Աստուածայայտնութեան տօնը Մոսկուայում
2020թ. յունուար 6-ին Մոսկուայի հայ համայնքը նշեց Աստուածայայտնութեան Մկրտութեան տօնը: Այս տօնը երկու կողմ ունի.
1.Արևելքի մոգերը՝ ովքեր ներկայացնում էին այդ ժամանակի աշխարհը, գալիս են երկրպագելու Յիսուս Քրիստոսին: Հեթանոս ժողովուրդները մոգերի միջոցով ընդունում են Յիսուս Քրիստոսին՝ որպէս իրենց Փրկիչ ու Թագաւոր: Բեթղեհէմի աստղը առաջնորդում է դէպի Փրկիչը: Յիսուս Քրիստոսը՝ որպէս Փրկիչ, ներկայանում է արդեն ոչ միայն հրէա ժողովրդին, այլեւ ամբողջ աշխարհին: Ժողովուրդները մոգերի միջոցով ընդունեցին ու ճանաչեցին Յիսուս Քրիստոսին:
2.Տիրոջ Մկրտութիւնը: Երեսնամեայ Յիսուս Քրիստոսն յայտնւում է ժողովրդին ու սկսում է իր հասարակական ծառայութիւնը: Յայտնւում է Սուրբ Երրորդութիւնը, երկնքից լսվում է Հայր Աստծոյ ձայնը. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը» (Մտթ. 3:17):
Սուրբ Հոգին՝ որպէս Հայր Աստծոյ կնիք, աղավնու տեսքով իջնում է Յիսուս Քրիստոսի վրայ: Հենց այս դրուագն է Սուրբ Երրորդութեան յայտնութիւնը, Աստուածայայտնութիւնը:
Այս տօնին շատ կարևոր է, որ ինքներս մեր մէջ նորացնենք Յիսուս Քրիստոսին փնտռելու ցանկութիւնը: Ինչպէս մոգերն էին գնում աստղի հետևից, այնպէս էլ մենք հետևենք հաւատքի աստղին այս աշխարհում, որը մեզ չի հասկանում ու ասում է. «ինչու՞ փնտռել Աստծուն, ինչու՞ սպասել Աստծոյ Թագաւորութեանը»: Հաւատքն ու սերը դա այն աստղն է, որը մեզ առաջնորդում է դէպի Յիսուս Քրիստոս: Մենք անպայման կգտնենք Նրան Եկեղեցում, Աւետարանում, այլ մարդու մէջ, յետոյ նաև՝ Երկնային Թագաւորութեան մէջ:
Անհրաժեշտ է նորացնել ըստ Մկրտութեան շնորհի ապրելու ցանկութիւնը: Մենք ստացանք այդ շնորհը և պատվաստվեցինք Յիսուս Քրիստոսին, մենք դարձանք Աստծոյ զաւակներ, դարձանք Աստուածային կեանքի մի մասը: Ապրել ըստ Յիսուս Քրիստոսի պատուիրանների, որպէս Աստծոյ զաւակներ՝ պայքարելով հոգու գեղեցկութեան ու սրբութեան համար, ամրապնդել Յիսուս Քրիստոսին հետևելու մեր որոշումը. դա այն է, ինչին մենք կոչուած ենք Աստուածայայտնութեան տօնի խորհրդով:
Քաղուած armenianchurchco.com կայքէն
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ