Որոնել

Vatican News
Անարատ Յղության տօնը Անարատ Յղության տօնը 

Անարատ Յղության տօնը՝ Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում

«Ասէ՛ք ինձ, ո՞վ է քաջը, նա՞, որ մնում է տանը, վախի մէջ և դռները փակած, թէ՞ նա է, ով դռները բացում է՝ հակառակ իր մօտիկների կամքին և ինքն իրեն նուիրում է ծառայութեանը»

Դեկտեմբերի 8-ին Գիւմրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ տաճարում կիրակնօրեայ Սուրբ Պատարագը նուիրուած էր Անարատ Յղութեան տօնին: Սուրբ Պատարագը մատուցեց Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ Հայ Կաթողիկէ Ճեմարանի Տեսուչ Հոգշն. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանը: Սուրբ Պատարագին ներկայ էին Անարատ Յղութեան Հայ քոյրերը՝ միաբանութեան Ընդհանուր Մեծակարողուհի Ք. Արուսեակ Սաճոնեանի գլխաւորութեամբ, Մայր Թերեզայի Գթության միաբան քոյրերը, մեծ թուով հաւատացեալներ Գիւմրիից և պատանիներ հարակից հայ կաթողիկէ համայնքներից, ում հետ մշտապէս աշխատել են Անարատ Յղութեան հայ միաբան քոյրերը: Սուրբ Պատարագի երգեցողութիւնը կատարում էր «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի խմբավարութեամբ:

Ունկնդրէ լուրը

Անարատ Յղութեան տօնը նաև հայ քոյրերի միաբանութեան տօնն է, որ նուիրուած է Անարատ Յղութեանը և կրում է Նրա անունը: Ամէն տարի տօնը քոյրերի համար առիթ է՝ նորոգելու իրենց նուիրեալ ծառայութեան ուխտը, որ ընդունել են Աստծոյ առաջ: Այս տարի կատարուեց նաև ք. Մարիամ Հարությունյանի մշտնջենաւոր ուխտադրութեան արարողութիւնը: Մշտնջենաւոր ուխտը վերջնական ուխտն է, որ քոյրերն ընդունում  են՝ ժամանակաւոր՝ մէկամեայ ուխտադրութիւններով նախապատրաստական շրջանն անցնելուց յետոյ: Հ. Մաշտոցը, ով ներկայացնում էր Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանին, ք. Մարիամից ընդունեց մշտնջենաւոր ուխտադրութեան խօսքերը և, որպէս ուխտի նշան, նրան նուիրեց մի մատանի: Ք. Մարիամն ուխտեց մշտնջենաւոր կերպով նուիրուել և ծառայել Աստծուն՝ աղքատութեան, հնազանդութեան և ողջախոհութեան կենսակերպերով, միաբան քոյրերի հետ միասին՝ յանուն Հայ Կաթողիկէ Եկեղեցու պայծառութեան և հայ ազգի բարօրութեան: Հ. Մաշտոցը նոր ուխտադրեալ քրոջ մասին ասաց հետևեալը.

«Պատիւ է ներկայացնել մի աղջկայ, որը վեց տարի շարունակ վերանորոգում էր իր ուխտերը, հասնելու համար մշտնջենաւոր ուխտին: Ասէ՛ք ինձ, ո՞վ է քաջը, նա՞, որ մնում է տանը, վախի մէջ և դռները փակած, թէ՞ նա է, ով դռները բացում է՝ հակառակ իր մօտիկների կամքին և ինքն իրեն նուիրում է ծառայութեանը: Այո՛, դժուար է այդ որոշումը, որ մենք կայացրինք մեր կեանքում  և նրանք ովքեր ապրում են այդպէս, զգում են այդ կոչման կարևորութիւնը: Եւ այսօր քոյր Մարիամը մշտնջենաւոր ուխտը պէտք է կատարի՝ ամբողջ կեանքի համար, ինքն իրեն պիտի նուիրի ձեզ, ինչպէս և միւս քոյրերը, ովքեր նուիրեցին իրենց կեանքը, որպէսզի ծառայեն կարիքաւորներին և հիւանդներին»:

Հայ քոյրերը՝ որպէս իրենց ծառայութեան կատարեալ օրինակ, մշտապէս ունեն Անարատ Յղացեալին՝ Սուրբ Կոյս Մարիամին, շեշտեց Վարդապետը: Նա խօսեց նաև տօնի մեծ խորհրդի մասին՝ հաւատացեալների ուշադրութիւնը հրաւիրելով այն փաստի վրայ, որ Սուրբ Կոյսը պարզ, հասարակ մի աղջիկ էր, ում, սակայն, Աստուած ընտրեց՝ դառնալու Իր Որդու Մայրը և իւրաքանչիւր հաւատացեալի Մայրը: Հ. Մաշտոցը պատմեց նաև Լուրդում Բեռնադետ անունով աղջկան Աստուածամօր երևման մասին, երբ Սուրբ Կոյսն յայտնեց իր անունը՝ Անարատ Յղութիւն:

«1852-ին Եկեղեցին, Սուրբ Հոգուց  ներշնչուած, հռչակեց Անարատ Յղութեան վարդապետութիւնը: Հասկացանք, որ Տիրամայրը աշխարհ գալով, Աստծուց ընտրուած, զերծ է մնացել սկզբնական մեղքից, Ադամի և Եւայի սխալից, որովհետև այլապէս չպէտք է կարողանար ինը ամիս իր կրծքի տակ պահել  Փրկչին: Եւ դրա համար մինչև օրս շարականներ, տաղեր, մեղեդիներ ենք նուիրում Տիրամօրը: Մեզանից իւրաքանչիւրս հրաւիրուած ենք մեր սրտերը, հոգիները, մտքերը ձերբազատել մեղքի գերիշխանութիւնից, ձերբազատել սատանայի փորձութիւններից, և դա կլինի միայն մեր հաւատքով և մեր կամքով». ասաց Հ. Մաշտոցը:

Հ. Մաշտոցը շնորհաւորեց հայ քոյրերին և բոլոր ներկաներին՝ տօնի և ուխտերի նորոգութեան, մշտնջենաւոր ուխտադրութեան առթիւ, նաև շնորհակալութիւն յայտնեց Գիւմրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանին՝ Մայր Տաճարում Սուրբ Պատարագ մատուցելու այս առիթը ընձեռելու համար:

Սուրբ Պատարագից յետոյ Տիրամայր Հայաստանի կենտրոնում տեղի ունեցաւ միասնական ճաշ, ապա համերգային ելոյթ ունեցաւ Տիրամայր Հայաստանի երգչախումբը:

Քոյր Մարիամ

Ք. Մարիամ Հարությունյանի կենսագրականը

Քոյր Մարիամ (Թերմինե Հարությունյան) ծնուել է 1984թ. յուլիսի 25-ին, Աշոցքում:

Մինչև եօթներորդ դասարան յաճախել է Աշոցքի Մ. Նալբանդյանի անուան դպրոց:

1998 թ. որպէս մայրապետցու տեղափոխուել է Տիրամայր Հայաստանի Կուսաստան:  Ուսումը շարունակել է Գյումրու Ֆոտոն վարժարանում  և այն աւարտել է 2001թվականին:

2002-2006.թթ. սովորել է «Անանիա Շիրակացի» համալսարանի բանասիրական ֆակուլտետի Օտար լեզուների (անգլերէն) բաժնում:

2008թ. մեկնել է Հռոմ` Անարատ Յղութեան Հայ Քոյրերիս Մայրավանք՝ շարունակելու կրօնաւորական ուսումը:

Երկու տարի նորընծայութեան շրջանը աւարտելուց յետոյ վերադարձել է Գյումրի` Տիրամայր Հայաստանի Կուսաստան:

2013թվականին Մեծաւորների հաւանութեամբ և իր ազատ կամքով, որպէս Միաբանութեան անդամ, կատարել է իր առաջին ուխտադրութիւնը:

2015-2018թ.թ. ստանձնել է Տիրամայր Հայաստանի կենտրոնի երեխաների պատասխանատուութիւնը:

2018 թ. մեծաւորների որոշմամբ մեկնել է Հռոմ՝ մասնակցելու UISG, ANGELICUM համալսարանում “Formation for Formators” վեցամսեայ վերապատրաստման ծրագրին:

2019թ. դեկտեմբերի 8-ին ընդունել է Մշտնջենաւոր ուխտադրութիւնը, որի յետոյ անմիջապէս նշանակուել է  Գիւմրիի Փոքր Ընծայարանի պատասխանատու:

 

Նիկոլ Մարգարյան, կամաւորական

Տ. Յովսէփ Քհն. Գալստյան

10/12/2019, 09:39