Որոնել

Vatican News
Տէր Գրիգոր Ավգ. Քհն. Մկրտչյան Տէր Գրիգոր Ավգ. Քհն. Մկրտչյան 

Տէր Գրիգոր Ավգ. Քհն. Մկրտչյանի խորհրդածութիւնն ու աղօթքը՝ Մեծ Պահոց օրերի համար:

Անցել են դարեր, սակայն մենք շարունակում ենք ապրել մեր այս նախամօր օրինակով. մեզ համար եւս հաճելի, ակնահաճոյ եւ գրաւիչ է մեր այս կեանքը, որ վայելում ենք: Մենք այս նոյն իրավիճակի մէջ ենք, եւ Տէր Աստուած յաճախ հարցնում է. «Ո՞ւր ես», եւ, պէտք է քաջութիւն ունենանք՝ ասելու մեր Տիրոջը. «Ես լսեցի քո ձայնը եւ ամաչեցի, որովհետեւ չպահեցի այն խօսքերը, որ դու ինձ ասացիր. չուտել ծառի այն պտղից, որպէսզի չմեռնենք»:

Քայլե՛նք Տիրոջ նախանշած ճանապարհով

Սիրելի՛ հաւատաւոր ժողովուրդ,

Որքա՜ն խաբուսիկ է այս կեանքը, որ մենք ենք ապրում: Մեր ողջ կեանքը փորձում ենք ապրել յանուն մեր անձի երջանկութեան եւ յաջողութեան, եւ շատ յաճախ, մտածում ենք ոչ թէ այն ամենի մասին, ինչ Աստուած է մեզ պարգեւել, այլ՝ ինչ մե՛զ է հաճելի: Փորձում ենք ապրել քրիստոնԷավայել կեանքով, բայց ուզում ենք ունենալ ամեն բան եւ ամեն ինչ: Շատ անգամ Աստուած իր ձեռքն է մեկնում, իր շնորհներն է տալիս, որպէսզի կարողանանք ապրել քրիստոնեային վայել կեանքով, սակայն, այդ շնորհներն օգտագործելու փոխարէն՝ նմանւում ենք մեր նախածնողներին. «Կի­նը տե­սաւ, որ ծա­ռի պտու­ղը լաւ է ու­տե­լու հա­մար, ակ­նա­հա­ճոյ է ու գրա­ւիչ՝ ըմ­բռ­նե­լու հա­մար: Նա առաւ նրա պտ­ղից, կե­րաւ ու տուեց իր մօտ կան­գ­նած ամուս­նուն, եւ նրանք կե­րան» (Ծննդոց 3:6-7):

Անցել են դարեր, սակայն մենք շարունակում ենք ապրել մեր այս նախամօր օրինակով. մեզ համար եւս հաճելի, ակնահաճոյ եւ գրաւիչ է մեր այս կեանքը, որ վայելում ենք: Մենք այս նոյն իրավիճակի մէջ ենք, եւ Տէր Աստուած յաճախ հարցնում է. «Ո՞ւր ես», եւ, պէտք է քաջութիւն ունենանք՝ ասելու մեր Տիրոջը. «Ես լսեցի քո ձայնը եւ ամաչեցի, որովհետեւ չպահեցի այն խօսքերը, որ դու ինձ ասացիր. չուտել ծառի այն պտղից, որպէսզի չմեռնենք»:

Այդ ժամանակուանից Աստծոյ Խօսքը եղաւ որպէս դատաստան մարդկութեան համար, որովհետեւ Աստծոյ փափագը մարդուն երջանիկ տեսնելն է:

Անհնազանդութիւն եղաւ մարդու կողմից եւ շարունակւում է մինչ օրս, սակայն Տէր Աստուած չմոռացաւ իր ստեղծեալներին՝ Ադամին եւ Եւային, եւ «…կա­շուից զգեստ­ներ պատ­րաս­տեց ու հագ­ց­րեց նրանց» (Ծննդոց 3:21): Անգամ այս անհնազանդութեան պարագայում Աստուած չմոռացաւ մարդուն: Եւ Տէր Աս­տուած ասաց. «Ահա Ադա­մը դար­ձաւ մեզ նման մէ­կը, նա գի­տէ բա­րին եւ չա­րը: Արդ, գու­ցէ նա ձեռ­քը մեկ­նի, քա­ղի կե­նաց ծա­ռից, ու­տի եւ ան­մահ դառ­նայ»: Եւ Տէր Աս­տուած ար­տաք­սեց նրան բեր­կ­րու­թեան դրախ­տից, որ­պէս­զի նա մշա­կի այն հո­ղը, որից ստեղ­ծուել էր (Ծննդոց 3:22-23):

Որքա՜ն տարօրինակ եւ յուզիչ է այս ամբողջ ընթացքը. մի կողմից մարդը փորձում է նմանուել իր Արարչին, միւս կողմից անհնազանդութիւն է ցուցաբերում Նրա նկատմամբ եւ խոստովանում, որ չի հնազանդուել Աստծոյ կամքին: Այս ընթացքը մեր ամբողջ կեանքի նկարագիրն է. չընդունել, խոստովանել եւ առաջնորդուել նախկին մեղքով:

Եւ Աստուած ձեռք մեկնեց մեզ՝ ասելով հետեւեալը. «Թշ­նա­մու­թիւն պի­տի դնեմ քո եւ այդ կնոջ մի­ջեւ, քո սերն­դի ու նրա սերն­դի մի­ջեւ: Նա պի­տի ջախ­ջա­խի քո գլու­խը, իսկ դու պի­տի խայ­թես նրա գար­շա­պա­րը» (Ծննդոց 3:15):

Աստծոյ խոստումը մնաց եւ կատարուեց Բեթղեհէմում՝ քարայրի մէջ ծնուած մանուկ Յիսուսով, որի ծնունդը ազդարարեցին հրեշտակները. «Մի՛ վա­խե­ցէք, որով­հե­տեւ ահա ձեզ մեծ ու­րա­խու­թիւն եմ աւե­տում, որն ամ­բողջ ժո­ղո­վր­դի­նը կլի­նի. քանզի այ­ս­օր Դաւ­թի քա­ղա­քում ձեզ հա­մար ծնուեց մի Փր­կիչ, որ օծեալ Տէրն է» (Ղուկ. 2:10-11):  «Փա՜ռք Աստ­ծուն բար­ձունք­նե­րում, եւ եր­կ­րի վրայ խա­ղա­ղու­թի՜ւն, եւ հա­ճու­թի՜ւն մարդ­կանց մէջ» (Ղուկ. 2:14): Մանուկ Յիսուսն ի սկզբանէ իւրաքանչիւրիս մէջ խաղաղութիւն եւ հաշտութիւն է փնտրում, եւ մենք ենք, որ ընդունում կամ հրաժարւում ենք այդ խաղաղութիւնից, սիրուց եւ հաշտութիւնից: Մեր մէջ արդեօ՞ք պակասել է սերը, մեր մէջ արդեօ՞ք պակասել է խաղաղութիւնը… մեր մէջ աւելացել է այն նոյն զգացումը. «Նշանուե՜նք Աստծուն՝ առանց Աստծուն մեր մէջ ունենալու»: Եւ սա՛ է մեզանից իւրաքանչիւրի մէջ եղած դատարկութիւնը: Ո՞վ եմ ես եւ ինչքա՞ն կարող եմ ապրել առանց Աստծոյ, ապրել առանց Նրա, ով ինձ ստեղծեց, ով իր սիրուց ինձ բաժին տուեց, Իր Հոգուց ինձ հոգի տուեց, ով ամեն անգամ փորձում է իմ ձեռքը բռնել եւ ասել. «Մի՛ վախեցիր, արի՛ ինձ մօտ, որովհետեւ ես եմ ճանապարհը, ճշմարտութիւնը եւ կեանքը»:

Գիտենք, որ թերահաւատութիւնը մեր կեանքի անբաժանելի մասն է եւ, երբ մենք խորասուզուում ենք կեանքի ալիքների մէջ՝ միշտ կանչում ենք աշակերտների նման. «Տէ՛ր, փր­կի՛ր մեզ, որով­հե­տեւ կոր­չում ենք»: Նրանց ասաց. «Ին­չո՞ւ էք վախ­կոտ, թե­րա­հա­ւատ­նե՛ր»: Այնժա­մ վեր կե­նա­լով՝ սաս­տեց հող­մե­րին ու ծո­վին, եւ մեծ խա­ղա­ղու­թիւն եղաւ» (Մտթ. 8:25-26): Այսօր էլ մեր կեանքի մէջ այսպիսի փոթորիկներ կան եւ միշտ էլ լինելու են, մենք խառնուած ենք ծովի այս ալիքներին՝ ես, դու եւ նա, եւ նոյն այս մտածումն ունենք. «Տէ՛ր, փր­կի՛ր մեզ, որով­հե­տեւ կոր­չում ենք», ու դարձեալ նոյն պատասխանն ենք ստանալու. «Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ այսօր, վաղը եւ յաւիտեան»:

Քայլե՛նք Տիրոջ նախանշած ճանապարհով: Այդ ճանապարհին են յոյսը, հաւատը եւ սէրը: Հավատա՛ այսօրուան, յուսա՛ վաղուայ օրուան, սիրի՛ր մարդ արարածին, ում Աստուած ստեղծեց եւ մի՛ վախեցիր, որովհետեւ Աստուած միշտ քեզ հետ է: Յուսալով եւ սիրելով կարող ես մտնել այն հանգրուանի մէջ, որն ի սկզբանէ ստեղծուած էր իւրաքանչիւրիս համար, այն է՝ Երկնքի արքայութիւնը:

Եւ ուրեմն, սիրելինե՛ր, յիշե՛նք մեր Տիրոջ պատուիրանները.

Պատուի՛ր քո հօրն ու մօրը,

Մի՛ սպանիր,

Մի՛ գողացիր,

Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր,

Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր (Ելք 20:12-17):

Առ այսօր, նոյն հրամայականը դրուած է իւրաքանչիւրիս առջեւ: Ուրեմն, սիրելի՛ ժողովուրդ, եկէ՛ք պահենք այդ բոլորը եւ առաջնորդուենք Առակած Գրքի հետեւեալ խօսքերով.

«Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր Նրա յանդիմանութիւնը, քանզի Տէրը ում սիրում է՝ նրան խրատում է եւ պատժում նրան՝ ում ընդունում է որպէս որդի: Երանի՜ այն մարդուն, որ իմաստութիւն կգտնի» (Առ. 3: 12-13). Ամեն:

 

Աղօթք

Տէ՜ր իմ Յիսուս Քրիստոս,

Դու ասացիր՝ մի՛ վախեցիր, արի՛ ինձ մօտ։ Եւ ինչպէս Պետրոսը չվախեցաւ և քայլեց ծովի վրայ, մի՜ թող, որ երկմտեմ, ինչպէս Պետրոսը։ Թոյլ մի՜ տուր, որ ընկղմուեմ և ձեռքս նորից մեկնեմ Քեզ, այլ զօրացրու և աւելացրու հաւատքն իմ։ Դո՛ւ ես իմ յոյսը և փրկութիւնը, Դո՛ւ ես իմ ապաւէնը։ Այս փորձութեան պահին առաջնորդի՜ր ինձ, որպէսզի չվախենամ, չերկմտեմ և վստահութեամբ քայլեմ դէպի Քեզ։ Քեզանից է իմ կեանքը, և Դու ես իմ ապաւէնը, ինձ ոչինչ չի պատահի, քանզի Դու իմ մէջ ես և ես՝ Քո մէջ։ Վստահում և ապրում եմ Քո ամենամեծ նախախնամութեամբ։ Օգնի՜ր և պահպանիր մեզ ամեն փորձութիւնից և ամեն վախից։ Ամեն։

Տէր Գրիգոր Ավգ. Քհն. Մկրտչյան

Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ

Աթոռանիստ Եկեղեցւոյ Ժողովրդապետ

16/03/2020, 08:41