Որոնել

Սրբուհի Քորոնա Սրբուհի Քորոնա 

ՍՐԲՈՒՀԻ ՔՈՐՈՆԱ ԱՂՕԹԵԱՅ ՎԱՍՆ ՄԵՐ

Նահատակ Սրբուհի Քորոնան պաշտպանում է մեզ ժանտախտներից եւ ամէն տեսակ համաճարակներից:

Սուրբ Վիքթորը եւ Սրբուհի Քորոնան, ովքեր յայտնի են նաեւ Վիքթոր եւ Սթեֆանի անուններով, երկու Քրիստոնեայ մարտիրոսներ են: Ըստ բազմաթիւ աղբիւրների վկայութեան նրանք նահատակուել են Հռոմի երբեմնի նահանգ Սուրիայում՝ Մարկոս Աւրելիոսի գահակալութեան օրօք (Ք.Ծ. 170թ.): Սրբերի կեանքը ուսումնասիրող այլ տեղեկատուական աղբիւրների համաձայն նահատակութեան վայր է նշւում Դամասկոսը, մինչդեռ՝ ղպտի աղբիւրները պնդում են, որ դէպքը տեղի է ունեցել Անտիոքում: Որոշ արեւմտեան աղբիւրներ էլ որպէս նահատակութեան վայր յիշատակում են Ալեքսանդրիան կամ Սիցիլիան: Տարակարծութիւններ կան նաեւ նրանց նահատակութեան թուականի վերաբերեալ: Նրանք կարող էին նահատակուել Անտօնինուսի կամ Դիոկղետիանոսի գահակալութեան տարիներին, իսկ Հռոմէական Վկայաբանութիւնը հաստատում է, որ նրանք իրենց մահկանացուն կնքել են 3-րդ դարում:

Մօտաւորապէս Ք.Ծ. 165 թուականին, Հռոմի Կայսր Մարկոս Աւրելիոսի կառավարման տարիներին, երբ հալածանքների էին ենթարկւում բոլոր քրիստոնեաները՝ Քորոնան ընդամէնը տասնհինգ տարեկան էր եւ ընդունեց Քրիստոնէութիւն:

Աւանդութիւնը հաղորդում է, որ Վիքթորը հռոմէացի զինուոր էր, ով ծառայում էր Հռոմէական Սուրիայի Դամասկոս քաղաքում՝ Անտօնինոս Պիոս Կայսեր գահակալութեան ժամանակ: Զինուորին ենթարկել են խոշտանգումների, մինչեւ իսկ՝ հանել նրա աչքերը: Վիքթորը գլխատուել է Դամասկոսում՝ Ք.Ծ. 160 թուականին:

Պատմւում է, որ այն ժամանակ, երբ Վիքթորը խոշտանգումների էր ենթարկւում՝ նրա զինակից ընկերներից մէկի տասնվեցամեայ կինը, ում անունը Քորոնա կամ Սթեֆանի (Սթեֆանիա կամ Սթեֆանա՝ յունարէն «stéphanos» բառից, որ թարգմանաբար նշանակում է «թագ», որը լատիներէն «Corōna» անուան յունարէն տարբերակն է) էր՝ մխիթարում եւ քաջալերում էր զինուորին, ինչի պատճառով, Քորոնան նոյնպէս ձերբակալուեց եւ հարցաքննուեց: Դարձեալ ըստ աւանդութեան, որի արժանահաւատ լինելը կասկածներ է առաջացնում, Քորոնայի ոտքերը կապել են երկու արմաւենիների մինչեւ գետին ճկուած գագաթների միջեւ եւ, երբ ծառները բաց են թողել՝ նա երկու մասի է բաժանուել: Մէկ այլ աղբիւրի համաձայն՝ Վիքթորը եւ Քորոնան ամուսիններ են եղել:

Հիւսիսային Իտալիայի Վենետօ նահանգի Բելլունօ շրջանի Անզու քաղաքում (որն այսօր համարւում է Եւրոպայում Քորոնա ժահրի տարածման օջախ) գտնուող տաճարում դեռեւս 9-րդ դարից պահպանւում են Սուրբ Վիքթորի եւ Սրբուհի Քորոնայի մասունքները:

Սրբուհի Քորոնային առանձնայատուկ կերպով երկրպագում են Աւստրիայում եւ Բաւարիայում՝ որպէս համաճարակներից պաշտպանող սուրբ:

Սուրբ Վիքթորի եւ Սրբուհի Քորոնայի յիշատակութեան օրն է մայիսի 14-ը (Ուղղափառ Եկեղեցւոյ օրացոյցի համաձայն՝ նոյեմբերի 11-ը):

Համայն աշխարհն այսօր պայքարում է COVID-19-ի համավարակի դէմ, ուստի՝ շատերն իրենց համար բացայայտում են մինչ օրս քիչ ճանաչում ունեցող, 2-րդ դարի Կաթողիկէ Եկեղեցւոյ սրբերից մէկին՝ Սրբուհի Քորոնային եւ դիմում նրա բարեխօսութեանը: Յուսանք, որ Սրբուհի Քորոնան՝ ժանտախտներից եւ ամէն տեսակ համաճարակներից պաշտպանող սուրբը, յանձնառութիւն ունի օգնութեան ձեռք մեկնելու մեզ փորձութեան այս ժամին:

Թւում է, թէ դժբախտ պատահականութեամբ Սրբուհին նոյն անունն է կրում, ինչ եւ Քորոնա ժահրը, որի ալիքն այսօր անցնում է ամբողջ աշխարհով: Սակայն, սա ամենեւին էլ պատահականութիւն չէ, քանի որ նրա բարեխօսութեանն էին դիմում դրամական միջոցների, մոլի խաղերի եւ գանձերի որոնման հետ կապուած սնոտիապաշտական խնդրանքներով, Սրբուհին միշտ պատկերւում է գլխին թագ, որը հին ժամանակներում դրամական միաւորների համընդհանուր խորհրդանշանն էր: Եւ, ինչպէս պատկերուած է մանրադիտակային լուսանկարներում, որոնք այս օրերին յայտնւում են լրաթերթերի եւ լուրերի առաջին էջերին՝ մահացու այս ախտը պսակաձեւ է, ինչից էլ ստացել է Քորոնա անունը:

1943 եւ 1981 թուականներին երկու սրբերի մասունքները ենթարկուեցին տարբեր փորձաքննութիւնների, որոնցից պարզ դարձաւ, որ, իսկապէս, ոսկորները պատկանում են տղամարդու եւ կնոջ: 1981 թուականին իրականացուած հետազօտութեան ժամանակ յայտնաբերում են մայրի ծառի ծաղկափոշի, որը Միջերկրական ծովի աւազանին բնորոշ բոյս է: Հնէաբանները հաւաստիացնում են, որ այս ծաղկափոշին կարող էր տարածուած լինել Սուրիայում եւ Կիպրոսում:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/03/2020, 15:18