Որոնել

Համաճարակի այս օրերին աղօթել յանուն Քրիստոնեաների միութեան: Համաճարակի այս օրերին աղօթել յանուն Քրիստոնեաների միութեան: 

Համաճարակի այս օրերին աղօթել յանուն Քրիստոնեաների միութեան:

Բարութիւնը եւ եղբայրսիրութիւնը «հակավիրուսային լաւագոյն դեղամիջոցներ»
Ունկնդրէ լուրը

Քրիստոնեաների  միութեանը նուիրուած Աղօթքի շաբաթը նշում են Հարաւային Ամերիկայի, Ափրիկէի եւ Աւստրալիայի տարբեր երկրներում՝ Պենտեկոստէի շաբաթուայ ընթացքում: Այս տարի, ամբողջ աշխարհում տիրող համաճարակային իրավիճակը եւ մեկուսացումը արգելք հանդիսացան մի շարք եկեղեցական արարողութիւնների իրականացմանը՝ հաւատացեալ ժողովուրդի ներկայութեամբ: Այնուամենայնիւ, որոշ երկրներ՝ համակերպուելով եւ արագօրէն արձագանգելով ստեղծուած իրավիճակին, կարողացան ապահովել համացանցի միջոցով եկեղեցական արարողութիւնների ուղիղ եթերով հեռարձակումը՝ փորձելով պահպանել Եկեղեցւոյ հաւատաւոր զաւակների միասնութիւնը:

Պրազիլում Եպիսկոպոսների համաժողովի էկումենիկ (համամիութենական) յանձնաժողովը (CNBB), Քրիստոնեական Եկեղեցիների ազգային խորհուրդը (CONIC)՝ համագործակցութեամբ «Missao Somos Um»-ի (Աստուածային շնորհի եւ աւետարանական Պենտեկոստէի կաթողիկէ առաքելութիւն) եւ «ENCRISTUS»-ի (Միասնութեան եւ սրբութեան ուղիներ որոնող քրիստոնեաների համաժողով) Աղօթքի շաբաթը նշեցին՝ շեշտը դնելով Սուրբ Հոգու շնորհները միմեանց հետ կիսելու անհրաժեշտութեան վրայ, միեւնոյն ժամանակ՝ աղօթք բարձրացնելով առ Աստուած, որպէսզի վերջ դրուի այս համաճարակին:

Քրիստոնէութեան տարբեր ուղղութիւնների հետեւող Եկեղեցիների առաջնորդների կողմից տարատեսակ տեսաուղերձներ հեռասփռուեցին: Նմանօրինակ արարողութիւնների եւ աղօթքների առցանց հեռարձակումներ կազմակերպուեցին նաեւ Քոլումպիայում: «Youtube»-ում հրապարակուեց տեսանիւթ, որտեղ Կաթողիկէ, Անկլիքան, Մեթոտիստ, Լիւթերական, Յոյն Օրթոտոքս, Երիցական եւ Մեննոնիթ Եկեղեցիների առաջնորդները միասնաբար աղօթում էին Տէրունական Աղօթքը: Այս տեսանիւթը ինքնատիպ կոչ էր համայն աշխարհի քրիստոնեաներին՝ աղօթքի միութեամբ հայցել Տիրոջ ողորմածութիւնը, որպէսզի մեզ բոլորիս ազատի այս մահաբեր ախտից:

«Focolare» շարժման անդամներին յաջողուեց «Zoom» սոցիալական հարթակի միջոցով Պենտեկոստէի շաբաթ եւ կիրակի օրերին միասնական աղօթք կազմակերպել Աւստրալիայից եւ Նոր Զելանտայից աւելի քան 250 քրիստոնեաների մասնակցութեամբ:

Պերթի Անկլիքան Եկեղեցւոյ Արքեպիսկոպոս Գերյարգելի Քեյ Գոլդսուորթին, Ուելլինգթոնի Արքեպիսկոպոսութեան Ընդհանուր Փոխանորդ Գերապայծառ Ջերարդ Բըրնսը եւ Ադելաիդայի Եթովպական Օրթոտոքս Եկեղեցւոյ Արքիմանդրիտ (վանահայր) Աբբայ Յոհաննէս Քեբեդը իրենց խորհրդածութիւնները ներկայացրեցին «արտասովոր բարութիւն» եւ եղբայրսիրութիւն թեմաներով՝ դրանք համարելով «հակավիրուսային լաւագոյն դեղամիջոցները»:

Քահանայապետական Խորհուրդն իր երախտագիտութիւնն է յայտնում Քրիստոնեաների միութեանն ուղղուած շարունակական աղօթքների այս եւ նմանատիպ այլ ոգեւորիչ օրինակների նախաձեռնողներին՝ ի հեճուկս համաճարակի առաջացրած դժուարութիւնների:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/06/2020, 07:33