Որոնել

Աւետում Աւետում 

Աւետումը… Քրիստոսի մարդեղութեան օր։

«Բերկրալից Կոյս Մարիամ, դուն որ մեր տրտմած բնութեան ուրախութիւնն ես, դուն որ ողջոյնի օրէնքը տուողը ողջունաբեր աւետումով մէջդ կրեցիր, անոր քով մեզի համար միշտ բարեխօս եղիր»:

Աւետման Շարական ի գիշերի – Օրհնութիւն ԱԿ

«Մի՛ վա­խե­ցիր, Մա­րի­ա՛մ, քանզի Աստ­ծուց դու շնորհ գտար: Եւ ահա, դու կյղի­ա­նաս եւ կծնես մի Որ­դի ու նրա անու­նը Յի­սուս կդնես: Նա մեծ կլի­նի եւ Բար­ձ­րեա­լի Որ­դի կկոչուի: Եւ Տէր Աս­տուած նրան կտայ նրա հօր՝ Դաւ­թի աթո­ռը, եւ նա յա­ւի­տեան կթագա­ւո­րի Յա­կո­բի տան վրայ, ու նրա թա­գա­ւո­րու­թիւ­նը վա­խ­ճան չի ու­նե­նայ» (Ղուկ. 1:30-33): Յիսուսի հրաշափառ ծննդեան աւետման մասին մանրամասնօրէն նկարագրւում է Ղուկասի Աւետարանում:  Ինչպէս աւետարանիչն է պատմում՝ վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակն Աստծու կողմից ուղարկւում է Գալիլիայի Նազարէթ քաղաք՝ Մարիամ անունով մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփի հետ, ով Դաւթի տնից էր: Վեցերորդ ամիսը նիսան է կոչւում, բայց, ինչպէս նշւում է Ելքում. «Այս ամի­սը թող ձեզ հա­մար ամիս­նե­րի սկիզ­բը լի­նի. այն թող տա­րուայ առա­ջին ամի­սը լի­նի» (Ելք 12:2), հետեւաբար, սա համարւում է ոչ թէ տարուայ վեցերորդ, այլ՝ առաջին ամիսը: Այստեղ, վեցերորդ ասելով, պէտք է իմանալ Զաքարիայի աւետումից վեց ամիս անց, քանզի թշրին ամսին՝ Քաւութեան տօնին, տրուեց աւետիսը Զաքարիային, որից վեց ամիս յետոյ հրեշտակն առաքուեց աւետելու Կոյսին: Այդ ամիսը սկիզբն է հրէաների բոլոր ամիսների եւ սկիզբը բոլոր արարչագործութիւնների: Դրանով կատարուեց մարգարէութիւնը, ըստ որի՝ Քրիստոս Դաւթի տնից պիտի ծնուէր: Եւ որպէսզի իմանանք, որ Յովսէփից չէր Մանուկը, Մատթէոս աւետարանիչն ասում է. «Յի­սուս Քրիս­տո­սի ծնուն­դը այս­պէս եղաւ. նրա մայ­րը՝ Մա­րի­ա­մը, որ Յով­սէ­փի նշա­նա­ծն էր, նախ­քան նրանց իրար մօ­տե­նա­լը՝ Սուրբ Հո­գուց յղի­ա­ցած գտ­նուեց» (Մատթ. 1:18): Իսկ Ղուկասի Աւետարանում ասւում է. «Եւ հրեշ­տա­կը, գա­լով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնոր­հ­ըն­կալ, Տէ­րը քեզ հետ է» (Ղուկ. 1:28):

Ուրախացի՛ր…  Աստուած քեզ հետ է առարկայական կեանքում: Աստուած ինքը անձամբ սկսեց նախաձեռնութիւնը եւ ընտրեց բնակուել մեր մէջ, ինչպէս Նա արեց Մարիամի հետ: Նա ապրում է մեր մէջ, մեր առօրեայ պայքարների մէջ՝ լի մտահոգութիւններով եւ մի շարք ցանկութիւններով: Հայր Աստուած մեր քաղաքներում, դպրոցներում եւ համալսարաններում, հրապարակներում եւ հիւանդանոցներում յայտարարեց ամենագեղեցիկ աւետիսը, որ մենք կարող ենք լսել. «Ուրախացէ՛ք, Տէրը ձեզ հետ է»: Մի ուրախութիւն, որը կեանք է ստեղծում, որը յոյս է ներշնչում, որը դառնում է կենդանի մարմին, այն ձեւը՝ ինչպիսին մենք ենք նայում վաղուայ օրուան, այն վերաբերմունքը, որով մենք նայում ենք ուրիշներին: Մի ուրախութիւն, որը դառնում է համերաշխութիւն, հիւրընկալութիւն եւ ողորմութիւն բոլորի հանդէպ:

Մարիամը չվարանեց, այլ՝ վստահութեամբ ընդունեց Աստուծոյ կոչը եւ Նրա փրկչագործական ծրագիրը:

Christus Vivit (Քրիստոս Կենդանի է) հովուական թուղթի մէջ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը Մարիամին ներկայացնում է որպէս նոր քրիստոնէական տիպար մեր այսօրուայ երիտասարդների համար՝ լինի տղայ, թէ աղջիկ: Մենք բոլորս պէտք է նմանուենք «շնորհքներով լի երիտասարդ» Մարիամին եւ ինչպէս Մարիամը հետեւեց իր Որդուն՝ նոյնպէս եւ երիտասարդները պէտք է հետեւեն Քրիստոսին եւ Մարիամին վերցնեն իբրեւ պաշտպան իրենց կեանքի համար: Մարիամը՝ որպէս երիտասարդ եւ չափահաս, կատարեց իր կարեւորագոյն ընտրութիւնը աւետման ժամանակ, երբ Գաբրիէլ հրեշտակապետը ներկայացրեց կեանքի ամենադժուար ծրագիրը՝ դառնալ Աստուածորդու մայրը, եւ առանց կասկածելու՝ լի Տիրոջ նկատմամբ վստահութեամբ նա արտասանեց իր «այո՛»-ն. «Ահա­ւա­սիկ ես մնում եմ Տի­րոջ աղա­խի­նը. թող քո խօս­քի համա­ձայն լի­նի ինձ» (Ղուկ. 1:38):

Մարգարիտը ծնուել է ոստրէների վէրքից: Յիսուսը, իր սիրով, կարող է բուժել մեր սրտերը՝ վէրքերը վերածելով իսկական մարգարիտների: Պօղոս Առաքեալը Կորնթացիներին ուղղուած իր երկրորդ թուղթի մէջ ասում է. «Իմ շնոր­հը բաւական է քեզ համար, քանզի իմ զօ­րու­թիւ­նը տկա­րու­թեան մէջ է ամբողջանում» (2 Կորնթ. 12:9):

Սիրելի՛ երիտասարդներ, մի՛ վախեցէք, կեանքի դժուարութիւնները յաղթահարելի են, եթէ դուք միշտ Աստուծոյ հետ էք եւ հայցում էք Աստուածամօր բարեխօսութիւնը:

Առ ի գիտութիւն.  Աւետումը Հայ Եկեղեցւոյ անշարժ տօներից մէկն է: Կաթողիկէ եւ Յոյն եկեղեցիները Սուրբ Ծնունդը նշելով դեկտեմբեր 25-ին՝ Աւետումը տօնում են մարտ 25-ին: Մինչդեռ, Հայ Առաքելական Եկեղեցւոյ կողմից այն միշտ տօնւում է ապրիլ 7-ին։ Նոյնիսկ եթէ տօնը Մեծ Պահքին զուգադիպի, ապա՝ Եկեղեցւոյ սուգի եւ ապաշխարութեան ձեւերն ընդհատւում են (նախկինում Աւետման տօնը, եթէ Մեծ Պահքին էր համընկնում՝ յետաձգւում էր Սուրբ Զատկի չորրորդ օրուան): Ապրիլ 7-ը Հայաստանում նշւում է նաեւ որպէս Մայրութեան եւ գեղեցկութեան տօն։ Խորհրդանիշը բրաբիոն ծաղիկն է: Սուրբ Աստուածամայրը մայրն է բոլոր քրիստոնեաների եւ ծնողը Ընդհանրական Սուրբ Եկեղեցւոյ, քանզի սկիզբն է Սուրբ Ծննդեան Աւազանի: Խրիմեան Հայրիկը մօրը համարում է ընտանիքի թագուհի. «Տունն ու ընտանիքը մի փոքրիկ թագաւորութեան երկիր ու սահման են, որի նահապետական աթոռի վրայ նստում են ծնողները. հայրն՝ իբրեւ թագաւոր, մայրն՝ իբրեւ թագուհի, ու կառավարում են հպատակ ընտանիքը: Այս ընտանեկան պալատում եւ թագաւորութիւնում ո՛չ ոստիկան կայ, ո՛չ սուր, ո՛չ բռնութիւն, ո՛չ գաւազան. ամէն տեղ հայրական սէր ու մայրական գորով է, դաստիարակողն ու խրատողը՝ ծնողների կենդանի օրինակը»:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/03/2020, 13:09