Որոնել

Խաչեալ Յիսուս Խաչեալ Յիսուս 

Սիրտ Յիսուսի՝ աղբիւր կենաց եւ սրբութեան… ի խոր խոցեալ տիգաւ: Տէր Յովսէփ Քհն. Գալստեանի մտորումները (Գ)։

«Ո՜վ Յիսուս, Աղբիւր ջրոյ կենդանւոյ, առ Քեզ ծարաւիմ, Քեզ փափաքիմ, Քեզ տռփամ, տու՜ր իմ ծարաւեալ ոգւոյս զՔեզ զովացումն: Ծարաւիմ ըմպել ի կրկին վտակաց կողիդ, որով եւ արբեալ սիրով զմայլիմ», Սբ. Ներսէս Լաբրոնացի
Ունկնդրէ լուրը

Տիրոջ Սուրբ Սիրտը «կենաց աղբիւր» է, ըստ Լիթանիայի բառերի, յաւէրժահոս աղբիւր, որտեղից բխող ջուրը աստուածային սիրոյ և ողորմութեան հեղումն է՝ աշխարհի վրայ: Յովհաննէսի աւետարանի 7-րդ գլխում կարդում ենք, որ Տաղաւարահարաց տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր և աղաղակում էր. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ և խմի», (Յվհ. 7, 37): Սամարացի կնոջ հետ զրուցելիս՝ ջրհորի մօտ, Յիսուս ևս խօսում է այն ջրի մասին, որ Ինքն է տալիս. «…ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի: Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կդառնայ բխող ջրի աղբիւր՝ յաւիտենական կեանքի համար» (Յվհ. 4, 13-14): Յիսուս այս ասում էր այն տօնի ժամանակ, երբ հրեաները յիշում էին Եգիպտոսի գերութիւնից յետոյ իրենց անապատային տարիները: Եւ այդ տարիներին էր, որ Մովսէսն աղօթեց Տիրոջը, ձեռքի գաւազանով հարուածեց ժայռին, և ջուր բխեց (Թվ. 20, 7-13): Յիսուս՝ խօսելով իր մասին՝ որպէս ջրի աղբիւրի, ինքն իրեն բացայայտում է որպէս ճշմարիտ ժայռ, որից բխում է դէպի յաւիտենական կեանք տանող ջուրը: Եւ այդ ջուրը Տիրոջ Սուրբ Սրտից հեղւում է իւրաքանչիւրիս սրտի մէջ, ով նրան մօտենում է՝ դարձի եկած այն սամարացի կնոջ խօսքերը սրտում պահած և որպէս աղօթք՝ իր շուրթերի վրայ. «Տէ՛ր, տու՛ր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ» (Յվհ. 4, 15): Յիսուս Իր Սրտում կատարում է մարգարէութիւնները. «Դուք ուրախութեամբ ջուր կվերցնէք Փրկչի աղբիւրից», Ես. 12, 3, «և Գառը … կհովուի նրանց ու կառաջնորդի նրանց դէպի կեանքի աղբիւրը», Յայտն. 7, 17, «Հրեշտակն ինձ ցոյց տուեց նաև բիւրեղի պէս մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծոյ և Գառան գահից, այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով…», Յայտն. 22, 1:

 Տիրոջ Սուրբ Սրտից բխող կենդանի ջրի ամենակատարեալ պատկերն աւետարանում, թերևս, Յովհաննէսի մօտ նկարագրուող խաչելութեան դրուագն է, երբ զինուորը տէգով խոցեց խաչեալ Յիսուսի կողը, և «իսկոյն արիւն և ջուր ելաւ» (Յվհ. 19, 34): Եկեղեցու հայրերի համար Յիսուսի տէգով ծակուած կողից հոսող ջուրը և արիւնը Նրա Սուրբ Սրտից առատօրէն հոսող սիրոյ բխումն է, որից սկիզբ է առնում և սնւում, լիառատ ողողւում Տիրոջ Սուրբ Եկեղեցին՝ Քրիստոսի խորհրդաւոր Մարմինը: Յիսուսը խաչուեց, որից յետոյ՛ միայն Իր Սիրտը առատօրէն բացեց՝ որպէս կենդանի և անսպառ ջրի աղբիւր՝ ամբողջ աշխարհի համար, ըստ աւետարանիչի խօսքերի. «Ով ինձ հաւատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս խօսքերն ասում էր Հոգու մասին, որն ընդունելու էին Իրեն հաւատացողները, քանի որ Հոգին դեռևս չունէին, որովհետև Յիսուսը դեռ փառաւորուած չէր» (Յվհ. 7, 38-39): Յիսուսի փառաւորու՛մը եղաւ Իր խաչելութեան ժամը, որի լրումն էր, կարծես, զինուորի տէգով կողի խոցուելը, որտեղից Իր Հոգին՝ ջրի և արեան տեսքով, հոսեց ու ողողեց իր առաքեալներին և բոլոր Իրեն հաւատացողներին: Այս պատկերը նաև եղաւ բացատրութիւնը Կանայի հարսանիքի հրաշքի, երբ Յիսուս դաշտակների ջուրը գինի դարձրեց՝ ի կանխանշումն իր կողից հեղուելիք ջրի և արեան, Սուրբ Հոգու հեղման, որ լիուլի լցնում է բոլոր հաւատացեալների հոգիներն ու սրտերը, ինչպես ընտիր գինին արբեցրեց Կանայի հարսանքաւորներին: Ուրեմն, Տիրոջ տիգախոց Սիրտը դարձաւ ակունքը՝ Սուրբ Հոգու հեղման, որ Ամենասուրբ Երրորդութեան մէջ յաւիտենապէս գոյութիւն ունեցող Սէրն է, ըստ առաքեալի խօսքի. «Աստուած սէր է» (Ա Հվհ. 4, 16), որը լցւում է մեր մէջ. «Աստծոյ սէրը լցւում է մեր սրտերում՝ Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ» (Հռմ. 5, 5):

 Սուրբ Երրորդութեան յաւիտենական  սիրով, որ բխում է Յիսուսի Սուրբ Սրտից և Հոգով լցւում մեր մէջ, մենք կայանում ենք որպէս Տիրոջ մէկ ընտանիք, մեր խորհրդաւոր Մարմին, որտեղ կոչուած ենք արտացոլելու Սուրբ Երրորդութիւնը՝ որպէս սիրոյ ամենակատարեալ համայնք: Սա՛ է տանում դէպի սրբութիւն՝ Աստծոյ սէրը, սա՛ է մեր սրտերը ձգում դէպի աստուածային Սուրբ Սիրտը, ըստ Իր խօսքի՝ «երբ բարձրանամ երկրից, բոլորին կձգեմ դէպի ինձ»: Յիսուս իր Խաչի վրայից մեզ ձգում է դէպի Իր տիգախոց Սիրտը և տալիս է  ու սովորեցնում ի սպառ սեր, որ սրբացնում է մարդուն, ինչպես Յիսուս Ինքն Իրեն սրբացրեց մեզ համար. «Եւ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպէսզի նրանք էլ սրբացուեն ճշմարտութեամբ», Յվհ. 17, 19: Յիսուս Հօր աջ կողմում է և մեզ բոլորիս ձգում է դէպի Երկինք՝ ճշմարտութեան Հոգով, որ առաջնորդում է մեզ դէպի սրբութիւն:

Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/06/2020, 07:39