Որոնել

Vatican News
Հայաստանի մէջ Պատարագ ու աղօթք հիւանդներու ապաքինումին համար։ Հայաստանի մէջ Պատարագ ու աղօթք հիւանդներու ապաքինումին համար։ 

Հայաստանի մէջ Պատարագ ու աղօթք հիւանդներու ապաքինումին համար։

Հայաստանի հայ կաթողիկէ առաջնորդութեան շատ համայնքներում կատարուեցին Սուրբ Հաղորդութեան երկրպագութեան արարողութիւններ եւ Սուրբ Պատարագները մատուցուեցին՝ հիւանդների, մանաւանդ կորոնավիրուսով վարակուածների առողջութեան եւ աշխարհն այդ համաճարակից ազատելու դիտաւորութեամբ:

Մարտի 14-15-ը Արհ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի խնդրանքով հայ կաթողիկէ առաջնորդութեան շատ համայնքներում կատարուեցին Սուրբ Հաղորդութեան երկրպագութեան արարողութիւններ եւ Սուրբ Պատարագները մատուցուեցին՝ հիւանդների, մանաւանդ նոր տեսակի կորոնավիրուսով վարակուածների առողջութեան եւ աշխարհն այդ համաճարակից ազատելու դիտաւորութեամբ:

----------------------------------------------

Տ. Հովսեփ Գալստյանի թղթակցութիւնը

Մեծ Սեպասարում եւս ամէն շաբաթ կանոնաւոր կերպով տեղի ունեցող Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւնը մարտի 14-ին կատարուեց վերը նշուած ընդհանուր դիտաւորութեամբ: Արարողութիւնից առաջ խօսեցի այս համաճարակի դէմ պայքարի օրերին յատկապէս մեղքերից հեռու մնալու եւ ապաշխարելու խիստ անհրաժեշտութեան մասին: Երկրպագութեան ընթացքում ընթերցեցինք Սբ. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աղօթագրքից մի քանի գլուխներ, ինչպէս անում ենք այս տարուայ Մեծ Պահոց ընթացքում, ամեն շաբաթ:

Կիրակի՝ մարտի 15-ին, Սուրբ Պատարագի ընթացքում դարձեալ խօսեցի մեղքերից հրաժարուելու եւ խոստովանութեան մասին.

«Սիրելի՛ հաւատացեալներ, այս համաճարակը եւ այլ ցաւերը, դժբախտութիւնները մեզ համար միշտ պէտք է լինեն առիթ եւ ահազանգ՝ օր առաջ արմատապէս հրաժարուելու մեր մեղքերից, նոյնիսկ՝ փոքրագոյն սխալներից, վատ սովորութիւններից, մեր սրբութեան հանդէպ անտարբերութիւնից, հոգեւոր գաղջութիւնից, լճացումից, առօրեական ստերից, հեշտամոլութիւնից, բամբասանքից, վէճերից, ատելութիւնից, գռեհիկ բառապաշարից, շնութիւնից, հայհոյանքից, հարբեցողութիւնից, պարծենկոտութիւնից, որովհետեւ մենք այնքա՛ն խոցելի ենք որպէս մարդ արարածներ՝ առանց Աստծոյ, որ պարծենալը ծիծաղելի է: Մի աննշան վիրուս անգամ ունակ է զրոյի հաւասարեցնելու կամ ժամանակաւորապէս կանգնեցնելու մեր ծրագրերը, առօրեան, անձնասիրական ձգտումները, նոյնիսկ ունակ է կեանք խլելու:

Մեր կամ ուրիշի խոցելիութիւնը, ցաւը տեսնելով՝ մենք պէտք է անդրադառնանք մեր ընթացքին, որովհետեւ մենք էլ խոցելի ենք: Հրեաները մտածում էին, թէ եթէ մէկը դժբախտութեան է հանդիպում, ուրեմն իր կամ իր ծնողների մեղքերի պատճառով է: Յիսուս նրանց սթափեցնում է: Ղուկասի Աւետարանում կարդում ենք հետեւեալը.

«Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլեացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ։ Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլեացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլեացիները։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք։ Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք», Ղկ. 13, 1-6

Յիսուսը հրեաներին եւ մեզ այսօր բացատրում է, որ բոլորս էլ մեղաւոր ենք եւ խոցելի՝ չարի յարձակումների առաջ, եւ եթէ վայրկեան առաջ չապաշխարենք, չենք կարող փրկուել փորձանքներից, որ մեզ համար պատրաստում է սատանան ամեն քայլափոխի: Պետրոս առաքեալը գրում է. «Արթուն եղէ՛ք, հսկէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տա: Դիմադրէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ», Ա Պետ. 5, 8-9:

 Ոմանք, գուցէ, հարցնեն՝ ի՞նչ կապ ունի մարմնական հինաւանդութիւնը մեղքի հետ, կամ ինչպէ՞ս կարող է մեղքից հրաժարուելը պաշտպանել հիւանդութիւններից: Պատճառը շատ յստակ պէտք է լինի. Մարդկային բնութեան, օրկանիզմի խոցելիութիւնը, ապականութեանը, հիւանդութիւններին, մահուանը ենթակայ լինելը մեր նախածնողների՝ Ադամի եւ Եւայի մեղսագործութեան հետեւանքն է: Մինչ մեղսագործութիւնը այդ ամէնը չկար, մարդու մարմինը չգիտեր՝ ինչ է ապականութիւնը, մահը, հինաւանդութիւնը, դրանք մարդկային օրկանիզմ ներթափանցեցին մարդու անհնազանդութեան պատճառով, որը խզեց ներդաշնակ միութիւնը մարդու եւ Արարչի միջեւ, մարդու հոգու եւ մարմնի միջեւ, մտցրեց խռովք մարդու մէջ եւ ծնեց ամօթի քայքայիչ զգացումը՝ որպէս մեղքի գիտակցման եւ մեղքից հրաժարուելու անկարողութեան հետեւանք: Մեղքի ներթափանցումը մարդկային բնութեան մէջ իր հետ բերեց մեղքի բազում կոյուղաւորումներ, որոնց մասին անզուգական կերպով գրում է Սբ. Գրիգոր Նարեկացին իր մատեանում ամբողջ մարդկութեան փոխարէն.

«Իսկ իմ մեղքերն ու յանցանքներն

այնքան շատ են, որ յիշել չի լինի,-

Մեկն իր ծնունդով եւ մէկ ուրիշն իր շառաւիղներով.

Մեկն իր բծերով, միւսն՝ իր արկածներով,

Մեկն իր փշերով, միւսն՝ արմատներով,

Մեկն իր կազմութեամբ, եւ մէկ ուրիշն՝ իր պտուղներով,

Մեկն իր մասերով, միւսը՝ ճիւղերով,

Մեկն իր ոստերով, միւսն՝ իր ցօղունով,

Մեկն իր ճանկերով, միւսն՝ իր մատներով,

Մեկն իր խլրտմամբ, եւ միւսն՝ իր ուժով,

Մեկն իր ազդեցութեամբ, միւսն՝ իր օրինակներով…», Բան Զ, գ:

 Մեր բոլոր մեղքերը ոչ միայն թուլացնում են մեր հոգին եւ սիրտը, մթագնում մեր միտքը, այլեւ խոցելի եւ անպաշտպան դարձնում մեր մարմինները: Բժշկութիւնն էլ միշտ փաստել է, որ մարդուս հոգեկան նկարագիրը, մտքի դրութիւնը, նեարդային համակարգը անմիջականօրէն ազդում են մարմնի առողջութեան վրայ. մարդու հոգին պայմանաւորում է մարմնի գոյութեան ձեւը: Եթէ հոգին հիւանդ է, մարմինն էլ հիւանդ կլինի եւ հակառակը, եթէ հոգին առողջ է, առողջ կլինի նաեւ մարմինը: Հետեւաբար, քանի որ մարդկային մարմնի խոցելիութիւնը հետեւանքն է մարդու բարոյական արարքի, ուրեմն մարմինը առողջացնելու կամ պաշտպանելու համար հարկաւոր է, որ վերադառնանք արմատներին՝ վերականգնենք մեր բարոյական նկարագիրը: Սա նման է հոգեբոյժի աշխատանքին, որ խնդիր է դնում նախ բուժելու հիւանդի հոգին, որպէսզի մարմնական շեղումներն էլ բուժուեն:

 Մեր հոգին ու սիրտը բուժողն Աստուած է, որ ուղարկեց իր սիրելի Որդուն՝ որպէս միակ դեղ՝ մեր հիւանդութիւնների դէմ: Յիսուս գալիս է մեր հոգին եւ սիրտը՝ իւրաքանչիւր Խոստովանութեան խորհրդակատարութեան ժամանակ եւ ապա, որպէս պսակ՝ Սուրբ Հաղորդութիւնը ճաշակելիս, երբ ընդունում ենք Նրա Սուրբ Մարմինն ու Արիւնը: Ուրեմն, եկէ՛ք ժամանակ չկորցնենք եւ վայրկեան առաջ մաքրենք ինքներս մեզ ամեն տեսակ աղտեղութիւնից՝ խոստովանելով մեր մեղքերը, կտրուկ հրաժարուելով մեր առօրեական ամենաանմեղ թուացող սխալներից անգամ, վերստին ընդունենք Տիրոջ սրբարար շնորհը, որ ստացանք Մկրտութեան ժամանակ, մաքրագործուե՛նք ներքուստ, որպէսզի մեր մէջ բնակուի ոչ թէ սատանան՝ իր սպասաւորներով, այլ՝ միայն ու միայն Սուրբ Երրորդութիւնն իր սրբութեամբ, ինքնազոհ սիրով եւ առատ հոգեւոր ընծաներով, որոնք կարող են լիովին առողջացնել մարդկային մարմինը եւ պաշտպանել ամեն տեսակ սատանայական յարձակումներից, ապականութիւններից ու համաճարակներից:

 Մեր մարմինները ստեղծուած են անապականութեան համար, իսկ մարմնի անապականութեանը, յաւիտենական կեանքին կարելի է հասնել միայն անապական պահելով մեր սիրտը՝ որպէս Աստծոյ տաճար.

«Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք», Բ Կոր. 6, 16:

Իսկ մէկ այլ տեղում ասում է.

«…բոլորս նորոգուելու ենք, յանկարծակի՝ մի ակնթարթում, վերջին շեփորի ձայնով… Անհրաժեշտ է, որ այս ապականացու մարմինն անապականութեամբ զգեստաւորի եւ այս մահկանացու մարմինն անմահութեամբ զգեստաւորի: Եւ երբ այս … եղծելի մարմինը զգեստաւորի անեղծութեամբ, այդ ժամ կիրականանայ գրուած խօսքը, թէ՝

«Մահը կուլ գնաց յաղթանակին:

Ու՞ր է մա՛հ, քո յաղթանակը,

Ու՞ր է գերեզմա՛ն, քո խայթոցը», Ա Կոր. 15, 51-55:

 Մեր մարմինների անապական դառնալը չի սահմանափակւում միայն մէկ ակնթարթով, որի մասին խօսում է Պօղոսը եւ որը կլինի Քրիստոսի երկրորդ գալստեան ժամանակ, այլ սկսւում է իրականութիւն դառնալ արդեն իսկ այս կեանքում՝ մեր ապաշխարութեան, սուրբ կեանքի ճանապարհով, ճիշտ ինչպէս Աստծոյ Արքայութիւնն է իրականութիւն դառնում՝ Եկեղեցու միջոցով, ինչպէս փոքրիկ մի սերմ, որը մեծանում եւ մեծ ծառ է դառնում: Անապական մարմինը, որն Աստուած մեզ կտայ Ահեղ դատաստանի ժամանակ, կլինի մեզ տրուած ձրի մի ընծայ՝ որպէս պարգեւ մեր սրբութեան ձգտումների ու ջանքերի:

 Ուստի, եկէ՛ք լինենք գործնական եւ ժամանակ չկորցնենք, նո՛ր կեանք սկսենք հենց այս վայրկեանից, որպէսզի չվախենանք ոչ մի հինաւանդութիւնից եւ չարիքից՝ ապաւինելով Աստուածածնին, որ իր անարատութեամբ միշտ ջախջախում է խորամանկ օձի գլուխը»:

 

 

Աղօթք՝ հիւանդների համար

Տէր Յիսո՛ւս, այսօր այս Սուրբ Պատարագը մատուցեցինք բոլոր հիւանդների դիտաւորութեամբ, նաեւ յիշեցինք մեր հարազատների անունները, ում մասին մտածում ենք եւ միշտ աղօթում:

Դու գիտես, թէ ինչ է մարդկային տառապանքը, ինչ է հինաւանդութիւնը, յուսահատութիւնը, ցաւը, որովհետեւ Դու Ինքդ կրեցիր դրանք քո երկրային կեանքի օրերին եւ այդ ամենը քեզ հետ միասին խաչ բարձրացրեցիր, որպէսզի մեզ բացատրես, որ մենք մենակ չենք մեր տառապանքի մէջ, որ Դու կիսում ես մեր ցաւերը ամբողջութեամբ:

Դու համբերութեամբ եւ ինքնազոհ սիրով կրել ես մարդկանց մեղքերի լուծը եւ երբեք չես յոգնում կրել նաեւ մեր բոլոր հիւանդութիւնների, ցաւերի, վախերի, յուսահատութիւնների ծանր բեռը:

Քո խաչելութեամբ մեզ այսօր էլ  բացատրում ես, որ Դու ամէն վայրկեան պատրաստ ես դարձեալ խաչ բարձրանալու, միայն թէ թեթեւացնես մեր տառապանքի բեռը, միայն թէ մենք հասկանանք, թէ Դու մեզ ինչքա՛ն ես սիրում:

Դու պատրաստ ես այսօր էլ ամեն վայրկեան մեռնել մեզ համար, բայց որպէսզի մենք ոչ թէ սգանք, այլ ուրախանա՛նք՝ գիտակցելով, որ Դու Քո մահով մեզ համար բացել ես նոր կեանքի, մեծ յոյսի դուռը, որի սեմից այն կողմ մեր բոլոր հիւանդութիւնների, ցաւերի, թուլութիւնների աւարտն է եւ մեր երջանկութեան սկիզբը:

Քո Խաչի զօրութեանն ու առատ շնորհներիդ ապաւինելով՝ միասնաբար աղաչում ենք, եթէ Քո կամքն է, շուտափոյթ բուժում շնորհի՛ր բոլոր նրանց, ում անունները յիշեցինք Սուրբ Պատարագին եւ ում համար աղօթում ենք այժմ, զօրացրո՛ւ նրանց կամքը եւ հաւատը, որ համբերութեամբ կրեն իրենց դժուարութիւնները՝ դարձնելով դրանք ապաշխարութեան միջոց՝ իրենց կամ ուրիշների մեղքերի համար:

Շնորհ տու՛ր բոլորիս, որպէսզի մեր դժուարութիւնները նուիրենք Քեզ՝ որպէս մի գեղեցիկ նուեր, որպէս կիսում Քո Խաչի տառապանքների, որպէս մի ճանապարհ, որով կարող ենք քայլել Քո հետքերով:

Քո Սուրբ Պատարագի զօրութեամբ աղօթում ենք նաեւ բոլոր նրանց համար, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում տառապում են կորոնավիրուսի, էբոլա վիրուսի եւ այլ համաճարակներից, աղօթում ենք նրանց ընտանիքների համար, խնդրում ենք զօրացրո՛ւ նրանց եւ շուտափոյթ բուժում շնորհիր:

Խնդրում ենք, հեռու պահի՛ր ամեն տեսակ հիւանդութիւններից եւ ցաւերից մեզ, Քո ողջ Ընդհանրական Սուրբ Եկեղեցին եւ ամբողջ մարդկութիւնը, իսկ հիւանդութեան ժամին ցո՛յց տուր այն յաղթահարելու Քեզ հաճելի ճանապարհը, որը նաեւ մեր սրբութեան ճանապարհն է:

Սուրբ Կո՛յս, Մա՛յր Եկեղեցու, քո մայրական խնամքի ներքոյ պահի՛ր բոլոր այն հիւանդներին, ում համար աղօթում ենք. Ամեն:

Տ. Հովսեփ Գալստյան

16/03/2020, 08:40