Որոնել

Յիսուսի Սուրբ Սիրտը Յիսուսի Սուրբ Սիրտը 

Յիսուսի Սուրբ Սրտից՝ խաղաղութիւն մեր սրտերին. Տէր Յովսէփ Գալստեանի մտորումները։

Յիսուսի Սուրբ Սրտին նուիրուած Յունիս ամսուայ առթիւ կը ներկայացնենք Տէր Յովսէփ Քհն. Գալստեանի՝ Յիսուսի Սուրբ սրտին նուիրած մտորումները։
Ունկնդրէ խորհրդածութիւնը

Յովհաննէսի աւետարանի 13-րդ գլխում, ոտնլուայի խորհրդաւոր տեսարանից յետոյ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է»: Աշակերտները իրար էին նայում՝ մտածելով, թէ ով է մատնիչը: Նրանք ոչ միայն կասկածում էին միմեանց, այլեւ, ներքուստ, հաւանաբար, մտածում էին, թէ գուցէ, հենց իրենք են մատնիչը: Այդ միտքը չէր կարող չտանջել աշակերտներին, որ կիսել էին Յիսուսի առաքելութիւնը, տեսել Նրա սրբութիւնը, հաւատացել Նրան, սովորել Նրանից, բայց նաեւ ներքուստ հասկանում էին, թէ որքա՛ն թոյլ են իրենք՝ առանց Յիսուսի, հասկանում էին, թէ որքա՛ն մեղաւոր են իրենք Յիսուսի առջեւ, թէ որքա՛ն փխրուն է իրենց հաւատքը եւ քաջութիւնը, նոյնիսկ, Յիսուսի ներկայութեամբ: Յիշենք՝ ինչպես էին նրանք վախեցել, երբ նաւարկում էին փոթորկուած ծովում, մինչդեռ Յիսուս իրենց հետ էր եւ քնած էր նաւակի մէջ, ինչպես Պետրոսը վախեցաւ՝ ջրի վրայ քայլելիս՝ դէպի Յիսուսը, թէ ինչպես նոյն Պետրոսը, որ պատրաստ էր իր կեանքը տալ Յիսուսի համար (Յվհ. 13, 37), երեք անգամ ուրացաւ նրան, եւ թէ ինչպես բոլոր աշակերտները թողեցին Յիսուսին եւ փախան մատնութեան գիշերը և այլ բազում դրուագներ, երբ Յիսուս նախատում էր իրենց՝ չտարբերելու համար կարևորը երկրորդականից: Նրանք հասկանում էին սեփական թուլութիւնը եւ վախենում էին դրանից, մանաւանդ, Պետրոսը, որ այնքա՛ն սիրում էր Տիրոջը եւ իրեն տանջում էր այդ միտքը, թէ մատնիչը կարող է լինել եւ ինքը: Հենց Պետրոսը նշան արեց Յովհաննէսին, «որին Յիսուսը սիրում էր եւ որը նստել էր նրա մօտ», ինչպես կարդում ենք աւետարանում, իմանալ, թէ ով է մատնիչը: Եւ Յովհաննէսը «Յիսուսի կրծքին ընկնելով՝ հարցրեց նրան. «Տէր, ո՞վ է»», Յվհ. 13, 25: Յովհաննէսն ինքն էլ տանջւում էր եւ ուզում էր այդ հարցի պատասխանը իմանալ, որովհետեւ Յիսուս սիրում էր իրեն իւրայատուկ կերպով եւ պէտք է մտածենք, որ իր ամենամեծ փափագն էր յանկարծ չվշտացնել Վարդապետին և չվիրաւորել նրա սէրը իր հանդէպ:

Եկէ՛ք աւելի հանգիստ մտածենք այս վսեմ պատկերի մասին՝ Յովհաննէսը հենուեց Յիսուսի կրծքին. այդպէս անելով՝ Յովհաննէսը նախ ուզեց օգտուել իր «արտօնեալ վիճակից» եւ իմանալ բոլորին ամենաշատ տանջող այդ հարցի պատասխանը, բայց նախևառաջ՝ իմանալ, թէ արդեօք ինքը չէ այդ մատնիչը:

Տեսէ՛ք, թէ ինչպես է ուզում իմանալ Յովհաննէսը՝ Տիրոջ կրծքին ընկնելով: Սա պարզապէս սիրոյ մի արտայայտութիւն չէ. Յովհաննէսն ինքն իրեն ամբողջովին յանձնեց Տիրոջ Սուրբ Սրտին, իր ողջ կեա՛նքը վստահեց Տիրոջ սիրոյն, Տիրոջ բարութեանը, անսահման համբերատարութեանը: Յիսուսի Սուրբ Սրտի Լիթանիայում աղօթում ենք. «Սիրտ Յիսուսի, լի բարութեամբ եւ սիրով… երկայնամիտ եւ բազումողորմ», ըստ սաղմոսի խօսքերի: Յովհաննէսն իր թոյլ, իր մեղաւոր մարդկային բնութիւնը ամբողջովին դրեց Տիրոջ կրծքին, մօտեցրեց Տիրոջ Սուրբ Սրտին, որպէսզի Տէրն օգնի նախևառաջ իրեն՝ երբեք չգնալ մատնութեան: Յովհաննէսը հասկանում էր, որ ի՛նքը կարող էր լինել առաջին մատնիչը եւ իր հարցի պատասխանը իմանալուց առաւել՝ ուզում էր նախ ինքն իրեն յանձնել Տիրոջ կամքին, Տիրոջ պաշտպանութեանը, որպէսզի այդ հարցադրման պատասխանի մէջ երբեք չլիներ իր անունը, որ Տէրը նախապէս ներելով իրեն՝ հետ պահեր իրեն այդ ահաւոր սխալը գործելուց, որ Տէրը բուժեր իր բոլոր թուլութիւնները. չէ՞ որ Տէրն ամեն ինչ գիտեր:

Մեզանից իւրաքանչիւրս սիրելի ենք Յիսուսի համար, ինչպես Յովհաննէսը: Երբ երկմտում ենք, վախենում ենք կամ խոռուած ենք, եկէ՛ք փարուենք Տիրոջ Սուրբ Սրտին, որտեղ լիառատ սփոփանք եւ խաղաղութիւն կայ բոլորիս համար:

Յիսուսի Սուրբ Սրտից խաղաղւում են մեր սրտերը.

«Թող չխռովեն ձեր սրտերը, հավատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ», Յվհ. 14, 1:

Տ. Հովսեփ Գալստյան

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/06/2020, 08:02