Որոնել

Vatican News
Հայաստանի Հայ Կաթողիկէ Հոգեւորականները Հայաստանի Հայ Կաթողիկէ Հոգեւորականները 

Հայաստանի Հայ Կաթողիկէ Հոգեւորականները միացան Քահանայապետի «Հայր մեր» աղօթելու հրաւէրին

Վասն ամենայն հիւանդաց եւ վշտացելոց աղաչեսցուք զՏէր

Աւետման տօնին՝ մարտի 25-ին Գիւմրիի հայ կաթողիկէ առաջնորդարանում հոգեւորականները միացան Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրաւէրին, որ ուղղուած էր ամբողջ աշխարհին՝ միասնաբար աղօթելու Տէրունական «Հայր մեր» աղօթքը եւ խնդրելու Տիրոջ օգնութիւնը՝ համաճարակից ազատելու համար:

Փանիկի ժողովրդապետ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, որ հրաւիրել էր քահանաներին, աղօթքից առաջ դիմելով համացանցով հետեւող հաւատացեալներին՝ ասաց, որ սիրով են միանում Քահանայապետի հրաւէրին եւ ուզում են աղօթել, որպէսզի համաճարակի տարածումը դադարի, աշխարհի բոլոր հիւանդների առողջութեան համար եւ այս օրերին հիւանդների կեանքը փրկելու համար ջանք չխնայող բուժ աշխատողների համար: Նա ասաց, որ ուզում են աղօթել նաեւ կորոնավիրուսի հետեւանքով մահացած աշխարհականների եւ հոգեւորականների հոգիների համար: Ապա՝ ուղիղ ժամը 15:00-ին հոգեւորականները միասին երգեցին «Հայր մեր»-ը:

Հ. Գառնիկն այնուհետեւ խնդրեց Գիւմրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչեանին՝ խօսել Աւետման տօնի խորհրդի մասին:

Տ. Գրիգորն ընթերցեց աւետման մասին Ղուկասի աւետարանի դրուագը: Ապա ուշադրութիւն հրաւիրեց այն փաստի վրայ, որ մարդս յաճախ աւելի կենտրոնանում է ի՛ր կամքը կատարելու վրայ եւ մոռանում է, որ ամենակարեւորը Աստծոյ՛ կամքն է: Մենք պէտք է մտածենք Սուրբ Կոյս Մարիամի օրինակի մասին, որ հրեշտակից լսելով Աստծոյ կամքը՝ յանձն առաւ կատարել այն ամբողջ կեանքում՝ մինչեւ իր ննջումը: Տիրամայրը խոնարհաբար երբեք ինքն իրեն վեր չդասեց որեւէ կնոջից՝ իմանալով հանդերձ, որ ինքը Փրկչի Մայրն է եւ Եկեղեցու Մայրն է: Նրա խոնարհութիւնը մեզ համար կատարեալ օրինակ է: «Այս տօնը թող իւրաքանչիւրիս համար լինի Տիրամօր օգնութեամբ մեր ցաւերից սփոփուելու եւ դէպի Տէր Յիսուս Քրիստոս առաջնորդուելու հնարաւորութիւն»,-ասաց քահանան:

Հոգեւորականները շարունակեցին իրենց աղօթքը՝ կատարելով Խաղաղական ժամերգութիւնը:

Տ. Հովսեփ

26/03/2020, 10:31