Որոնել

Mons.-Gallagher-in-Armenia-2.jpg

Սուրբ Աթոռի Պետութիւնների հետ յարաբերութիւնների քարտուղարը այցելեց Հայաստանի հայ կաթողիկէ համայնքը։

Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտօնեան ներկաներին փոխանցեց Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հայրական ողջոյնը և խօսքը.

2019թ. նոյեմբերի 10-ին Գիւմրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Մայր Տաճարում կիրակնօրեայ Սուրբ Պատարագը մատուցեց Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասյանը՝ համապատարագութեամբ Սուրբ Աթոռի Պետութիւնների հետ յարաբերութիւնների քարտուղար Արքեպիսկոպոս Փոլ Գալագերի և Հայաստանում, Վրաստանում Պապական Նուիրակ Արքեպիսկոպոս Խոսե Բեթենկուրի, ինչպէս նաև Սուրբ Աթոռից ժամանած պատուիրակութեան այլ հոգևորականների: Սուրբ Պատարագին ներկայ էին Հայաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները՝ իրենց համայնքների հաւատացեալների խմբերի հետ, Անարատ Յղութեան հայ քոյրեր, Սպիտակի Գթութեան միսիոներ քոյրերը, Սրբոց Հրեշտակապետաց միացեալ հոգևոր ճեմարանի սաները և հաւատացեալների հոծ բազմութիւն:

Ունկնդրէ լուրը

Աւետարանի ընթերցումից յետոյ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասյանը ողջունեց Արքեպիսկոպոս Գալագերին և ասաց, որ նրա այցելութիւնը մի շնորհաբեր առիթ է, որ հայ կաթողիկէ համայնքը հաւաքուի Մայր Տաճարի կամարների ներքո և լսի նրա հայրական խօսքը: Ռաֆայէլ Սրբազանը ներկայացրեց, թէ ովքեր և ինչ համայնքների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչներ են մէկտեղուել Մայր Տաճարում, ապա խնդրեց Արքեպիսկոպոս Գալագերին իր խօսքն ուղղել հաւատացեալներին: Արհիապատիւ Գալագերը մեկնաբանեց օրուայ աստուածաշնչական հատուածները և ասաց, որ վստահ է, թէ այդ տողերի «գլխաւոր պատգամը սա է՝ յիշել վստահութեամբ, որ մեր Աստուածը միայն Արարիչ չէ, որ երբեմն-երբեմն միջամտում է մեր կեանքում, այլ ճշմարիտ Աստուած և հայր է, ով ցանկանում է տեսնել մեզ վստահասիրտ և կեանքով լի, բոլոր իրավիճակներում, այն պատճառով, որ նա միշտ կենդանի Աստուած է և մեր կողքին է»:

 Արքեպիսկոպոս Գալագերը խօսելով հաւատքի և հաստատակամութեան մասին՝ անդրադարձ կատարեց նաև հայ ժողովրդի անցած պատմական ճանապարհին.

 «Վատիկանում պապական պալատների սրահներից մէկի պատին գրուած է Աստուածաշնչի Առակաց գրքից մի հատուած՝ «Հաւատքով և Աստծոյ հանդէպ վստահութեամբ մարդը ոչնչից չի վախենում, և ոչ մի բան չի խոչընդոտում իր ճանապարհին, հաւատացեալ մարդն առիւծի քաջութեամբ է դիմագրաւում խոչընդոտներով լի իրականութիւնները: Այս խօսքերը, կարծում եմ, շատ լաւ են յարմարւում հայ ժողովրդին, որը դարերի ընթացքում քաջութեամբ ու վճռականութեամբ դիմագրաւել է բազմաթիւ տառապանքների ու փորձութիւնների»:

 Իր քարոզի աւարտին Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտօնեան ներկաներին փոխանցեց Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հայրական ողջոյնը և խօսքը.

 «Նա ինձ  խնդրեց փոխանցել ձեզ, որ աղօթում է ձեզ համար, նաև ի յիշատակ ու ի շարունակութիւն 2016 թուականին Հայաստան կատարած  իր ճամփորդութեան և յատկապէս ի յիշատակ այն Սուրբ Պատարագի, որ նա  այստեղ՝  Գիւմրիում, մատուցեց: Սրբազան Քահանայապետը, ինչպէս յաճախ կրկնում է իր առաքելական կոնդակներում, ձեզանից իւրաքանչիւրին քաջալերում է մասնակցել Աւետարանի շնորհին՝ ուրախութեամբ, բերկրանքի մէջ, սրտի մղումով և Տիրոջ հանդէպ վստահութեամբ: Նա ինձ խնդրել է ներկաներիդ ու ձեր սիրելիներին փոխանցել իր օրհնութիւնը՝  բոլորիդ յանձնելով Սուրբ Կոյս Մարիամի՝ մեր Մօր բարեխօսութեանը»:

 Սուրբ Պատարագի աւարտին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասյանը շնորհակալութիւն յայտնեց Արքեպիսկոպոս Գալագերին՝ հայ կաթողիկէ համայնքին այցելելու համար և, որպէս հուշ, նուիրեց մի գեղեցիկ սկիհ:

Տ. Հովսեփ Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/11/2019, 01:35