Որոնել

Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն ընդունեց Ռումանիայի Արքայազնին: Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն ընդունեց Ռումանիայի Արքայազնին: 

Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն ընդունեց Ռումանիայի Արքայազնին:

Ռումանիայի Արքայազնի այցելութեան նպատակն էր ամրապնդել համագործակցութիւնը Ռումանիայի կառավարութեան և Հայ Կաթողիկէ Եկեղեցու միջև:

2019թ. հոկտեմբերի 30-ին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն ընդունեց Ռումանիայի Արքայազն Ռադուին՝ ուղեկցութեամբ ՀՀ-ում Ռումանիայի դեսպան Կորնել Լոնեսկուի և Ռումանիայում ՀՀ դեսպան դկտ. Սերգեյ Մինասյանի: Ռաֆայէլ Սրբազանի հետ միասին Ռումանիայի պատուիրակութիւնը Երևանի հայ կաթողիկէ առաջնորդարանում ընդունեցին Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, Հոգշն. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը, Արժ. Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանը և Արմեն Սրկ. Դոմբուրյանը:

Ռումանիայի Արքայազնի այցելութեան նպատակն էր ամրապնդել համագործակցութիւնը Ռումանիայի կառավարութեան և Հայ Կաթողիկէ Եկեղեցու միջև՝ Ռումանիայում հայ կաթողիկէների հովուական խնամքի արդիւնաւէտ կազմակերպման համար: Արքայազն Ռադուն խօսեց Ռումանիայում հայ կաթողիկէ ժառանգութիւնը պահպանելու ուղղութեամբ միասնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտութեան մասին: Արքայազնը Ռաֆայէլ Սրբազանին հրաւիրեց մասնակցելու Ռումանիայում կազմակերպուելիք միջոցառումներին, որոնք վերաբերում են հայ կաթողիկէ պատմական ժառանգութեանը: Ռաֆայէլ Սրբազանը պատմեց Հայաստանում Հայկական Կարիտասի կողմից իրականացուող սոցիալական քառասունից աւելի ծրագրերի մասին՝ նաև համագործակցութեամբ Ռումանիայի Կարիտասի հետ:

Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը Արքայազն Ռադուին նուիրեց մի աշխատութիւն՝ հայոց ցեղասպանութեան մասին, նաև Ֆրանցիսկոս Քահանայապետի՝ Հայաստան այցելութեան յուշամետալը, իսկ երկու դեսպաններին նուիրեց Վարդարաններ: Արքայազն էլ իր հերթին Սրբազանին նուիրեց պաշտօնական մի տարեգիրք և արքայական մի սուրճի գաւաթ:

Ռումանիայի 18-րդ դարից սկսած եղել են հայ կաթողիկէ համայնքներ և եկեղեցիներ: Յայտնի է, յատկապէս, Gherla կամ Armenopolis քաղաքը, որը 18-րդ դարում կառուցել են Կիլիկիայից Տրանսիլվանիա տեղափոխուած հայերը: Արմենոպոլիսը եղել է Ռումանիայի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդական նստավայրը: Առաջին եպիսկոպոսը եղել է Oxendius Vărzărescu-ն (Օշենտիոս Վրզարյան), որ պաշտօնավարեց 1690-1715թթ. և մեծ առաքելութիւն կատարեց տեղի հայ կաթողիկէ համայնքի կայացման գործում: Նրանից յետոյ հայ կաթողիկէների առաջնորդութիւնը և հովուութիւնը փոխանցուեց լատինածէս եպիսկոպոսներին և քահանաներին: 2013թ. տուեալներով Ռումանիայում կային չորս հայ կաթողիկէ համայնքներ՝ Գերլա, Gheorgheni, Dumbrăveni և Frumoasa քաղաքներում և Տրանսիլվանիայում՝ ընդհանուր թուով 666 բնակիչներով, որոնց սպասարկում էին չորս լատինածէս քահանաներ:

Քաղուած «armenianchurchco.com»

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

31/10/2019, 08:09