ՄԻՋԻՆՔ. ՕՐ ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹԵԱՆ - Չորեքշաբթի, 18 մարտ, 2020 թուական. ԻԴ. օր աղուհացից:
Հետեւելով ՀՀ Կառավարութեան կողմից յայտարարուած արտակարգ իրավիճակի կանոններին եւ պահպանելով Հայաստանում Քորոնա ժահրի համավարակի տարածումը կանխարգելող բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ այսօր Պատարագ չմատուցուեց: Փոխարէնը՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը առաւօտեան Թիւ Պատարագ մատուցեց Գիւմրիի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի մատռան մէջ՝ առանց հաւատաւոր ժողովուրդի ներկայութեան:
Ըստ Մաղաքիայ Արք. Օրմանեանի` միջինք անունը տրւում է Մեծ պասը կիսող օրուան: Միջինք, միջունք, մեծ պասի կեսը՝ Դ (չորրորդ) շաբաթուայ չորեքշաբթին կամ Մեծ պասի 24-րդ օրը։ Միջինքից սկսած՝ Խաղաղական ժամերգութեան ընթացքում սկսում են երգել Ստեղի շարականները՝ յաւուր պատշաճի:
Այս օրն առանձին տօնական նշանակութիւն չունի։ Յատկանշւում է նշանուած տղաների տներից հարսնացուներին նուէրներ ուղարկելով եւ ծիսական հաց՝ բաղարջ թխելով։ Ըստ ժողովրդական աւանդութեան՝ հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մէջ մետաղադրամ են դնում եւ, ում բաժին է ընկնում այդ դրամը, այդ տարի յաջողութիւն է ունենում։
Միջինքի ամենավառ եւ մինչ օրս պահպանուած խորհրդանիշը գաթան է: Այն անուանել են գաթայ, բաղարջ, տապլայ, միջինք, միջունք, պրտօն, տարի, մաջինք կամ մէջինք, միչինք եւ այլն: Միջինքի կերակրացանկի մաս են կազմել նաեւ տարբեր հացերը, հատիկաւոր ուտեստները, որոնք նոյնպէս խորհրդանշել են առատութիւն եւ բարեկեցութիւն: Բոլորն էլ ունեցել են պասուց բաղադրութիւն: Միջինքի գաթան պատրաստել են ձէթով, ալիւրով, շաքարաւազով, մեղրով եւ զարդարել ընկոյզով ու չամիչով: Այն հիմնականում եղել է կլոր: Որոշ բնակավայրերում Միջինքի բաղարջը թխել են լիճքի ջրով: Գաթան հիմնականում թխել են հասակաւոր կանայք, տանտիկինները, իսկ կտրել է տան մեծը՝ ադէն կամ ափօն (տատը կամ պապը): Այս շատ սպասուած արարողութիւնը տարբեր վայրերում կատարուել է չորեքշաբթիից մինչեւ կիրակի՝ որեւէ օր:
ՄԻՋԻՆՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունուած էր Միջինքի ծէսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը յայտնի է նաեւ միջնաբաղջ, կլօճ, յարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ եւ այլ անուանումներով։ Միջինքի մէջ պարտադիր դրւում էր որեւէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի եւ այլն։ Միջինքն ամանորեայ տարեհացի նման պիտի ապահովէր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցութիւնը, անասունների, հողի եւ հիմնական տնտեսական զբաղմունքների ապագայ յաջողութիւնը։
Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծէսը․ երեկոյեան տան աւագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մէջքին եւ կտրում էր։ Դրանից հաւասար բաժին էին հանում ինչպէս տան բոլոր անդամներին, այնպէս էլ ընտանի կենդանիներին եւ հողին։ Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարուայ ընթացքում նրա յաջողութիւնն ապահովուած էր համարւում։
Հին Ջուղայում հաւատում էին, որ եթէ բաղարջը կտրելու ժամանակ, նշանը դիպչեր դանակին, ընտանիքի ապրուստի աղբիւրը հողն էր լինելու. դանակը նոյնացւում էր գութանի խոփի հետ։ Այժմ տարածուած պատկերացման համաձայն` նման պարագայում յաջողութիւնը վերագրւում է ընտանիքի բոլոր անդամներին։
Միջինքին ինչպէ՞ս են լուծում պահքը:
Միջինքի օրը պահքը չի լուծւում, այլ պահւում է նոյն խստութեամբ: Կարելի է Միջինքին, ազգային սովորոյթը յարգելով, պասուց գաթայ թխել եւ ճաշակել՝ առանց գուշակութեան միտումների:
Փառք Աստծուն պահքի բոլոր օրերի համար: Ինչպէս ասացինք, Մեծ պահքի տեւողութեան մէջտեղի օրը` չորրորդ շաբաթուայ չորեքշաբթին կոչւում է Միջինք: Միջինքը մեզ յիշեցնում է, որ մեծ պահքի առաջին փուլը աւարտուեց, ու մենք մտնում ենք երկրորդ փուլ: Առաջին կէսում սննդի սահմանափակումով եւ հոգեւորի զօրացմամբ մենք մեր մարմինը տկարացրինք, եւ հզօրացրիք մեր հոգին: Միջինքը նաեւ որոշակի ինքնաքննութեան օր է, պահքի անցած ժամանակը գնահատելու համար եւ այն առանց թուլացնելու շարունակելու որոշում կայացնելու համար: Խնդրենք Աստուծոյ ողորմութիւնը Մեծ պահքի յետագայ օրերը պատուով աւարտելու համար: Միջինքը առիթ չէ պահքն ընդհատելու կամ սննդակարգի մէջ որեւէ փոփոխութիւն մտցնելու, նոյնիսկ միջինքի գաթան, որ ժողովրդական սովորութեան համաձայն պատրաստւում է` պահոց է: Ուժ, կարողութիւն, բարի կամք եւ համբերութիւն եմ մաղթում բոլոր պահք պահողներին, պատուով փառքի պսակին արժանանալու համար:
Մենք բաւականաչափ փորձ ձեռք բերեցինք պահքի առաջին կէսում, ներդաշնակութիւն մտցնելով պահեցողութեան պայմանների միջեւ, այսինքն՝ համադրելով սննդակարգի չափաւորութիւնը աղօթքի, զղջումի, հոգեւոր ընթերցանութեան, խոկման, ինքնաքննութեան, ներհայեցողութեան, ողորմութեան միջեւ: Իսկ երկրորդ կէսում փորձենք մի փոքր ուժեղացնել մեր կանոնները, դարձեալ ի մտի ունենալով մի գեղեցիկ բանաձեւ. «Յանուն իմ ընտանիքի խաղաղութեան ես պէտք է հրաժարուեմ այսինչ կամ այնինչ մոլութիւնից, յանուն իմ Եկեղեցւոյ ամրութեան այսուհետ կը կարդամ Աստուածաշունչ եւ կիրակիները կը նուիրեմ Աստծուն` մասնակցելով Սուրբ Պատարագներին: Մի խօսքով ամէն ինչ նժարին դնելու սովորութիւնը եւ օգտակարը ընտրելու վճռականութիւնը ամրացնում ենք պահքի երկրորդ կէսում: Ուժ եւ կարողութիւն բոլորիս Աստուծոյ մեծ ողորմութեան շնորհիւ: Դարձեալ գոհութիւն եւ Փառք Աստուծոյ՝ մեր ցանկացած ճիշտ որոշման համար:
Գեղեցիկ շարականով աղօթենք մեր Տիրոջը.
Տէ՛ր, մեղքերիս ծովը ալեկոծում է ինձ,
Դո՛ւ, որ Բարի Նաւապետ ես,
նաւահանգիստ շնորհի՛ր ինձ,
Ամենակարող Հայր:
Բազում պատրանքներ ինձ կորստեան են մատնում,
բայց Դո՛ւ, Բարի Նաւապետ,
նաւահանգիստ շնորհի՛ր ինձ,
Ամենակարող Հայր:
Դո՛ւ միայն իշխանութիւն ունես մեղքերս ներելու,
առաւել աղաչում եմ Քեզ, Տէ՛ր,
ների՛ր իմ մեղքերը,
Ամենակարող Հայր:
Անսկիզբ Աստուած,
երկնքի հրեշտակների հետ բարեբանում ենք Քեզ:
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,
Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց խմբի նախագահ
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ