Որոնել

Vatican News
Վրաստանի Կարիտասը տօնեց իր հիմնադրման 25-ամեայ յոբելեանը Կարիտասը տօնեց իր հիմնադրման 25-ամեայ յոբելեանը 

Վրաստանի Կարիտասը տօնեց իր հիմնադրման 25-ամեայ յոբելեանը

«Կարիտասը մեզ շնորհում է մի բարոյական կողմնացոյց՝ գտնելու մեր ճանապարհը». Ռաֆայէլ Արքեպս. Մինասեան:

2019թ. նոյեմբերի 4-ին Թիֆլիսի կաթողիկէ համայնքը տօնեց Վրաստանի Կարիտասի հիմնադրման 25-ամյա յոբելեանը: Տօնական միջոցառումներին մասնակցում էր նաև Հայկական Կարիտասի Ընդհանուր Նախագահ, Վրաստանի Կարիտասի Կառավարման խորհրդի անդամ և նախկին Ընդհանուր Նախագահ (2016-2018թթ.) Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը՝ ուղեկցութեամբ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչեանի և Արժ. Տ. Անտոն Քհն. Անտոնեանի: Թիֆլիսի Աստուածամօր Վերափոխման Մայր Տաճարում մատուցուեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Վրաստանի լատինածէս կաթողիկէների առաջնորդ Եպիսկոպոս Ջուզեպպե Բազոտտոյի, առընթերակայութեամբ Վրաստանում և Հայաստանում Պապական Նուիրակ Արքեպիսկոպոս Խօսէ Բեթենկուրի և Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի: Սուրբ Պատարագին, հայ կաթողիկէ հոգևորականներից բացի ներկայ էին Վրաստանում ծառայող լատինածէս հոգևորականներ, ինչպէս նաև Հայկական Կարիտասի Գործադիր տնօրէն Գագիկ Տարասյանը և Ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը:

Պապական Նուիրակ Բեթենկուրը Սուրբ Պատարագի ընթացքում հայրական խօսքով դիմելով ներկաներին՝ ասաց

«Եղբայրասիրութիւնը Եկեղեցու ուսմունքի սիրտն է: Դրանո՛վ է Եկեղեցին ապրող մի ուժ: Եկեղեցին կենդանի է այն սիրով, որ վառում է Քրիստոսի Հոգին: Ինչպէս աւելի վաղ՝ այս տարի մեզ յիշեցրեց Ֆրանցիսկոս Քահանայապետը, այդ սէրը մարդկանց պարզապէս չի առաջարկում նիւթական աջակցութիւն, այլ հոգ է տանում հոգիների մասին, մի բան, որ նոյնիսկ աւելի կարևոր է, քան նիւթական աջակցութիւնը: Մենք չենք կարող մտածել, որ մարդկութիւնը կարող է «ապրել միայն հացով»… Քրիստոնէական եղբայրասիրութիւնը անեսասէր առատաձեռնութիւն է՝ հիմնուած Յիսուս Քրիստոսի մէջ: Այստեղից են իրենց անունները վերցնում Միջազգային Կարիտասը և Վրաստանի Կարիտասը»:

Նոյն օրը Expo Georgia սրահում տեղի ունեցաւ յոբելենականն միջոցառումը: Բացման խօսքով հանդէս եկաւ նախ Վրաստանի Կարտասի Գործադիր տնօրէն Անահիտ Մխոյանը, ապա հրաւիրեց խօսել Արքեպիսկոպոս Ջուզեպպե Բազոտտոյին, ով հիմնադրել է Վրաստանի Կարիտասը: Սրբազան Բազոտտոն պատմեց Կարիտասի գործունէութեան զանազան տեսակների մասին, որ մատուցւում է Վրաստանում:

Ապա խօսք առաւ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը.

«Ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Տիրոջը՝ Կարիտասի համար, որ մի անգին պարգև է, բարիք գործելու մի կարևոր գործիք՝ բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների համար: Այսօր Վրաստանի Կարիտասի 25-րդ յոբելեանն է, որ անհոգ կերպով աշխատել է և առատաձեռնորեն տուել ամենակարիքաւոր, արհամարհուած մարդկանց՝ ապահովելու համար լաւագոյնն մի կեանք նրանց համար՝ առանց որևէ խտրականութեան կամ կանխակալութեան: Վրաստանի Կարիտասը ծառայում է բոլորին՝ սիրով և առաւելագոյն հոգատարութեամբ:

Ի՞նչ է Կարիտասը:

Կարիտասը, ինչպէս բոլորս գիտենք, օգնում է առաջ տանել մարդկային համակողմանի զարգացումը, որպէսզի ամենազրկուած համայնքներում ապրող մարդիկ կարողանան բարգաւաճել և ապրել խաղաղ և արժանապատիւ կեանքով:

«Կարիտասը» ընտանիքի անուն է, որը ծնուել է Կաթողիկէ Եկեղեցում և տարածուել ամբողջ աշխարհում՝ սիրով օգնելու համար կարիքաւոր հասարակութիւններին, տարածուել է աշխարհում՝ մէկ տիտղոսով՝ «Աստծոյ սէրը»: Այն ձևաւորել է եկեղեցական առաջնորդների իմաստութեամբ և կաթողիկէների ամենօրեայ փորձառութեամբ, ամենուրեք: Այն մեզ շնորհում է մի բարոյական կողմնացոյց՝ գտնելու մեր ճանապարհը: Կարիտասում մեր առաքելութիւնը հիմնուած է կաթողիկէ սոցիալական ուսմունքի հիմնական սկզբունքների վրայ: Վրաստանի Կարիտասը աշխարհի բազում Կարիտասի եղբայրներից մեկն է, որ կրում է ընտանեկան նոյն անունը և ծառայում է, խնամում է, կիսում և լուծում է տարբեր սոցիալական խնդիրներ՝ առաւելագոյնն սիրով:

Կարիտասը միևնոյն ժամանակ միակ զաւակն է Կաթողիկէ՝ Տիեզերական Եկեղեցու, կամ պարզապէս Աստծոյ Տիեզերական Եկեղեցու բարեգործութեան գործիքը:

Կարո՞ղ էք պատկերացնել. այս միակ զաւակը՝ իւրայատուկ նկարագրով, գալիս է աշխարհ՝ Մատթէոս աւետարանիչի հետ միասին ասելու. «Եկէ՛ք ինձ մօտ՝ բոլոր հոգածներդ և բեռնավորվաներդ, և ես ձեզ կհանգստացնեմ», Մտթ. 11, 28:

Կարիտասն, ընդհանրապէս, և Վրաստանի Կարիտասը, մասնաւորապէս, նման է բազմազաւակ Մոր՝ մի Մայր, որ ամեն ինչ զոհաբերում է, որպէսզի բերի առողջութիւն, ապահովութիւն և երջանկութիւն՝ իր զաւակներին, մի Մայր, որ չի քնում, որովհետև մտածում է և ծրագրում՝ փնտռելով ճանապարհներ՝ իր զաւակների ապագան աւելի լաւը դարձնելու համար: Վրաստանի Կարիտասն այդ սիրասուն Մայրիկն է, որ սիրում է իր բոլոր զաւակներին հաւասարապէս և արդարամտութեամբ, հոգ տանելով նրանցից ամենախոցելիների հանդէպ, քաջալերելով նրանց՝ յաղթահարելու ամենաբարդ խոչընդոտները և օգնելով նրանց հասնելու իրենց նպատակներին՝ հպարտութեամբ և արժանապատւութեամբ»:

Ռաֆայէլ Սրբազանն իր խօսքի աւարտին շնորհակալութիւն յայտնեց բոլոր բարերար կազմակերպութիւններին, ովքեր հովանաւորում են Վրաստանի Կարիտասի ծրագրերը:

Ռաֆայէլ Սրբազանից յետոյ խօսք առաւ Վրաստանի Կարտասի առաջին տնօրէն Witold Szulczynski-ն, ով պատմեց, թէ ինչպիսի բարդութիւններ են յաղթահարել 1990-ականներին և կարողացել են պահել ու զարգացնել կազմակերպութիւնը: Իր փորձառութեան և սկզբնական օրերի դժուարութիւնների մասին պատմեցին նաև Վրաստանի Կարիտասի չորս աշխատակիցներ:

Պապական նուիրակն իր շնորհաւորական խօսքում ասաց հետևեալը.

«Այսօր, երբ հաւաքուել ենք տօնելու Վրաստանի Կարիտասի 25-ամյակը, պէտք է յիշենք ծառայութեան 25-ամյա ժառանգութիւնը: Կարիտասն այստեղ հիմնադրուեց Վրաստանի անկախացումից անմիջապէս յետոյ և միշտ մատուցել է իր ծառայութիւնները, որոնք առաւել հարստացել են հոգևոր միաբանութիւնների ներկայութեան շնորհիւ:  Վրաստանի Կարիտասը մի տուն է, մի աշխատավայր, հանդիպման վայր՝ երիտասարդների և երեխաների համար, որոնք յաճախ յայտնւում են սոցիալական դժուարին պայմաններում: Կարիտասը իմաստ է հաղորդում նրանց կեանքին, նրանց տալիս է նոր հմտութիւններ և հնարաւորութիւններ»:

Յոբելենականն միջոցառման ժամանակ խօսեց նաև Կարիտաս Եւրոպայի Գլխաւոր քարտուղար Մարիա Նայմենը (Maria Nymen), ով խօսեց այն մասին, որ Վրաստանի Կարիտասը եւրոպական Կարիտասի անդամ է և ծառայում է նոյն համատեքստում, որն է՝ մարդու արժանապատւութեան, ազատութեան, ժողովրդավարական արժէքների պաշտպանութիւնը: Այդ արժէքներն ընկած են նաև Եվրախորհրդի գործունէութեան հիմքում, որ այսօր մեծ ջանքեր է գործադրում Եւրոպայում մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում: Այդ արժէքների պահպանութեան գործում Նայմենը կարևորեց, յատկապէս, Ֆրանցիսկոս Քահանայապետի Laudato si շրջաբերական նամակը, որն առաջարկում է լուծումներ՝ յաղթահարելու սոցիալական անարդարութիւնը՝ միասին հոգ տանելով մեր ընդհանուր տան մասին:

Հանդիսութեան վերջում, խօսքերից յետոյ, տեղի ունեցան վրացական պարային ելոյթներ, ապա, որպէս միասնութեան խորհրդանիշ, կտրեցին մի գեղեցիկ թխուածք:

 

Տեղեկութիւնները տրամադրեց՝ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը

Տ. Յովսէփ քհն. Գալստեան

06/11/2019, 09:16