախ Աւետարանի օրուայ հատուածին ապա՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի մասունքների պատմութեանը.

«Նախ, ցանկանում եմ ձեզ բոլորիդ սրտանց ողջունել մեր եկեղեցական գլխաւոր տօնի կապակցութեամբ, որը նուիրուած է Սուրբ Գրիգոր Լուսաւորչին… Այսօր մենք լսեցինք Աւետարանում, որ Աստուած մեզ հաւատի մշտական պահպանման կոչ է անում, որպէսզի մենք լինենք լոյս՝ ներկայիս աշխարհում: Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը լուսաւորեց, մկրտեց հայ ժողովրդի զաւակներին. այդպէս էին հասկանում առաջին քրիստոնեաները «լուսաւորել»  բառը՝ լուսաւորում հաւատքով և մկրտութեամբ: Եւ այդ մկրտութեան շնորհիւ մենք բոլորս Աստծոյ զաւակներ ենք: Հաճելի է, որ տարբեր աւանդոյթները միասնական են Ընդհանրական Եկեղեցում: Այստեղ բոլորս միասին փառաբանում ենք Աստծուն և խնդրում Սուրբ Գրիգոր Լուսաւորչի բարեխօսութիւնը, որի մասունքները չորս տարի առաջ մենք որպէս ընծայ ստացանք Նեապոլի արքեպիսկոպոսից, որտեղ գտնւում է Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Եկեղեցին, որի մէջ դրուած են սրբի գանգը և այլ մասունքներ: 8-րդ դարում, երբ Կոստանդնուպոլսում պատկերամարտութեան խռովութեան ժամանակներն էին, միանձնուհիները փրկեցին սրբի մասունքները՝ տանելով Նեապոլ: Այնտեղ հին քաղաքի կենտրոնական փողոցներից մէկում կառուցեցին մի մեծ եկեղեցի՝ նուիրուած Սուրբ Գրիգոր Լուսաւորչին: Դա մի հիանալի եկեղեցի է: Եւ ահա այդտեղից Կարդինալ Կռեշենցո Սեպեն՝ քաղաքի Արքեպիսկոպոսը, մեզ նուիրեց սրբի մասունքի որոշ մասեր: Եւ դա մեզ համար դարձաւ երկակի տօն՝ ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսաւորչի մասունքների ձեռքբերման տօնը, որը մենք տօնում ենք օրացոյցում, այլ նաև դա մեծ ձեռքբերում էր մեր համայնքի համար: Սակայն այն, ինչ Գրիգոր Լուսաւորիչը սովորեցնում է մեզ և այն, ինչ Աստուած է ասում Աւետարանում, ևս կարևոր է, որ մենք ներկայիս աշխարհում անհաւատութեան, անտարբերութեան մոխրով չծածկենք կրակը, որը Նա վառեց մեր ժողովրդի մէջ և այլ ժողովուրդների մէջ ևս՝ 3-րդ դարավերջում և 4-րդ դարասկզբում: Թող Սուրբ Գրիգորը խնդրի մեզ համար հաւատքի շնորհ, հաւատքի զօրացում, կենդանի ու գործուն հաւատք, որպէսզի, ինչպես ասացի, այս անաստուածութեան մէջ, փողի, իշխանութեան պաշտամունքի առկայութեան մէջ, ամենաթողութեան մէջ, անբարոյականութեան մէջ, անգամ սատանային թաքուն երկրպագութեան մէջ, մեր կեանքի ուղին անցնելով՝ պահպանենք հաւատը, որը մեզ է կտակել Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը: Սա՛ եմ աղօթում մեր բոլոր հաւատացեալների համար: Այսօր աւելի շատ մարդ կլիներ այստեղ հաւաքուած, սակայն համաճարակի հետ կապուած շատերը վախենում են, շատերը չեն կարող գալ և դա հասկանալի է: Դրա համար բոլոր ներկայ և բացակայ գտնուող հաւատացեալների համար մատուցում եմ այս Սուրբ Պատարագը. ամէն»:

Սուրբ Պատարագի աւարտին Հ. Պետրոսը Սուրբ Խորանի սպասաւորներ Ռուդոլֆ Մանուկյանին, Լևոն Մուրադյանին, Հովհաննես Մելքոնյանին շնորհեց Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի օրհնութեան գրերը՝ նուիրեալ և հաւատարիմ ծառայութեան համար, որ նրանք մատուցում են Մոսկուայի Անարատ Յղության Մայր Տաճարում տարիներ ի վեր և, մանաւանդ, համաճարակի սահմանափակութիւնների այս օրերին: Հ. Պետրոսը նաև երգչախմբի մեներգչուհի Եղիսաբեթին նուիրեց Մարիամ Աստուածածնի արձանիկը:

Սուրբ Պատարագից յետոյ դրսում եկեղեցու երգչախումբը երգեց «Ազգ իմ փառապանծ» երգը՝ որպէս խորհրդանշական աւարտ տօնական այդ օրուայ:

 

Տեղեկութիւնը տրամադրեց՝ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը

Պատրաստեցին՝ Տ. Հովսեփ Գալստյանը, Նաիրա Բաղդասարյանը

armenianchurchco.com

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/07/2020, 07:18