Որոնել

Vatican News
Կոմիտասին նուիրուած համերգ Կոմիտասին նուիրուած համերգ 

«Կոմիտաս-150». բարեգործական համերգ Սրբոց նահատակաց Հայ Կաթողիկէ աթոռանիստ եկեղեցւոյ մէջ։

Համերգից ստացած նուիրատուութիւնի ողջ հասոյթը տրամադրուեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Ծերերի ցերեկային խնամքի կենտրոնին:
Ունկնդրէ լուրը

Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում համերգային գեղեցիկ ծրագրով տօնեցին հայ մեծ երգահան և սրբակեաց հոգևորական Կոմիտաս Վարդապետի 150-ամյա յոբելեանը: Քանի որ օրը հոկտեմբերի 27-ն էր՝ ողբերգական մի յիշողութիւն հայ ժողովրդի պատմութեան մէջ, Գիւմրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր աւագ քահանայ Մկրտչեանը բոլոր ներկաներին նախ հրաւիրեց մէկ րոպէ լռութեամբ յարգել քսան տարի առաջ այդ օրը Ազգային Ժողովում սպառուածների յիշատակը, ապա իր խօսքը շարունակեց՝ բացատրելով այս միջոցառման կազմակերպման նպատակը և կապը բարեգործութեան հետ.

«Կոմիտաս վարդապետը եղել է ոչ միայն մեր ազգի մեծ երաժիշտներից մէկը, այլ նաև մեծ բարեգործ, լինելով աղքատ, բայց շատ որբերի և ընչազուրկների օգնութեան է հասել: Մենք էլ որոշեցինք, որ համերգի մէջ դուք էլ ձեր աւանդը բերէք, որը ամբողջութեամբ կնուիրաբերուի Հայկական Կարիտասի Ցերեկային խնամքի կենտրոնին, որը երկար տարիներ օգնում են տարեցներին և ունի նաև տեղական օգնութեան կարիքը»:

Համերգի բացման խօսքով հանդէս եկաւ նաև Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի Գիւմրիի մասնաճիւղի տնօրէն Տկն. Յասմիկ Յարութիւնեանը.

«Վայրն այնպիսին է, որ երևի թէ Կոմիտասին այսօր յիշենք որպէս վարդապետ, ազգագրագետ, երաժշտագէտ, հայագէտ՝ հայ մարդու գենը իր մէջ կրող մարդ… Երբ Կոմիտասը տասը տարեկան էր, Գևորգ Չորրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մօտ այնպէս երգեց «Լոյս Զուարթ» բարդագույն ստեղծագործութիւնը, որ Կաթողիկոսը չդիմացաւ և արտասուեց»:

Կոմիտասի ամբողջ գործունէութիւնը, երաժշտութիւնը, մշակումները, լինի հոգևոր թէ ազգային,յագեցած են բարութեան, սիրոյ, խաղաղութեան, հոգատարութեան և միասնական աղօթքի գաղափարներով և պատկերներով: Համերգի ընթացքում ելոյթ ունեցաւ նախ Ռատիօ Մարիամ երգչախումբը՝ 8 երգերի կատարմամբ, Արփինէ Մանուկեանի խմբավարութեամբ:

Ապա ելոյթ ունեցաւ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գիւմրիի մասնաճիւղի դասախօս, Գիւմրիի Սրբոց նահատակաց եկեղեցու երգչախմբի երգչուհի Մերի Մկրտչյանը, նուագակցութեամբ Դիանա Խաչատրյանի: Մերի Մկրտչյանը ևս կատարեց 8 կոմիտասեան մշակումներ:

Համերգին ելոյթ ունեցաւ նաև Գիւմրիի երիտասարդական կամերային նուագախումբը՝ Արմէն Կարճեանի խմբավարութեամբ, որ ներկայացրեց 6 ստեղծագործութիւն:

Համերգից յետոյ ներկաները սիրով նուիրատուութիւններ կատարեցին և համերգի ամբողջ հասոյթը տրամադրուեց Հայկական Կարիտասի Տարեցների խնամքի հայ կաթողիկէ ցերեկային կենտրոնին:

Տ. Հովսեփ քհն. Գալստյան

29/10/2019, 08:27