Որոնել

Vatican News
Մարդավաճառութեան դէմ պայքարի համաշխարհային օր Մարդավաճառութեան դէմ պայքարի համաշխարհային օր 

Միջազգային Քարիթասի եւ «COATNET»-ի կոչը. լինել զգօն եւ դատապարտել մարդավաճառութեան եւ շահագործման իւրաքանչիւր դէպք:

Միջազգային Քարիթասի գլխաւոր քարտուղար Ալոիսիուս Ճոնը իր խօսքում նշում է. «Քովիտ-19-ի համաճարակի այս օրերին՝ մենք դատապարտում ենք այն անհանգստացնող իրականութիւնը, որը ստեղծուել է հասարակութեան խոցելի խաւի շուրջ՝ կապուած մարդավաճառութեան օրէցօր աճող վտանգի հետ:
Ունկնդրէ լուրը

Մարդավաճառութեան դէմ պայքարի համաշխարհային օրուայ կապակցութեամբ Միջազգային Քարիթասի եւ «COATNET»*-ի կոչն է բոլոր երկրների կառավարութիւններին աւելի մեծ ջանքեր գործադրել՝ բացայայտելու մարդավաճառութեան եւ շահագործման զոհերին, որոնց թիւը՝ պայմանաւորուած Քովիտ-19-ի համաճարակով, շարունակում է աճել, ինչը տագնապալի է:

Միջազգային Քարիթասի գլխաւոր քարտուղար Ալոիսիուս Ճոնը իր խօսքում նշում է. «Քովիտ-19-ի համաճարակի այս օրերին՝ մենք դատապարտում ենք այն անհանգստացնող իրականութիւնը, որը ստեղծուել է հասարակութեան խոցելի խաւի շուրջ՝ կապուած  մարդավաճառութեան օրէցօր աճող վտանգի հետ: Ուշադրութեան կեդրոնացումը համաճարակի չէզոքացման վրայ չպէտք է խոչընդոտ հանդիսանայ, որպէսզի մենք կարողանանք հոգ տանել այն մարդկանց մասին, ովքեր աւելի խոցելի են եւ կարող են մարդավաճառութեան ու շահագործման զոհ դառնալ: Այսպիսին է այն առաքելութիւնը, որ ամբողջ աշխարհում ստանձնել են Քարիթասը եւ «COATNET»-ի անդամ կազմակերպութիւնները՝ համագործակցութեամբ քաղաքացիական հասարակութեան այլ կազմակերպութիւնների, որոնք, նոյնիսկ համաճարակի պայմաններում, մարդավաճառութեան եւ շահագործման զոհերի համար ապահովում են անհրաժեշտ սոցիալական պաշտպանութեան համակարգ եւ աջակցում նրանց դժուարին այս կացութեան մէջ՝ տրամադրելով նիւթական, բժշկական, իրաւաբանական եւ հոգեբանական օգնութիւն»:

Կաթողիկէ համադաշնութիւնը՝ 162 անդամ կազմակերպութիւններով, եւ ընդդէմ մարդավաճառութեան Քրիստոնէական ընկերակցութիւնը փաստում են, որ համաշխարհային այս համաճարակը բոլոր երկրների կառավարութիւնների ուշադրութիւնը կեդրոնացրել է առողջապահական խնդիրների լուծման վրայ: Միեւնոյն ժամանակ, բաւարար ուշադրութիւն չի յատկացւում ներկայ համաճարակային իրավիճակի հետ համընթաց քայլող այն վտանգներին, որոնք սպառնալիք են յատկապէս գաղթականների եւ ոչ օրինական սեկտորի աշխատողների համար, ովքեր այսօր՝ առաւել քան երբեւէ, կարող են դառնալ մարդավաճառութեան եւ շահագործման զոհ: Միջազգային Քարիթասի եւ «COATNET»-ի կոչն է հրատապ եւ նպատակաուղղուած միջոցներ ձեռնարկել՝ օժանդակելու ոչ օրինական սեկտորի աշխատողներին՝ այն խոցելի անձանց (փաստաթուղթ չունեցող գաղթականներին), ովքեր աշխատում են տնային սպասաւորութեան, գիւղատնտեսութեան եւ շինարարութեան ոլորտում:

Աշխատանքի Միջազգային Կազմակերպութեան (ԱՄԿ) տուեալների համաձայն, այսօր, աշխարհում աւելի քան 40 միլիոն մարդ մարդավաճառութեան եւ շահագործման զոհ է: Արդի առողջապահական ճգնաժամը աւելի է վատթարացրել արդէն իսկ տագնապային այս իրավիճակը՝ բնակութեան վայր չունենալը եւ ոչ կայուն աշխատանքը, որը պայմանաւորուած է տարբեր երկրների կառավարութիւնների կողմից ձեռնարկուած Քովիտ-19-ի համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումներով:

Մեկուսացմամբ պայմանաւորուած ազատ տեղաշարժի եւ ճամբորդելու սահմանափակումները պատճառ են հանդիսանում, որպէսզի շատ երկրներում մարդավաճառութեան զոհ դարձած անձինք աւելի քիչ հնարաւորութիւն ունենան փախուստի դիմելու եւ օգնութիւն գտնելու այնպիսի դէպքերում, երբ իրենց կամքին հակառակ յայտնուել են նման հանգամանքներում: Մարդավաճառութեան զոհերից շատերը ենթարկւում են սեռական շահագործման: Տնային սպասաւորներին սպառնում են օրէցօր աւելացող տնտեսական, ֆիզիքական եւ հոգեբանական վտանգները, քանի որ համաճարակի օրերին, նրանք լիովին մեկուսացած են հասարակութիւնից: Մերձաւոր Արեւելքի եւ Հիւսիսային Ափրիկէի Քարիթասի նախագահ Գաբրիէլ Հաթթին վկայում է այն դժուարին իրավիճակի մասին, որի մէջ են յայտնուել Լիբանանում եւ Մերձաւոր Արեւելքի այլ երկրներում ապրող եւ աշխատող ֆիլիփինցիները եւ բազմաթիւ օտարերկրացիներ, ովքեր Քովիտ-19-ի համաճարակի եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով կորցրել են աշխատանքը եւ պայքարում են հայրենիք վերադառնալու համար:

Աւելացել են նաեւ երեխաների նկատմամբ բռնութեան դէպքերը: Մեծ է վտանգը, որ տնային պայմաններում՝ համացանցի միջոցով կրթութիւն ստանալու ընթացքում, երեխաները առցանց տիրոյթում կարող են ենթարկուել շահագործման՝ յատկապէս այն ընտանիքներում, որտեղ բացակայում է ծնողական վերահսկողութիւնը:  Մեկուսացման օրերին՝ ընդամէնը 11 օրուայ ընթացքում, Հնդկաստանի իշխանութիւնները ստացել են երեխաների նկատմամբ բռնութեան 92.000 դէպքի ահազանգ: Սոցիալական ծանր կացութեան մէջ գտնուող ընտանիքների երեխաներին, շատ յաճախ, հարկադրում են փողոցներում մուրացկանութեամբ զբաղուել:

«Մարդավաճառութեան զոհերը պէտք է մշտապէս ուշադրութեան կեդրոնում լինեն: Քովիտ-19-ի համաճարակի այս օրերին Միջազգային Քարիթասի եւ «COATNET»-ի յորդորն է բոլոր երկրների կառավարութիւններին՝ զոհերի համար ապահովել արդարադատութեան եւ անհրաժեշտ պայմանների հասանելիութիւն, տրամադրել ապաստաններ եւ ուղիղ կապի միջոցներ, ինչպէս նաեւ՝ հրատապ եւ նպատակաուղղուած միջոցառումներ ձեռնարկել ոչ օրինական պայմաններում աշխատող մարդկանց աջակցելու համար: Մեր կոչն է բոլոր հաստատութիւններին եւ քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւններին՝ պաշտպանել երեխաներին ամէն տեսակ բռնութիւնից եւ շահագործումից, այդ թւում նաեւ՝ համացանցի եւ նոր հաղորդամիջոցների գործածմամբ իրականացուող: Մեր խնդրանքն է, որպէսզի միջազգային հանրութիւնը զգօնութիւն ցուցաբերի եւ դատապարտի մարդավաճառութեան եւ շահագործման իւրաքանչիւր դէպք», - խօսքը եզրափակում է Ալոիսիուս Ճոնը:

*«COATNET»-ը ընկերակցութիւն է, որին անդամակցում են 46 Քրիստոնէական կազմակերպութիւններ, որոնք ներգրաւուած են մարդավաճառութեան դէմ պայքարի գործում: Այս համաշխարհային ցանցի անդամ են հանդիսանում Քարիթասը, Կաթողիկէ Եկեղեցւոյ այլ կազմակերպութիւններ՝ Եպիսկոպոսների Համաժողովը եւ կրօնական միաբանութիւնները, ինչպէս նաեւ՝ Քրիստոնէական այլ դաւանանք ունեցող ընկերակցութիւններ: Համաշխարհային այս ցանցը հնարաւորութիւն է ընձեռում, որպէսզի անդամ կազմակերպութիւնները կարողանան գիտելիքի եւ փորձի փոխանակում իրականացնել, նաեւ՝ մշակել համատեղ գործողութիւնների եւ շահերի պաշտպանութեան ծրագրեր: www.coatnet.org  

Հրանուշ Սարգսեան

30/07/2020, 06:37