Որոնել

Vatican News
Տէր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյան Տէր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյան 

Նոր կիրակին նոր գարուն է քրիստոնեայի կեանքում. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյան

Սիրելինե՛ր, այս Նոր Կիրակին, որ ընդունում և ապրում ենք՝ ցանկանում եմ, որ մի նոր գարուն և մի նոր ծաղկունք արթնանայ իւրաքանչիւրիս սրտի և հոգու մէջ։

Քրիստոս  Յարեաւ  ի մեռելոց Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի

Սիրելի՛ հաւատաւոր ժողովուրդ,

Այսօր մեր Սուրբ Եկեղեցու մէջ բոլորս միասին նշում ենք մի Նոր Կիրակի: Կիրակի, որն իր գարնանային զարթօնքը բերեց համայն մարդկութեանը: Ինչո՞ւ, որովհետև մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութիւնից յետոյ, երբ մարդկանց սրտերը դեռևս թարմ էին Նրա Յարութեան առջև, մեր Տէր Յիսուս Քրիստոսը յայտնւում է իր աշակերտներին: Թովմաս կոչուած առաքեալը, ով չհաւատաց այն լուրին, թէ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»՝ յայտարարում է. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ մատներս մեխերի տեղում չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ» (Յովհ. 20:25):  Յիսուս գալիս և կանգնում է իր աշակերտների մէջտեղում ու ասում. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում. տեսէք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքը ես եմ. շօշափեցէք ինձ եւ տեսէք, քանզի ոգին մարմին ու ոսկոր չունի. ինչպէս տեսնում էք, ես ունեմ» (Ղուկ. 24:38-39): Թովմասն իր այդ անհաւատութիւնը փորձելուց յետոյ խոստովանում է, թէ, իսկապէս, մեր Տէրը Յարութիւն առաւ:

Մի Նոր Կիրակի է, որովհետև Քրիստոսի Յարութիւնից յետոյ կարծես թէ ողջ Երուսաղեմի մէջ մի նոր զարթօնք տեղի ունեցաւ, զարթօնք, որ շատ հաւատացեալների բերեց դէպի Քրիստոս: Եւ, այն վախկոտ առաքեալները, որոնք հեռու էին վանում Քրիստոսին իրենցից, երբ Նրան բռնել էին, այսօր այդ նոյն առաքեալները խոստովանում և յայտարարում էին, թէ, իսկապէս, Քրիստոս Յարութիւն առաւ և Քրիստոսի անունով բազում հրաշքներ էին կատարում Երուսաղեմում:

Սիրելինե՛ր, ինչպէս նկատեցիք, այսօրեայ աւետարանական ընթերցուածում յիշեցինք Յովհաննէս աւետարանիչի գրքի առաջին գլխի ամենագեղեցիկ տողերից մէկը. «Եւ բանը մարմին եղաւ եւ բնակուեց մեր մէջ»,- իսկապէս, մարդու մտքի համար անհասանելի մի իրավիճակ է, թէ ինչպես կարող է Աստուած՝ Արարիչը աշխարհի, գալ աշխարհ, մարմին առնել և մեզ նման սովորական մարդու կերպարանքով ապրել մարդկանց հետ կողք-կողքի, թախծելով և ուրախանալով մարդու հետ, վշտանալով, որ իր Հոր տունը՝ Տաճարը, գողերի և աւազակների որջ են դարձրել:

Մարդկային մտքին անհասկանալի է նաև այն, թե ինչպես կարող է Քրիստոս մարդկութեան կատարած բոլոր չարիքների մեղքը իր վրայ վերցնելով բարձրանալ դէպի Գողգոթա՝ խաչուել, թաղուել և յարութիւն առնել:

Ինչպիսի՜ մեծ սեր և ինչպիսի կարողութիւն է պէտք, որպէսզի մարդը կարողանայ դիմակայել այդ ամենին և իր կեանքը տալ յանուն իւրայինների փրկութեան: Աստուած այնքա՜ն շատ սիրեց մարդուն, որ Իր Որդուն տուեց մեր հոգիների փրկութեան համար: Աւետարանի մէջ նաև կարդում ենք, թե կար մի մարդ՝ ուղարկուած Նրա առջևից:

Պէտք է ասեմ, որ Յինանց շրջանի մէջ թերևս միակ դէպքն է, որ յիշատակում ենք սրբերից որևէ մեկին: Երեկ, շաբաթ օրը, Յովհաննէս Մկրտիչի գլխատման օրն էր և մենք յիշատակեցինք նրան, ով, ինչպես նշւում է Աւետարանում, պիտի քայլի Քրիստոսի առջևից եւ յայտարարի. «Ահա՛, սա է Նա, որ գալու է աշխարհ և, որ բառնալու է ամբողջ մարդկութեան մեղքերը»: Այդ մարդը՝ Յովհաննէս Մկրտիչը, լոյսը չէր, այլ՝ վկան այն լոյսի, որ մկրտութեան պահին ճառագելու էր Յորդանան գետից և լցուելու համայն մարդկութեան սրտի մէջ:

Շատ յաճախ, մենք մտաբերում և յիշում ենք, թէ ինչպես Աստուած այդ նոյն Յորդանան գետի մէջ Իր Որդուն յանձնեց մարդկութեանը ասելով․ «Եւ մինչ նա խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, նրա՛ն լսեցէք» (Մատթ․ 17:5)։  Արդեօ՞ք մենք՝ մարդիկս, լսում ենք Յիսուս Քրիստոսի ձայնը, Նրա կանչը, և արդեօ՞ք մենք այն իւրայիններն ենք, որ պիտի ընդունէինք Յիսուս Քրիստոսին, որովհետև Սուրբ Յովհաննէսն ասում է․ «Նա եկաւ իւրայինների մօտ, բայց իւրայինները նրան չընդունեցին» (Յվհ․ 1:11)։

Հիմա էլ Յիսուս Քրիստոս մեր մէջ է, մեզ հետ է, բայց արդեօ՞ք մենք ընդունում և առաջնորդւում ենք Նրա խորհուրդներով և պատգամներով։  Քրիստոսի այն կանչը, որն ասում է․ «Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածնե՛րդ ու բեռնաւորուածնե՛րդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ: Իմ լուծը ձեզ վրա՛յ վերցրէք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ բեռս՝ թեթեւ» (Մտթ. 11։ 28, 29): Քրիստոս իր մօտ է կանչում բոլոր վշտացեալներին, նեղութեան մէջ գտնուողներին, քանզի Նրանից բխող կեանքի աղբիւրից խմելով պիտի յագենան և պիտի կարողանան ապրել այս կեանքի ամեն մի դժուարութիւն։

Քրիստոս մեր բոլորի փրկութիւնն է։ Մենք, որ խոստովանում ենք, թէ քրիստոնեայ ենք,  Քրիստոսին հետևող մարդիկ՝ պիտի քայլենք Յիսուսի նախանշած ճանապարհով, քանզի Նրա նախանշած ճանապարհը իւրաքանչիւրիս Հոգու փրկութիւնն է։

Եւ այսօր, այս Նոր Կիրակիի մէջ, թո՛ղ մի նոր լոյս ճառագի մեր սրտերի և հոգիների մէջ։ Յիսուս Քրիստոս իր Հրաշափառ Յարութեամբ, առաքեալներն իրենց հաւատարմութեամբ և կատարած բոլոր գործողութիւններով մեզ տալիս են հետևեալ պատգամը. քայլել Նրա հետ, լինել Նրա կողքին, ապրեցնել Նրան մեր մէջ, և մենք էլ ապրենք Նրա մէջ։ Այսպէս է Քրիստոսի Յարութեան ճշմարտութիւնը յայտնի դառնում մեզ։

Սիրելինե՛ր, այս Նոր Կիրակին, որ ընդունում և ապրում ենք՝ ցանկանում եմ, որ մի նոր գարուն և մի նոր ծաղկունք արթնանայ իւրաքանչիւրիս սրտի և հոգու մէջ։ Եւ յիշե՛նք, որ Աստուած միշտ մեր Եկեղեցու մէջ է, Սուրբ Հոգին գործում է մեր Եկեղեցու մէջ, որովհետև մենք բոլորս կարիքն ունենք Սուրբ Հոգու ներգործութեան և աստուածային սիրոյ, որ Աստուած հաճեցաւ շնորհել մեզ իր Որդու միջոցով։

Տէր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյան՝ 

Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ  Առաջնորդանիստ Եկեղեցու ժողովրդապետ 

19.04.2020

19/04/2020, 20:03