Որոնել

Vatican News
Գերյարգելի Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան Գերյարգելի Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան 

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՈՒԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՈՒԵԼ…

Գերյարգելի Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի Խորհրդածութիւնը Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի կապակցութեամբ:

«Ո՛վ մարդկային արդարութիւն, թող որ թքնեմ քու ճակատիդ»: Սիամանթօ

Ուրբաթ, 24 ապրիլի 2020 թուական: Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցւոյ մէջ, ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, առընթերակայութեամբ Արժ. Տէր Նարեկ Քհնյ. Թադեւոսեանի եւ Արժ. Տէր Սահակ Քհնյ. Աղէկեանի, մասնակցութեամբ Գիւմրու Հայ Կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանի:

Այսօր, 2020 թուականի ապրիլի 24-ին՝ եղեռնագործութիւնից 105 տարի անց, վերստին ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանութեան զոհերի անմար յիշատակը եւ յարգանքի տուրք մատուցում մեր բոլոր նահատակներին: 105 տարի առաջ, զրկելով հայրենիքից, ջանալով երկրի երեսից ջնջել հայկական ինքնութեան եւ պատկանելիութեան հոգեւոր եւ մշակութային ժառանգութիւնը, ինչպէս նաեւ ֆիզիքական բնաջնջման միջոցով ոսոխը փորձեց սպաննել նաեւ հայ ժողովրդի հոգին: Այն սատանայական միտքը, որ ծրագրում էր այս ոճիրը, արիւնաթաթախ ձեռքերը, որոնք իրագործում էին այն եւ ատելութեամբ ու չարութեամբ լցուած աչքերը ունակ չէին ո՛չ զգալու, եւ ո՛չ էլ տեսնելու աստուածային շնորհը, որ տրուած էր հայ ժողովրդին: Ժողովուրդ, ում հաւատքը Տիրոջ հանդէպ անսասան է, ով վերապրելու, Փիւնիկի պէս մոխիրներից վեր յառնելու, սեփական հայրենիքը վերակերտելու աննկուն կամք ունի: Ոճրագործը կարող է սպաննել նրա մարմինը, բայց ոչ երբեք հոգին, քանզի այն ոչ միայն անմահ է, այլ՝ «Հո­գին է կենդանարար» (Յովհ. 6:64):

Դարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկուել է հրոսակների եւ կեղեքիչների հարստահարումներին եւ բռնութիւններին, սակայն չի դադարել մաքառել ու ընդվզել, միշտ անխախտ է մնացել Տիրոջ նկատմամբ նրա անսահման հաւատքը, ուստի, կարողացել է նորից ոտքի կանգնել, հաստատակամօրէն քայլել Աստծոյ նախանշած ուղով՝ պահպանելով ստեղծագործ միտքը եւ արարող մարդու դիմագիծը:

Մինչ Առաջին Համաշխարհային Պատերազմը, Օսմանեան Կայսրութիւնում ապրում էր աւելի քան երկու միլիոն հայ: Շուրջ մէկ ու կէս միլիոն հայ գազանաբար սպաննուեց, իսկ միւսները բռնի կերպով դաւանափոխ եղան կամ խոշտանգումներով տեղահանուեցին իրենց հայրենի բնօրրանից, հարիւրաւոր քաղաքներ եւ գիւղեր աւերուեցին ու հրի մատնուեցին: 1915 թուականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում իրականացուեցին հայ մտաւորականութեան ձերբակալութիւնները եւ սպանդը:

Մարդկութեան դէմ գործած այս սահմռկեցուցիչ ոճրագործութեան միջազգային ճանաչումը կարեւոր քայլ է ոչ միայն աշխարհասփիւռ հայ ժողովրդի, այլեւ աշխարհի բոլոր ազգերի ու ժողովուրդների համար, քանզի անպատժելիութիւնը ծնում է նոր չարիք:

Ցեղասպանութեան ժխտումը նշանակում է երկրորդ անգամ սպաննել նոյն ազգին, միայն թէ այս անգամ՝ լռութեամբ եւ պատմութիւնը մոռացութեան մատնելով: Թէ՛ պետական մարմինների, թէ՛ Եկեղեցական կառոյցների պարտականութիւնն է պաշտպանել հայոց դատը, ապագայ սերունդներին փոխանցել Հայ Եկեղեցու բազմադարեայ հարուստ մշակոյթը, պահպանել հայոց լեզուն եւ հայ ինքնութիւնը: Իսկ մենք՝ որպէս Հայոց Ցեղասպանութեան վերապրողների ժառանգներ, մեր պարտքն է հաւատարիմ մնալ հայ ազգային ինքնութեանն ու պատկանելիութեանը, հոգեւոր եւ մշակութային արժէքներին, չդադարել պայքարել ժխտողականութեան դէմ՝ յանուն արդարութեան վերականգնման եւ մեր նախնեաց հոգիների հանգստութեան: Ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշը ասում էր. «Ազգը առանց յիշողութեան, ազգ է առանց ապագայի»: Ժամանակն անցնում է, յիշողութիւնը՝ մնում:

Նոյնիսկ այսօր՝ առաջադէմ հասարակութիւն եւ զարգացած քաղաքակրթութիւն ունեցող 21-րդ դարում, ցեղասպան Թուրքիան շարունակում է նորանոր դաւեր նիւթել եւ մերժողական քաղաքականութիւն վարել՝ ժխտելով պատմական իրողութիւնը: Անգամ մեր օրերում, թաքնուելով տարբեր ահաբեկչական խմբաւորումների ետեւում, Թուրքիան շարունակում է նոր կոտորածներ եւ աւերածութիւններ կազմակերպել, ռազմական գործողութիւններ իրականացնել տարբեր երկրներում՝ խախտելով նրանց ազգային ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան պահպանման իրաւունքը: Եւ, ցաւօք սրտի, կրկին ու կրկին մնում է անպատիժ, թէեւ նրա իրականացրած բոլոր գործողութիւնները կատարւում են ի ցոյց աշխարհի: Անպատժելիութիւնը ծնում է նոր չարիք, բայց այդպէս կը լինի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան ուղղակի, թէ անուղղակի կերպով՝ տնտեսական կամ ռազմական օգնութեան քօղի տակ, կարողանում է գործի դնել իր ազդեցութեան լծակները եւ ձեռք բերել նոր «դաշնակիցներ» իր մարդատեաց քաղաքականութիւնն առաջ տանելու համար:

Որքա՞ն ուժգին կարող է լինել մարդկային ատելութիւնը: Ինչպէ՞ս կարող է մարդ արարածն այդքան խորշել իր նմանից: Ինչպէ՞ս կարող է ազգային կամ կրօնական պատկանելիութիւնը խտրական վերաբերմունքի պատճառ լինել: Եւ, ի վերջոյ, ինչպիսին էլ լինի մարդու ատելութիւնը մէկ այլ մարդու նկատմամբ, մի՞թէ կարող է որեւէ արդարացում լինել այն ոճրագործին, ով մի ողջ ազգի բնաջնջման նպատակով կազմել եւ գործի է դրել մի հրէշաւոր ծրագիր: Ի հարկէ, ո՛չ: Ո՛չ մարդկային, եւ ո՛չ էլ աստուածային օրէնքները թոյլ չեն տալիս մարդկանց կեանքեր խլել: Ոչ ոք իրաւունք չունի զրկելու մարդուն կեանքից՝ այն շնորհից, որ Աստուած է պարգեւել, իսկ Տէրը մարդկանց եւ ազգերի միջեւ խտրութիւն չի դնում, Աստուած սէր է, «քա­նի որ նա իր արեգա­կը ծա­գեց­նում է չա­րե­րի ու բա­րի­նե­րի վրայ եւ ան­ձ­րեւ է թա­փում ար­դար­նե­րի ու մե­ղա­ւոր­նե­րի վրայ» (Մատթ. 5:45): Մարդիկ են երկրի աղը եւ աշխարհի լոյսը:

Թուրքիայի գործող վարչակարգի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կարող է լուրջ հետեւանքների յանգեցնել: Այն ենթադրում է ինչպէս տարածքային, նիւթական, այնպէս էլ ֆինանսական փոխհատուցում: Ի յաւելումն այդ ամէնի՝ հայերը քրիստոնեայ են, իսկ նրանց իրաւունքների ընդունումը եւ պատմական իրողութեան ճանաչումը թուրքական իշխանութեան համար կարող է թուլութեան նշան դիտուել: Այնուամենայնիւ, վաղ թէ ուշ, միջազգային հանրութեան եւ Թուրքիայի առաջադէմ հասարակութեան ճնշումների ներքոյ թուրքական իշխանութիւնը ստիպուած կը լինի հրաժարուել իր մերժողական դիրքորոշումից եւ Հայոց Ցեղասպանութեան ընդունումը իրողութիւն կը դառնայ:

Մենք՝ լինելով սերունդը ցեղասպանութիւնը վերապրողների, եւ ոչ հեռաւոր ապագայում նաեւ մեր նոր սերունդները, կը կարողանանք արդեօ՞ք ձերբազատուել զոհի հոգեբանութիւնից, հայեացք ուղղել դէպի ապագայ եւ վստահ քայլերով ընթանալ նոր կեանքի ճանապարհով… ժամանակը ցոյց կը տայ, սակայն երբեք չպէտք է մոռանանք, որ կեանքի բոլոր ճանապարհներին մեր ուղեկիցը կը լինի Քրիստոս՝ մեր ընկերն ու բարեկամը եւ իր Հրաշափառ Յարութեան լոյսով կը լուսաւորի մեր միտքն ու հոգին:

Երբեք չպէտք է մոռանանք աւետարանական այն ճշմարտութիւնը, որ սէրը աստուածային շնորհ է, ուստի, սէրը մերձաւորի, Եկեղեցու եւ Հայրենիքի նկատմամբ ամենավեհ զգացմունքն է, որ կարող է ունենալ մարդը:

Հայոց Ցեղասպանութեան յիշատակութեան օրը ոչ միայն խնկարկումի, այլեւ Յարութեան օր է: Այս եղեռնագործութեանը զոհ դարձած բոլոր մարդիկ անցան Խաչի եւ Յարութեան ճանապարհը՝ միանալով արդարների երամին: Եւ, ինչպէս Աւետարանում է ասւում. «Ճշ­մա­րիտ, ճշ­մա­րիտ եմ ասում ձեզ. եթէ ցո­րե­նի հա­տի­կը հո­ղի մէջ ըն­կ­նե­լով չմեռ­նի, միայն ին­քը կմնայ, իսկ եթէ մեռ­նի, բա­զում ար­դիւնք կտայ: Ով սի­րում է իր ան­ձը, կկորցնի այն, իսկ ով այս աշ­խար­հում իր ան­ձն ատում է, այն կպա­հի յա­ւի­տե­նա­կան կեան­քի հա­մար» (Յովհ. 12:24-25): Նահատակներից իւրաքանչիւրը նման է այս ցորենի հատիկին, որն ընկնելով հողի մէջ պէտք է նորից ծլարձակի եւ բազում արդիւնք տայ:

Ապրիլը, որը մէկ դար առաջ ներկուեց անմեղների արեամբ՝ այսօր այդ նոյն ապրիլը պէտք է դառնայ ապրելու ապրիլ, քանզի ճշմարիտ է նաեւ, որ հայ ժողովուրդն այն կենսատու ծառն է, որն ամէն գարուն իր դալար շիւերն է արձակում, ապա՝ պտուղ տալիս ու բազմանում…

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ Սուրբ Նահատակների բարեխօսական կարգ, ապա՝ ծաղիկներ խոնարհուեցին Մարտինի Արքեպիսկոպոս եւ Հայոց Ցեղասպանութեան նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյեանի նկարի առջեւ՝ աղօթելով եւ հայցելով սուրբի բարեխօսութիւնը առ Աստուած՝ բոլոր նահատակների հոգիների հանգստութեան համար:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

24.04.2020թ.

25/04/2020, 07:54