Որոնել

Vatican News
Պազարոսի յարութիւնը Պազարոսի յարութիւնը 

«Կայ՛ ելք՝ «անելանելի» իրավիճակներից. Նայինի այրի կնոջ որդու յարութիւնը»: Տէր Յովսէփ Գալստյանի խորհրդածութիւնը։

Յիսուս մօտենում է իւրաքանչիւր մեղաւորի՝ ճիշտ ինչպէս մօտեցաւ Նայինի մեռեալ տղային եւ ասում է. «արի՛», «վեր կա՛ց» քո մեռեալ, ակնեալ վիճակից, որպէսզի գաս դէպի ինձ, դէպի լոյսը

Այսօրուայ Աւետարանի հատուածը Ղուկասից է՝ 7, 11-17 համարները, որտեղ պատմւում է Նային քաղաքում Տիրոջ կողմից մի այրի կնոջ որդուն յարութիւն տալու դրուագը: Մեռեալներին վերստին կեանքի վերադարձնելու մասին պատմութիւնները Աստուածաշնչում շատ չեն եւ դրանք շատ կարեւոր կէտեր են՝ խորհրդածելու համար ամենադժուարին պահերը Աստծոյ օգնութեամբ յաղթահարելու հնարաւորութիւնների մասին:

Այսօրուայ պատմութիւնը շատ յուզիչ է. Յիսուս իր աշակերտների հետ մտնում է Նային քաղաքը եւ դարպասի մօտ տեսնում է, որ մի դագաղ են դուրս բերում, մահացածը մի այրի կնոջ միամօր որդին էր: Կարո՞ղ ենք պատկերացնել, թէ ինչպէ՛ս էր այդ կինը տանջւում ցաւից, որովհետեւ կորցրել էր նախ ամուսնուն, ապա եւ իր միակ որդուն՝ իր ունեցած միակ հարստութիւնը, իր կեանքը շարունակելու միակ իմաստը, նպատակը, իր ընտանիքի մնացած միակ ծվանը, լուսաւոր կէտը, մի խօսքով՝ իր ունեցած լաւագոյնը:

Ղուկասը գրում է. «Երբ Տէրն այդ կնոջը տեսաւ, գթաց նրան եւ ասաց. «Մի՛ լար»: Եւ ապա Տէրը մօտենում է տղայի դագաղին եւ մեռեալին ասում է. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վեր կա՛ց», իսկ գրաբար տեքստում կարդում ենք. «պատանի դու, քեզ ասեմ՝ արի՛», Ղկ. 7, 14: Մեռեալը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել: Եւ Յիսուս նրան տուեց մօրը», կարդում ենք Աւետարանում: Ժողովուրդը զարմացած է եւ վախեցած եւ ասում են. «Մի մեծ մարգարէ է յայտնուել մեր մէջ» եւ Աստուած բարութեամբ այցելել է իր ժողովրդին», Ղկ. 7, 16:

Յիսուսն այդ այրի կնոջը եւ հաւաքուած բազմութեանը հենց դա էր ուզում վստահեցնել, որ Աստուած իր բարութեամբ այցելել է իր ժողովրդին՝ Իր Որդու անձի մէջ, Յիսուսի անձի մէջ, մտնելով մարդկային պատմութեան մէջ, գալով մարդկանց մօտ, ապրելով նրանց հետ միասին, շրջելով նրանց քաղաքներում, գիւղերում, որպէսզի մարդկային լեզուով եւ մարդկային կեանքով, իր գործերով բացատրի, թէ ինչքա՛ն է Ինքը սիրում մարդուն եւ որ Իր անսահման գթութեամբ միշտ գալիս է թեթեւացնելու մարդու վիշտը, ելք շնորհելու՝ անելանելի դրութիւնների մէջ:

Նայինի այրին այլեւս կորցրել էր իր յոյսը, որ մի ելք կլինի. որդուն արդեն տանում էին թաղելու, այլեւս բոլոր դռները փակուած էին թւում, եւ ահա՛ գալիս է Նա, ով առաջարկում է ելք, տալիս է մի նոր յոյս եւ իր խոսքով փոխում է իրականութիւնը, որը թւում էր անփոփոխ, դառն եւ անդառնալի:

Յիսուս այս եւ միւս գործերով փաստում է, որ Աստուած անտարբեր չէ իր զաւակների ցաւի հանդէպ, որ միշտ շարժւում է Իր աստուածային գութը, որ Տէրը միշտ խորապէս ցաւ է զգում՝ տեսնելով իւրաքանչիւրիս՝ տառապանքի, անելանելի դրութեան մէջ յայտնուելը եւ միշտ շտապում է փոխելու այդ իրականութիւնը, կանգնելու տառապեալի կողքին, մանաւանդ, երբ տեսնում է մարդու մէջ հաւատ եւ զղջում: Յիսուս պատանուն ասաց. «արի՛» եւ պատանին վեր կացաւ: Ճիշտ ինչպէս այդ տղային ասաց, Յիսուս մեր դժուարին օրերին միշտ մօտ է մեզ եւ այդ նոյն գթութեամբ, նոյն ջերմութեամբ եւ ցաւ ի սիրտ ունենալով՝ ասում է. «արի՛»:

Յիսուս մեզ դուրս է կանչում մեր անելանելի վիճակից՝ Ինքն Իրեն առաջարկելով մեզ՝ որպէս ելքլուծում՝ մեր խնդիրներին, նա առաջարկում է ամբողջովին վստահել եւ ապաւինել Իրեն, ինչպէս աղօթում է սաղմոսերգուն.

«Տէրն իմ կեանքի ապաւէնն է. ես ումի՞ց պիտի դողամ», Սղմ. 26, 1:

Յիսուս նեղութեան մէջ գտնուող տառապեալին առաջարկում է Ինքն Իրեն՝ որպէս Դուռ.

«Ես եմ դուռը, եթէ մէկն իմ միջով մտնի, կփրկուի», Հվհ. 10, 9:

Յիսուս մահուան ստուերների եւ սարսափների մէջ գտնուողին առաջարկում է Ինքն Իրեն՝ որպես առաջնորդող եւ օգնական.

«Թէկուզ գնամ մահուան ստուերների միջով, չարից չպիտի վախենամ, քանզի դու՝ Տէր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գաւազանը կմխիթարեն ինձ», Սղմ. 22, 4:

Յիսուս խաւարի մէջ խարխափող յուսահատներին Ինքն Իրեն առաջարկում է որպէս Լոյս.

«Տէրն իմ լոյսն է եւ իմ կեանքը, ես ումի՞ց պիտի վախենամ», Սղմ. 26, 1:

«Արթացի՛ր, դու, որ քնած ես, վեր կա՛ց մեռելների միջից, եւ Քրիստոս կլուսաւորի քեզ», Եփ. 5, 14:

Ուրեմն, այս օրերի մեր դրութիւնը բնավ անելանելի չէ, նոյնիսկ երբ չարն իր ճանկերը հասցնի մինչեւ մեզ եւ մեր հարազատներին, մենք իրաւունք չունե՛նք վախենալու, որովհետեւ Յիսուս, որ սիրեց եւ սիրում է մարդուն մինչեւ վերջ՝ ի սպառ, չի թողնի մեզ մենակ:

Բայց գիտէ՞ք՝ Յիսուսի կանչը՝ «արի՛», նաեւ պատասխանատվություն է դնում մեր ուսերին: Երբ նա մեզ կանչում է Իր մօտ մեր կեանքի կոնկրետ հանգամանքներում,- իսկ Նա մի՛շտ կանչում է,-մենք չենք կարող Իրեն մօտենալ նոյն վիճակով, որովհետեւ Նայինի այրի որդու մահը մեզ նաեւ առիթ է տալիս մտածելու ոչ միայն հիւանդութիւնների, մահուան սպառնալիքի, այլեւ՝ մեր մեղաւոր վիճակի մասին, որի հետեւանքով էլ, շատ յաճախ, մենք տառապում ենք: Ինչպէս գիտէք, տառապանքը, նաեւ մարմնական տառապանքը, հիւանդութիւնները, մահը նախնական մեղքի հետեւանք են՝ մարդկային բնութեան՝ Աստծուց հեռանալու մոլուցքի անխուսափելի հետեւանք: Հետեւաբար, մեղքերի մէջ թաղուած եւ նոյն մեղաւոր կեանքը շարունակաբար ապրող մարդը նման է մեռեալի, որի համար, մի գուցէ, կենսաբանական մայրը չի սգում այնպէս, ինչպէս պիտի սգար իր զաւակի բնական մահուան դէպքում, բայց սգում է մեր բոլորի Մայրը՝ Տիրամայրը, Յիսուսի՛ մայրը, իւրաքանչիւրիս հոգեւոր մայրը եւ մեզ հոգեւոր կերակրով սնողը, դաստիարակողը:

Սուրբ Կոյսը սգում է իւրաքանչիւր մարդու, մանաւանդ, մկրտուածների մեղաւոր վիճակի համար, որ նշանակում է հոգեւոր մահ, եւ որն աւելի սարսափելի է՝ քան ֆիզիկական մահը, որովհետեւ ֆիզիկական մահուանից յետոյ կա յաւիտենական կեանք, Աստուած մէկ այլ մարմին է տալու մեզ, բայց հոգու մահը, չզղջալու, մեղքերից չհրաժարուելու դէպքում կարող է լինել յաւերժական, որ նշանակում է դատապարտուել դժոխքի կրակների մէջ այրուելու, իսկ սա կեանք չէ, սա յաւիտենական մահ է, որովհետեւ կեանքը միայն Տիրոջ ներկայութեան մէջ է եւ բխում է միայն Տիրոջից:

Յիսուս մօտենում է իւրաքանչիւր մեղաւորի՝ ճիշտ ինչպէս մօտեցաւ Նայինի մեռեալ տղային եւ ասում է. «արի՛», «վեր կա՛ց» քո մեռեալ, ակնեալ վիճակից, որպէսզի գաս դէպի ինձ, դէպի լոյսը: Իսկ ինչպէ՞ս ենք մենք պատասխանում Իր այդ հրաւէրին, որ սիրուց է մղուած: Երբ նեղութեան մէջ ենք, հիւանդութիւնը, վախը կրծում է մեր հոգին, մենք սիրում ենք աղաղակել եւ օգնութեան կանչել Տիրոջը, բայց երբ չկայ հիւանդութիւնն, առողջ ենք մարմնապէս, մոռանում ենք առողջ պահել նաեւ մեր հոգին, քայլել դէպի Յիսուսը՝ մաքրագործուելով, յստակ հեռու մնալով այն ամենից, ինչ վնասում է մեր հոգին եւ մարմինը:

Եւ չմոռանա՛նք, որ Յիսուս մօտեցաւ այդ մեռեալի դագաղին՝ առանց այրի կնոջ խնդրանքի, Ի՛ր նախաձեռնութեամբ, որովհետեւ, կարդում ենք, «գթաց նրան»: Յիսուս չի սպասում, որ մեղքերի մէջ մեռեալը Իրեն դիմի, Ինքը գիտի մեր կարիքները՝ նախքան, որ մենք Իրենից խնդրենք, ինչպէս Ինքն է ասում Աւետարանում: Յիսուս Ի՛նքն է գալիս մեզ մօտ եւ կանչում է իր ետեւից եւ ասում է. «Վերցրու՛ քո խաչը եւ արի՛ իմ ետեւից», ինչպէս ասաց այն հարուստ երիտասարդին, որ սակայն, չուզեց թողնել իր ունեցածը եւ հետեւել Յիսուսին: Տէրը մեզ մօտ գալիս է յանկարծակի, ինչպէս եկաւ, օրինակ, մաքսատանը նստած Ղեւիի մօտ եւ միայն կարճ մի խօսք ասաց. «Իմ ետեւից արի՛», եւ նա թողնելով ամեն ինչ, վեր կացաւ, գնաց նրա ետեւից», Ղկ. 5, 27-28: Դարձեալ այստեղ ունենք՝ «վեր կացաւ»: Յիսուսին մօտենալու համար հարկաւոր է վեր կենալ մեր ակնեալ վիճակից, դուրս գալ քնի կամ մահուան վիճակից եւ գնալ դէպի կեանքը: Երբ մօտենանք Յիսուսին, որ Կեանքն է, հաւատացէ՛ք, այլեւս, ոչինչ չի կարող ունենալ այնքան մեծ կարեւորութիւն, որի համար մենք հեռանանք Յիսուսից, ճիշտ ինչպէս Ղեւիի համար, որ կոչուեց «Մատթէոս» եւ եղաւ աւետարանիչ, ըստ աւանդութեան:

Մահուանից դէպի կեանք դառնալու կամ յարութեան այս դրուագները մեզ նախապատրաստում են զատկական շաբաթուան եւ Յարութեան մեծագոյն իրադարձութեանը: Այս թեմային կվերադառնանք նաեւ այս շաբաթուայ վերջին՝ խորհրդածելով Ղազարոսի յարութեան մասին:

 

Տ. Հովսեփ

30 մարտի, 2020

31/03/2020, 11:09