Որոնել

Vatican News
Յարուցեալ Քրիստոսի սրբապատկեր Յարուցեալ Քրիստոսի սրբապատկեր 

«Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ»։Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան։

«Ինչո՞ւ ողջին մեռեալների մէջ էք փնտրում: Այս տեղ չէ, այլ յարութիւն առաւ»: (Ղուկ. 24:5-6)

«…Խաչեալը յարութիւն առաւ եւ Իր հետ յարութիւն տուեց մարդկութեանը»։ Ներսէս Լամբրոնացի

11 ապրիլի, 2020 թուական: Աւագ Շաբաթ: Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցւոյ մէջ Երեկոյեան Ժամերգութիւն եւ Սուրբ Յարութեան Ճրագալոյցի Պատարագ մատուցուեց ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, առընթերակայութեամբ Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանի եւ Տէր Սահակ Քհնյ. Աղէկեանի:

«Ինչո՞ւ ողջին մեռեալների մէջ էք փնտրում: Այս տեղ չէ, այլ յարութիւն առաւ»: (Ղուկ. 24:5-6)

Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,

Աւետարանիչներն այսպէս են նկարագրում Յիսուսի Հրաշափառ Յարութիւնը.
Կիրակի օրը, առաւօտեան վաղ, Մարիամ Մագդաղենացին, Յակոբոսի մայր Մարիա-մը եւ Սաղոմէն խնկի պատրաստութիւն են տեսնում, որպէսզի գնան եւ օծեն Տիրոջ մարմինը, սակայն գերեզմանի քարը գլորած են գտնում: Այնտեղ չէր նաեւ Տէր Յիսուսի մարմինը: Նրանց է յայտնւում լուսաւոր զգեստներ հագած Տիրոջ հրեշտակը եւ հարցնում. «Ինչո՞ւ ողջին մեռեալների մէջ էք փնտրում: Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ» (Ղուկ. 24:5-6), ապա՝ յիշեցնում Գալիլիայում Տիրոջ ասած խօսքերն այն մասին, որ Մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը պէտք է մատնուի, խաչուի, սակայն երրորդ օրը յարութիւն առնի մեռելներից: Այնուհետեւ, հրեշտակը կանանց պատուիրում է աշակերտներին եւ Պետրոսին պատմել, թէ ինչ են տեսել եւ լուր տալ, որ Քրիստոս գնում է Գալիլիա, որտեղ եւ կը հանդիպի նրանց հետ: Ուրախութիւնը մեծ էր, ուստի փութացին աշակերտների մօտ՝ մեծագոյն աւետիսը տալու եւ վկայելու Տիրոջ յարութիւնը: Կանայք վերադառնում են եւ պատմում տասնմէկին եւ միւսներին այն ամէնը, ինչ տեսել էին, սակայն նրանց խօսքերը սկզբում բարբաջանք են թւում: Աշակերտները գերեզման հասնելով գտնում են միայն կտաւները եւ վարշամակը, որ Նրա գլխին էր, բայց, որը միւս կտաւների հետ չէր, այլ առանձին ծալուած եւ մի կողմ էր դրուած: Այդ պահին աշակերտները չէին գիտակցում իրողութիւնը, զարմացած էին, քանի որ դեռ չէին հասկացել գրուածքը, թէ Քրիստոս մեռելներից պէտք է յարութիւն առնի:

Քրիստոսի Հրաշափառ Յարութիւնից յետոյ, այսօր, մենք բոլորս մեր հոգու աչքերով ենք տեսնում Աստուածորդւոյ թափուր գերեզմանը: Այսօր, մենք յարութեան կենարար շունչով վերստին նորոգում ենք մեր հաւատքը եւ նոր ուղի հարթում կեանքում, քանզի Սուրբ Յարութեան տօնը վերանորոգ հրաւէր է ընտրելու մաքրագործման ուղին, հաւատարիմ մնալով մեզ համար իր կեանքը զոհած Քրիստոսին:

Քրիստոս՝ մեր Զատիկը, ինչպէս Պօղոս առաքեալն է կոչում Յիսուսին, մորթուեց վասն մարդկութեան փրկութեան. «Մաքրեցէ՛ք, դէ՛ն նետեցէք հին խմորը, որպէսզի նոր զանգուած լինէք՝ առանց թթխմորի. քանզի Քրիստոս՝ մեր Զատիկը, մորթուեց: Ուրեմն, տօն կատարենք ոչ թէ հին խմորով եւ չարութեան ու անզգամութեան խմորով, այլ՝ ստուգութեան եւ ճշմարտութեան ան թթխմոր հացով» (Ա Կորնթ. 5:7-8):

Այսպիսով, Քրիստոսի փառահեղ Յարութեան ճշմարտութիւնը դարձաւ Քրիստոնէական վարդապետութեան հիմնաքարը: Պօղոս առաքեալը Կորնթացիներին ուղղուած իր առաջին թուղթի մէջ այսպէս է ասում. «Եթէ մեռելների յարութիւն չկայ, ուրեմն Քրիստոս յարութիւն չի առել: Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Քրիստոս իր Յարութեամբ յաղթեց մահը, ուստի Յարութեան յաղթանակի այս պատգամով տոգորուած եւ առաջնորդուելով Քրիստոսի Հրաշափառ Յարութեան լոյսով՝ մենք եւս հրաւիրուած ենք յաղթահարելու մեզ տրուած փորձութիւնները եւ կեանքի մարտահրաւէրները:

Հայոց Եկեղեցին տարուայ մէջ երկու անգամ է երեկոյեան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդեան եւ Սուրբ Զատիկի ճրագալոյցներին: Ուստի այսօր եւս, Սուրբ Պատարագի աւարտին, տեղի ունեցաւ մոմերի օրհնութեան կարգ եւ ճրագալոյց: Ըստ աւանդութեան, Ճրագալոյցի Պատարագի աւարտին հաւատացեալները եկեղեցւոյ կանթեղներից մոմ կամ ճրագ են լուցանում եւ այսպիսով՝ աստուածային լոյսը եւ Եկեղեցւոյ օրհնութիւնը տանում իրենց տները: Քորոնա ժահրի համավարակով պայմանաւորուած գործող արտակարգ իրավիճակի այս օրերին, սիրելի՛ հաւատաւոր ժողովուրդ, դուք հնարաւորութիւնը չունեցաք այս տարի եւս ձեր տները լուսաւորելու Տիրոջ լոյսով, սակայն չպէտք է մոռանանք, որ անկախ ստեղծուած իրավիճակից Տիրոջ լոյսը ամէն օր եւ ամէն ժամ պէտք է վառ պահենք, նախ եւ առաջ, մեր սրտերում եւ հոգիներում: Սիրելինե՛ր, երբեք չսասանուէք ձեր հաւատքի մէջ եւ վստահ եղէք, որ աստուածային օրհնութեան այս լոյսը մշտապէս, մեր կեանքի բոլոր օրերին ուղեկցում եւ լուսաւորում է մեր միտքն ու ուղին:
Այսօր, երբ համայն աշխարհն առերեսւում է «անտեսանելի» այս չարիքի՝ Քորոնա ժահր կոչուող այս համաճարակի հետ, երբ մարդիկ այդքան մօտ են զգում մահուան շունչը՝ վերստին դառնում են դէպի Յարուցեալ Քրիստոսի լոյսը: Մենք եւս չենք դադարում մեր աղօթքները բարձրացնել առ Ամենակալ Տէր աշխարհի տարբեր ծագերում այս համաճարակից մահացած մեր քոյրերի եւ եղբայրների հոգիների հանգստութեան համար: Յարուցեալ Տիրոջ օգնութիւնն ենք հայցում այս ախտով տառապողների շուտափոյթ ապաքինման, ինչպէս նաեւ այդ հիւանդութեան դէմ աշխարհի բոլոր կողմերում իրենց անձը մոռացած եւ անդուլ պայքար մղող բժիշկների առողջութեան, անսասան հաւատքի եւ ոգու ամրութեան համար:

Քրիստոս իր աշակերտներին յորդորեց եւ այսօր էլ յորդորում է մեզանից իւրաքանչիւրին. «Գնացէ՛ք, ուրեմն, աշակե՛րտ դարձրէք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա, ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. 28:19-20):

Ի սրտէ շնորհաւորում եմ աշխարհասփիւռ հայութեանը՝ մաղթելով, որ Սուրբ Յարութեան յոյսով վերանորոգուած եւ երախտապարտ հոգիով մեր կեանքի եւ մեր սրտերի մէջ ընդունենք Յարուցեալ Քրիստոսին:

Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի

Առ ի գիտութիւն՝ Զատկի տօնին սովորաբար ձու են ներկում (կարմիր), որը խորհրդանշում է յարութեան եւ նոր կեանքի սկիզբը, իսկ կարմիր գոյնը՝ խաչեալ Յիսուսի արիւնը, որ թափուեց վասն մարդկութեան փրկութեան: Զատկի սեղանին լինում են նաեւ եփած ձուկ, չամիչով փլաւ եւ գինի։ Չամիչով փլաւը մեկնաբանւում է որպէս ողջ մարդկութեան խորհրդանիշ, որտեղ չամիչը հաւատացեալներն են, իսկ գինին՝ Յիսուսի արիւնը։

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,
Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

12/04/2020, 12:54