Որոնել

Vatican News
Գերապայծառ Արժան Դոդաժը պատարագ է մատուցում Թիրանայում Գերապայծառ Արժան Դոդաժը պատարագ է մատուցում Թիրանայում   Պատմութիւնը

Անաստուածութեան մէջ մեծացած ալպանացի գաղթականից մինչեւ եպիսկոպոս. Արժան Դոդաժի անցած ճանապարհը

1993 թուականին գաղթականների տեղափոխող նաւով Իտալիա ժամանած Դօն Արժան Դոդաժի պատմութիւնը: Նա զօդող բանուոր էր, սակայն մեծ մօր երգերի միջոցով բացայայտեց հաւատքը եւ դարձաւ քահանայ: Երեք տարի է, ինչ նա վերադարձել է Ալպանիա: Սրբազան Քահանայապետը նրան կարգել է Թիրանայի թեմի առաջնորդի օգնական եպիսկոպոս:

Անդրէա Թորնիելլի

Թիրանայում էր, երբ հեռախօսազանգ ստացաւ: Նրա ձայնի երանգի մէջ անմիջապէս զգացուեց, որ հէնց նոր անակնկալ լուր էին հաղորդել: Նա նշանակուել է Թիրանայի թեմի արքեպիսկոպոսի օգնական եպիսկոպոս: Նրա պատմութիւնը համալրելու է Եկեղեցու առօրեայ կեանքի բազմաթիւ մեծ եւ փոքր պատմութիւնների շարքը: Արժան Դոդաժը 43 տարեկան է, ծնուել է ծովեզրին գտնուող Լաչ-Կուրբին քաղաքում: Նա Իտալիա էր ժամանել գաղտնի՝ ինչպէս նրա հայրենակիցներից շատերն այդ ժամանակաշրջանում, նաւով կտրել անցնելով Ադրիատիկը: 1993 թուականին, տասնվեց տարեկանում, սեպտեմբերեան մի շոգ եւ աստղազարդ գիշեր նա հեռացաւ իր հայրենիքից՝ լաւագոյն ապագայի փնտռտուքով եւ կարիքի մէջ գտնուող իր ընտանիքին օգնելու միջոցներ գտնելու յոյսով: Իտալիայում օրուայ ընթացքում աւելի քան տասը ժամ աշխատում էր որպէս զօդող եւ պարտիզպան, մինչ այն օրը, երբ ծանօթացաւ մի համայնքի հետ, որտեղ ինքն իրեն զգում էր ինչպէս տանը: Այստեղ նա բացայայտեց քրիստոնէական հաւատքը, որի հետքերը պահպանուել էին նրա ԴՆԹ-ի մէջ՝ շնորհիւ այն երգերի, որ մանկութեան տարիներին մրմնջում էր մեծ մայրը: Տասը տարի անց, Խաչի Որդիների Քահանայական Եղբայրութեան միաբանութիւնում պատրաստութիւն անցնելուց յետոյ նա քահանայ ձեռնադրուեց ձեռամբ Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի: 2017 թուականին Արժանը վերադառնում է Ալպանիա՝ որպէս «Fidei Donum» քահանայ: 2020 թուականի ապրիլի 9-ին Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը նրան կարգում է Թիրանա-Դուրացցոյի թեմի առաջնորդի օգնական եպիսկոպոս:

«Ես Իտալիա ժամանեցի այն ժամանակ, երբ փլուզւում էր կոմունիզմը, - պատմում է նորանշանակ եպիսկոպոսը, - ժամանակաշրջան, երբ հնարաւոր չէր երկիր մուտք գործելու արտօնագիր ստանալ, ուստի այստեղ հասնելու միակ միջոցը գաղտնի եւ նաւով ճանապարհուելն էր: Դժբախտաբար, նաւերից շատերն այդպէս էլ տեղ չէին հասնում»:

Արժանը ծնուել եւ մեծացել է կոմունիստական Ալպանիայում, դաստիարակութիւն ստացել մի երկրում, որտեղ անաստուածութիւնն էր տիրում: «Ես այնպիսի մի հասարակարգում եմ ծնուել եւ մեծացել, որտեղ, դժբախտաբար, հաւատքի վկայութեան ցանկացած նշան արգելուած էր: Կեանքիս առաջին տարիներին պատկերացում անգամ չունէի Աստուծոյ գոյութեան մասին: Թէեւ ծնողներս կրել են կոմունիզմի սարսափելի հետեւանքները, բայց մեծ ծնողներս չեն դադարել աղօթել Տիրոջը»:

Հաւատքի առաջին սերմերը Արժանի մէջ մայրական կողմի տատիկն է սերմանել: «Աստուծոյ հետ իմ առաջին հանդիպումը կրկներգի նման հնչում է իմ գլխում եւ հոգու մէջ: Չնայած սպառնալիքներին, մեծ մայրս լիովին ազատ էր իր ընտրութեան մէջ եւ ապրում էր աղօթքով: Այդ տարիներին, չլինելով գրագէտ, նրանք աղօթքները սովորում էին երգեցողութեան միջոցով: Այսպիսով, նրանք հանքաւորմամբ գիտէին բոլոր աղօթքները եւ ծանօթ էին Քրիստոնէական վարդապետութեանը: Իտալիա ժամանելուց յետոյ ես շատ բան բացայայտեցի ինձ համար, օրինակ՝ եկեղեցական խորհուրդների վերաբերեալ, որոնց մասին մեծ մայրս երգելով պատմում էր տանը, երբ աշխատում կամ տնային գործերով էր զբաղուած: Նա երգում էր: Հէնց այսպէս ես սովորեցի «Ողջոյն քեզ Մարիամ»-ի երկրորդ մասը: Մեծ մայրս անընդհատ երգում էր այն, իսկ ինձ արտասանել էր տալիս երկրորդ տունը: Իր երգերի միջոցով նա ինձ առաջնորդեց դէպի Աստուած»:

2020 թուականի ապրիլի 9-ին Գերապայծառ Արժան Դոդաժը նշանակուեց Թիրանա-Դուրացցօ թեմի օգնական եպիսկոպոս
2020 թուականի ապրիլի 9-ին Գերապայծառ Արժան Դոդաժը նշանակուեց Թիրանա-Դուրացցօ թեմի օգնական եպիսկոպոս

Կոմունիզմի փլուզումից շատ չանցած Արժանը փորձեց լքել երկիրը: «Ինչպէս եւ շատ ուրիշ տղաներ, ես նոյնպէս բազմաթիւ փորձեր կատարեցի: Այսօր երախտագիտութիւն եմ յայտնում Տիրոջը, որ մեր նաւը անսարքութեան պատճառով բաց ծով դուրս չեկաւ, չգիտեմ, թէ ինչ կարող էր մեզ հետ պատահել, քանի որ բոլորս կարծես միմեանց վրայ դիզուած լինէինք: Աննկարագրելի իրավիճակ, իսկական զանգուածային արտագաղթ: Այնուհետեւ, մէկը միւսին յաջորդող փորձերի ընթացքում ինձ յաջողուեց բարձրանալ այն նաւերից մէկի տախտակամած, որը մեկնում էր իմ հայրենի քաղաքի ծովեզրից՝ այն գեղեցիկ ծովալճակից, ուր յաճախ էի գնում, երբ երեխայ էի: Մենք ճամբայ ելանք 1993 թուականի սեպտեմբերի 15-ի գիշերը: Փառք Տիրոջը՝ ծովը շատ խաղաղ էր: Աստուած մեզ պահապան եղաւ: Շատ լաւ եմ յիշում, որ այդ պահին, երբ աստղազարդ գիշերով մեր նաւը հեռանում էր ծովեզրից, երբ իմ ողջ կեանքը եւ պատմութիւնը արտագաղթի ճանապարհն էին բռնել՝ ես զգացի, թէ ինչպէս էին խզւում այս կեանքի եւ այս ընտանիքի հետ իմ բոլոր կապերը»:

Թիրանայի թեմի նորանշանակ օգնական եպիսկոպոսն իր խօսքում ընդգծում է. «Այսօր եւս կարելի է տեսնել, թէ ինչպէս են բազմաթիւ մարդիկ ժամանում նաւերով: Կարծում եմ, որ պէտք է մտածենք այն արցունքների, զոհողութիւնների եւ դժբախտութիւնների մասին, որոնք չափազանց ցաւալի են, քանզի, եթէ այդքան ցաւալի չլինէին, ապա՝ չէին լինի ընդհանրապէս»:

Շնորհիւ ընկերների, ովքեր աւելի վաղ էին արտագաղթել Իտալիա, Արժանը կարողացաւ ապաստան գտնել Կունէօ նահանգի Դրոներօ համայնքում, որտեղ էլ սկսեց աշակերտել զօդողի մօտ. «Մենք զօդում էինք հեծանիւների շրջանակները: Ես նաեւ շատ այլ գործեր եմ կատարել շէնքերում եւ պարտէզներում, որպէսզի կարողանայի ֆինանսապէս օգնել ընտանիքիս, քանի որ մենք իսկապէս շատ աղքատ էինք»: Ընկերները նրան հրաւիրել էին ծխական համայնքի հաւաքոյթի: «Շատ էի աշխատում, երբեմն աւելի քան տասը ժամ օրուայ մէջ եւ երեկոյեան յոգնած գալիս էի տուն: Շատ ընկերներ չունէի: Ինձ ասել էին, որ ծխական համայնքում երիտասարդական խումբ է գործում: Երիտասարդներին առաջնորդում էր Հայր Մասսիմոն, ով սերում էր Խաչի Որդիներ Քահանայական Եղբայրութիւն միաբանութիւնից: Ծխական համայնքում հիանալի պահեր եմ ապրել, այստեղ գտել եմ այն ընտանեկան միջավայրը, որի կարիքն այդքան ունէի իմ երիտասարդութեան այդ խոցելի փուլում»:

Արժանը մկրտուեց եւ 1997 թուականին խնդրեց, որ իրեն ընդունեն Հռոմի Խաչի Որդիներ Քահանայական Եղբայրութեան միաբանութիւն, որտեղ էլ պատրաստութիւն անցաւ քահանայական ձեռնադրութեան համար: Ի հարկէ, եղան որոշ անհամաձայնութիւններ ծնողների հետ: Իտալիա ժամանելուց տասը տարի անց, Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցաւ Արժանի քահանայական ձեռնադրութիւնը ձեռամբ Քարոլ  Վոյթիլայի՝ նոյն ինքը Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի:

«1993 թուականին, Իտալիա իմ ժամանման նոյն տարում, Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետը այցելութիւն կատարեց Ալպանիա: Երկիրը նոր էր ձերբազատուել բռնապետութեան ճիրաններից եւ նման էր խրամատի՝ բաց երկնքի տակ, ամէնուր թշուառութիւն եւ աղքատութիւն էր տիրում, միեւնոյն ժամանակ՝ մեծ ցանկութիւն կար նորամուծութեան: Միւս երեխաների եւ մեծահասակների նման, ես նոյնպէս յիշում եմ մարդկանց այն հոծ բազմութիւնը, որը ուղեկցում էր Թիրանայից Շկոդրա ուղեւորուող Սրբազան Քահանայապետի ինքնաշարժը: Նրա դէմքը միշտ ուղեկցել է ինձ՝ ինչպէս Սրբուհի Մայր Թերեզան, ով, բռնատիրական կարգերից ազատուելու այդ օրերին, մեզ վրայ սփռեց գորովի, սիրոյ, բարութեան եւ յոյսի մխիթարութիւնը, որ կարողացել է տալ աշխարհի տարբեր ոլորաններում գտնուող աղքատներին:

Հայր Դոդաժը ծառայել է տարբեր ծխական համայնքներում եւ դարձել Հռոմում ապրող ալպանացիների համայնքի հոգեւոր հովիւ: 2017 թուականին Թիրանայի Արքեպիսկոպոս Գերապայծառ Տէր Ժորժ Անթօնի Ֆրենդոն խնդրում է, որ Դօն Արժանը ծառայութեան անցնի իր թեմում: Խաչի Որդիների միաբանութեան ընդհանուր կառավարիչ Դօն Ջիակոմօ Մարտինելլին եւ Հռոմի թեմի Քահանայապետի տեղակալ Արքեպիսկոպոս Կարդինալ Անճելօ Տէ Տօնաթիսը տուեցին իրենց համաձայնութիւնը: Հայր Արժանը վերադարձաւ հայրենիք՝ որպէս «Fidei Donum» քահանայ:

Այժմ նա նշանակուել է Թիրանայի թեմի առաջնորդի օգնական եպիսկոպոս: «Պէտք է անկեղծ լինեմ... երբեք ու երբեք չեմ մտածել կամ ցանկացել նման բան: Ես շատ երջանիկ էի՝ ծառայութիւն մատուցելով ծխական եկեղեցում, ինձ երջանկացնում էր ամենօրեայ ընտանեկան մթնոլորտը, որի մէջ միշտ ապրել եմ, իմ համայնքի կողքին, ծխականների եւ բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր յանձնուած են մեզ: Ներկայումս, Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի կողմից ինձ են յանձնուած լրացուցիչ պարտականութիւններ, որոնք ընդունել եմ՝ հնազանդուելով Եկեղեցուն, ապաւինելով Տիրոջ ողորմածութեանը եւ Սուրբ Կոյս Մարիամի բարեխօսութեանը»:

Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի այցելած առաջին եւրոպական երկրում այլադաւան քրիստոնեաները եւ մահմետականները նոյնպէս ուրախութեամբ ընդունեցին Սրբազան Քահանայապետի ընտրութիւնը, ինչը խորհրդանիշն էր տարբեր կրօնների միջեւ բարեկամական համագոյակցութեան: «Պատճառը կրօնական հանդուրժողականութիւնը չէ, - ասում է Դօն Դոդաժը, - չափազանց կարեւոր է ճիշտ խօսքեր գտնելը եւ գիտակցելը, որ մեզ համար կենսական նշանակութիւն ունեն ներդաշնակութիւնը, ընտանեկան մթնոլորտը, համագործակցութեան ոգին եւ փոխօգնութիւնը»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

15/04/2020, 08:51