Որոնել

Vatican News
Բավրայի երիտասարդները միացան Վարդարանի համաշխարհային աղօթքին՝ ուխտագնացութեամբ: Բավրայի երիտասարդները միացան Վարդարանի համաշխարհային աղօթքին՝ ուխտագնացութեամբ: 

Բավրայի երիտասարդները միացան Վարդարանի համաշխարհային աղօթքին՝ ուխտագնացութեամբ:

«Եթէ մէկ միլիոն մանուկներ աղօթեն Վարդարան, աշխարհը կփոխուի». Սուրբ Հայր Պիո
Ունկնդրէ լուրը

2019թ. հոկտեմբերի 18-ին Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդաց միութիւնը Տիրամօր Վարդարանով ուխտագնացութիւն կատարեց դէպի Լոռու մարզում գտնուող Սուրբ Յովհաննէս Մկրտչին նուիրուած մատուռը, առաջնորդութեամբ Բավրայի հոգևոր հովիւ Տ. Յովսէփ քհն. Գալստեանի: Վարդարանի աղօթքով այս ուխտագնացութեամբ երիտասարդները միացան աշխարհի տարբեր կաթողիկէ համայնքներում նոյն օրը տասնեակ հազարաւոր մանուկների միասնական Վարդարանի աղօթքին, որը նախաձեռնել է «Օգնութիւն կարիքաւոր եկեղեցուն» (Aid to the Church in Need) կաթողիկէ եկեղեցական բարեգործական կազմակերպութիւնը՝ յանուն խաղաղութեան և միասնութեան՝ հետևելով Սուրբ Հայր Պիոյի խօսքերին. «Եթէ մէկ միլիոն մանուկներ աղօթեն Վարդարան, աշխարհը կփոխուի»:

Սուրբ Յովհաննէս մատուռը, որ գտնւում է ծովի մակարդակից 2197մ. բարձրութեան վրայ, շատ սիրուած է հաւատացեալների կողմից: Մատրան զօրութեանը հաւատալով և Սուրբ Յովհաննէս Մկրտչի բարեխօսութեամբ հաւատացեալները ընդունել են բժշկութիւններ ծանր հոգեհիւանդութիւնից, շնորհներ և օրհնութիւններ: Չնայած զառիվեր ճանապարհը բաւական դժուար էր և երեկոյեան ժամ էր, բայց երիտասարդները Վարդարան աղօթելով՝ բարձրացան մինչև լեռան գագաթին գտնուող մատուռը՝ իրենց դժուարութիւնը նուիրելով Աստուածամօրը և Սուրբ Յովհաննէս Մկրտչին՝ խնդրելով խաղաղութիւն և մեղքերի քաւութիւն: Մատրան մօտ Վարդարանից յետոյ միասնաբար երգեցին Լիթանիա Սուրբ Կուսին, ապա բարեխօսական աղօթք ուղղեցին Սուրբ Յովհաննէս Մկրտչին՝ իրենց համայնքի և ընտանիքների սրբութեան, աղօթական ջերմեռանդութեան և առ Աստուած սիրոյ զօրացման դիտաւորութիւններով:

Քաղուած «armenianchurchco.com» կայքէն

21/10/2019, 09:55