Որոնել

Vatican News
Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան  

Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի Աստուածայայտնութեան տօնի քարոզը։

Մեր կեանքի դժուար պահերին եկե՛ք չյուսահատուենք, քանզի Աստուած ներկայ է մեր մէջ:

Այսօր Հայ Կաթողիկէ Եկեղեցին տօնում է Աստուածայայտնութիւնը եւ Մկրտութիւնը Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի:

Հայր Աստուած նախաձեռնում է, փնտռում մարդուն եւ կանչում նրան մասնակիցը դառնալու Իր աստուածային կեանքի եւ սահմանում ներքին երջանկութիւնը:

Աստուած իր կենդանի ներկայութեան նշաններ է ուղարկում ինչպէս աստղերի միջոցով. «Աս­տ­ղը տես­նե­լուն պէս չա­փա­զանց ու­րա­խա­ցան» (Մատթ. 2:10), այնպէս էլ մարդկանց, նրանց խղճի եւ ներքին ձայնի միջոցով: Աստուծոյ վերջին ու կատարեալ յայտնութիւնը եղաւ Իր Միածին Որդու միջոցով. «Ով Ինձ տեսնում է՝ Հօրը կը տեսնի, Ես Հօր մէջ եմ եւ Հայրը՝ իմ մէջ, Ես եւ Հայրը մէկ ենք»:

Աստուած փափաքում է եւ կարիքն ունի մարդու՝ յարգելով նրա արժանապատուութիւնը: Աստուած սիրում է մեզ, չի ատում, չի նեղում, Աստուած հրաւիրում է մեզ՝ չի ստիպում: Աստուած մեզ կանչում է մեր սեփական անուններով: Նրա սէրը մարդկութեան հանդէպ անսահման է, իւրայատուկ, եզակի ու աննման: Ուստի, խոնարհաբար դառնանք Աստուծոյ տօնին, խոհեմութեամբ կարդանք ժամանակի նշանները, մի պահ կանգ առնենք, որպէսզի ժամանակ յատկացնենք Տիրոջ հետ հանդիպմանը, քանզի Նրա ներկայութիւնը կենսական անհրաժեշտութիւն է մեզ համար:

Մեր կեանքի դժուար պահերին եկե՛ք չյուսահատուենք, քանզի Աստուած ներկայ է մեր մէջ: Կարող ենք մտածել, թէ Աստուած հանգստանում կամ քնում է, ո՛չ, երբե՛ք, Նա փորձում է մեր հաւատարմութիւնը:

Մոգերն Արեւելքից եկել էին փնտռելու եւ գտան թագաւորների Թագաւորին, աշխարհի Փրկչին, Յիսուս մանուկին և, բանալով իրենց գանձատուփերը՝ նուէրներ մատուցեցին. ոսկի (թագաւորութեան նշան), կնդրուկ (խունկ` աստուածութեան նշան) եւ զմուռս (ի յիշատակ Քրիստոսի մահուան եւ թաղման):

Իսկ մենք, արդեօ՞ք փնտռում ենք Յիսուսին մեր առօրեայ կեանքի ընթացքին, արդեօ՞ք գտել ենք Նրան եւ, որոնք են մեր նուէրները… Թող որ այս հարցերին իւրաքանչիւրը պատասխան տայ:

2020 տարի առաջ Բեթղեհէմից ճառագայթող լոյսով եւ ամրապնդուած յոյսով անխախտ ու մաքուր պահենք մեր հաւատքը եւ Դաւիթ մարգարէի հետ հետեւեալ սաղմոսն աղօթենք. «Առաջնորդի՛ր ինձ քո ճանապարհով, որ ընթանամ քո ճշմարտութեամբ, եւ սիրտս ուրախանայ՝ երկնչելով քո անունից» (Սղ. ՁԵ 11):

Ջրօրհնէքի սուրբ արարողութեան ընթացքին Խաչի քաւոր լինելը մեծ պատիւ է եւ ծանր պարտականութիւն: Սուրբ Խաչը ջրի մէջ իջեցնելը խորհրդանշում է Քրիստոսի մտնելը Յորդանան գետը եւ, երբ Յիսուս մկրտուեց՝ երկինքը բացուեց, Աստուծոյ հոգին ինչպէս աղաւնի իջաւ Նրա վրայ եւ ահա՝ մի ձայն եր­կն­քից, որ ասում էր. «Դա է իմ սի­րե­լի Որ­դին, որն ու­նի իմ ամ­բողջ բա­րե­հա­ճու­թիւ­նը» (Մատթ. 3:17), իսկ խաչքաւորը Յովհաննէս Մկրտչի խորհրդանիշն է:

Խաչքաւորը ընթացիկ տարուայ մէջ ստանձնում է Եկեղեցւոյ հոգեւոր եւ նիւթական պարտականութիւնները:

Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ

Ձեզի Մեզի Մեծ Աւետիս

 

Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Ժողովրդապետ

06.01.2020

10/01/2020, 08:00