Որոնել

Vatican News
Ղազանչիի երիտասարդների Սուրբ Ծննդեան բեմադրութիւնը Ղազանչիի երիտասարդների Սուրբ Ծննդեան բեմադրութիւնը 

Ղազանչիի երիտասարդների Սուրբ Ծննդեան բեմադրութիւնը և ճրագներով թափօրը:

«Թող այս Սուրբ Ծնունդը և Աստուածայայտնութիւնը լինի ծնողների և զաւակների անդադար միասնական աղօթքի ծնունդ՝ մեր համայնքի բոլո՛ր ընտանիքների համար»

Ղազանչիում այս տարի յունուարի 5-ի երեկոյեան՝ 20:00-ին առաջին անգամ մատուցեցինք Աստուածայայտնութեան  ճրագալոյցի Սուրբ Պատարագ, մասնակցում էին մեծ թուով հաւատացեալներ, որոնցից շատերի տները այդ օրը նախապէս օրհնել էի և մէկ առ մէկ հրաւիրել երեկոյեան միասնական աղօթքին: Սուրբ Պատարագի աւարտին պատանիների մասնակցութեամբ առաջին անգամ ներկայացրեցինք մի բեմադրութիւն՝ Սուրբ Ծննդեան աւետարանական պատմութեան մասին: Փորձերն իրականացնելիս ինձ օգնում էին երգչախմբի ղեկավար տկն. Ալվարդ Մելքոնյանը և ծնողները, որի համար յայտնում եմ իմ խորին շնորհակալութիւնը: Պէտք է ասել, որ պատանիներն իրենց դերակատարումներն իրականացրեցին մեծ ջանադրութեամբ և սիրով: Նրանց բեմադրութիւնը նաև մի կարևոր առաքելութիւն ունէր՝ իրենց հոգևոր զարգացման ջանքերի վրայ հրաւիրել ծնողների ուշադրութիւնը: Հրեշտակներից մեկն իր յուզիչ խօսքում ասաց հետևեալը.

Ունկնդրէ լուրը

«Մենք սիրում ենք ձեզ՝ սիրելի ծնողնե՛ր, և մենք երազու՛մ ենք, որ ձեզ միշտ տեսնենք ուրախ, անհոգ, տեսնենք ժպտալով և միշտ խաղաղ: Մենք այստեղ ամեն շաբաթ աղօթում ենք մեր այս և միւս երազանքների համար և մենք նաև երազում ենք, որ դուք մեզ հետ միասին աղօթէք այստեղ՝ այս մատրան մէջ, որ միասին մասնակցենք Սուրբ Պատարագին, որ Յիսուսի աղօթքն է և զոհաբերութիւնն է, որ մատուցում է մեզ բոլորիս համար, որպէսզի մենք մեր կեանքն ապրենք երջանիկ, ապագայի հանդէպ յոյսով և վստահութեամբ լցուած, խաղաղ սրտերով, ազատ մեղքրից և չարի խաբեութիւններից: Եկէ՛ք միասին աղօթենք: Թող այս Սուրբ Ծնունդը և Աստուածայայտնութիւնը լինի ծնողների և զաւակների անդադար միասնական աղօթքի ծնունդ՝ մեր համայնքի բոլո՛ր ընտանիքների համար»:

Մի հրեշտակ էլ խօսեց Սուրբ Ծննդեան տեսարանի կարևորութեան մասին: Այս տարի հետևեցինք Սրբազան Քահանայապետի կոչին՝ հաւատացեալների ուշադրութիւնն առաւել հրաւիրելու Յիսուս Մանկան մսուրի տեսարանի խորհրդի կարևորութեան վրայ, թարգմանեցինք և գրքոյկների տեսքով գիւղերում բաժանեցինք Քահանայապետի ուղերձը, որ կոչւում է «Հրաշալի պատկերը»:

Հրեշտակն ասաց.

«Թո՛ղ Յիսուս Մանուկը ծնուի բոլորիս ընտանիքներում: Տե՛ղ բացե՛նք մեր ընտանիքներում Յիսուս Մանկան համար: Որքա՜ն հրաշալի կլինի, երբ բոլորիս տներում ունենանք Սուրբ Ծննդեան այս տեսարանը, որ քիչ առաջ տեսանք: Մեր տներում տօնածառերի կողքին կարող ենք մի գեղեցիկ անկիւն պատրաստել՝ այս տեսարանի համար՝ քարայրը, որ անասնագոմ էր, Յիսուս Մանուկը՝ մսուրի մէջ դրուած, խանձարուրով փաթաթուած, Սուրբ Յովսէփը, Սուրբ Կոյս Մարիամը, կենդանիները, հովիւները, մոգերը: Այս ամենը այնքա՜ն խորհրդաւոր է, մեծութիւնը՝ աղքատութեան մէջ, աստուածայինը՝ մարդկայինի մէջ, սէրը՝ աշխարհի անտարբերութեան և ատելութեան մէջ, լոյսը՝ աշխարհի խաւար գիշերուայ մէջ: Հաւատացէ՛ք, երբ այս տեսարանն ունենանք մեր տների մէջ, մեր ընտանիքներն է՛լ աւելի ջերմ ու խաղաղ կլինեն, մենք կլինենք աւելի սիրով միմեանց և ուրիշների հանդէպ, աւելի ներողամիտ և խաղաղասէր, որովհետև Յիսուսը միշտ մեզ հետ կլինի»:

Բեմադրութիւնից յետոյ՝ 10:00-ին, պատանիների և երիտասարդների հետ միասին վառուած ճրագներով, երգերով և աղօթատներով մի խորհրդաւոր թափոր արեցինք գիւղում, մտնում էինք բնակիչների տները և աղօթում, որ Աստուած օրհնի նրանց ընտանիքները, երգում էինք նրանց համար և բարեմաղթանքներ յղում: Թափորն աւարտեցինք արդեն կեսգիշերին մօտ և, չնայած ցրտին, ջերմ սրտերով վերադարձանք՝ պատրաստուելու համար յաջորդ օրուայ Աստուածայայտնութեան տօնական Պատարագին, որ դարձեալ բազմամարդ էր:

07/01/2020, 09:17