Որոնել

Vatican News
Երիտասարդաց համայնքային օրեր Երիտասարդաց համայնքային օրեր 

Բացուեց «Երիտասարդաց համայնքային օրեր-III»-ը

Սրբազան Հայրը երիտասարդներին յիշեցրեց Պօղոս առաքեալի նամակը Տիմոթէոսին, որտեղ առաքեալը կոչ է անում վերարծարծել այն շնորհը, որ Տիմոթեոսն ընդունել է Աստծուց եւ վկայել առ Աստուած իր սիրոյ մասին:

2019-ի Յուլիսի 19-ին բացուեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի առաջնորդութեան «Երիտասարդաց համայնքային օրեր-III» միջոցառումը: Այս տարի հանդիպմանը մասնակցում են 250 երիտասարդներ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Լիբանանից, Սիրիայից, Իրաքից և Թուրքիայից: Մէկ շաբաթուայ ընթացքում երիտասարդները կլսեն բանախոսութիւններ, կքննարկեն լսած թէմաները, կաւելացնեն իրենց գիտելիքները եւ միասին կմտածեն իրենց ինքնութեան, պատկանելութեան եւ վկայութեան մասին՝շարունակելով անցեալ տարուայ հանդիպման թէմատիկ շարքը: Առաջնորդ հայրը՝ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը, այս տարի հրաւիրում է առավել ուշադրութււն դարձնել վկայութեանը.
«Սիրելի հարազատներս, ահա՛ նպատակը ձեր այսօրուայ հաւաքի, ուսումնասիրել, ամրապնդել վկայութեան արժեքը ձեր հոգիների մէջ եւ չամաչել այն արտայայտելու ձեր շրջանակներում: Ձեր այսօրուայ հաւաքը թող դառնայ հսկայ մի ոստիւն՝ դէպի կատարելութիւն, դէպի աղբիւրը լոյսի, դէպի մեր Փրկիչ Քրիստոսը»:

Սրբազան Հայրը երիտասարդներին յիշեցրեց Պօղոս առաքեալի նամակը Տիմոթէոսին, որտեղ առաքեալը կոչ է անում վերարծարծել այն շնորհը, որ Տիմոթեոսն ընդունել է Աստծուց եւ վկայել առ Աստուած իր սիրոյ մասին: Նոյնը Քրիստոս հրաւիրում է անել երիտասարդներին այսօր: Ռաֆայէլ Սրբազանից յետոյ երիտասարդներին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ողջոյնները փոխանցեց Հայաստանում եւ Վրաստանում պապական նուիրակ Խոսե արքեպիսկոպոս Բեթանկուրը.

«Շատ ուրախ եմ ձեզ հետ լինելու այս երիտասարդական երրորդ հաւաքին, որը կազմակերպուել է Սրբազան Հօր օրհնութեամբ: Սա մի եզակի առիթ է տօնակատարելու, արժեւորելու ձեր պատմութիւնը, ձեր աւանդոյթները»:

Երիտասարդներին դիմեց նաեւ հանդիպմանը ներկայ Շիրակի մարզպետ պրն. Տիգրան Պետրոսեանը, ով իր խօսքի սկզբում յիշեց, որ ժամանակին եղել է Հայկական Կարիտասի աշխատակից: Պարոն մարզպետը բարձր է գնահատում հոգեւոր այսպիսի միջոցառման կազմակերպումը Շիրակի մարզում.

«Շատ ուրախ եմ, որ այստեղ հաւաքուել են մեծ թուով երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլեւ՝ սփիւռքի շատ համայնքներից եւ հնարաւորութիւն ունեն որպէս հայեր խորհրդածելու քրիստոնէական արժեքների մասին, հայ լինելու ազգային առաքելութեան շուրջ»:

Հայ կաթողիկէ երիտասարդներին իր սրտի խօսքն ուղղեց նաեւ Գիւմրիի փոխքաղաքապետ պրն. Հայկ Սուլթանեանը.

«Նման հաւաքները ոչ միայն հոգեւոր արժեքներ են սերմանում, այլեւ նպաստում են սփիւռքի տարբեր համայնքների միջեւ կապերի ամրապնդմանը, հայ ժողովրդի միասնականութեան կայացմանը»:

Այս տարի երիտասարդների հետ է եւ իր բարձր գիտութեամբ երիտասարդների հոգեւոր գիտելիքները կհարստացնի նաեւ Սիրիայի Այնճար քաղաքի «Սուրբ Վարդարանի Տիրամայր» հայ կաթողիկէ ժողովրդապետութեան հոգեւոր հովիւ, բազմաթիւ գրքերի հեղինակ Հոգշն. Հ. Մեսրոպ վրդ. Թոփալեանը (Հայունի): Հայր Մեսրոպը երիտասարդներին փոխանցեց Ամենապատիւ Տէր Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի հայրական ողջոյնը, ապա ասաց իր սրտի խօսքը.

«Ի՜նչ գեղեցիկ է, ի՝նչ քաղցր է՝ երբ եղբայրները եւ քոյրերը միասին են: Սիրելի՛ երիտասարդներ, ձեզ ողջունում եմ Աստուածաշնչի խօսքերով: Դուք եղբայրներ եւ քոյրեր Յիսուսի, որ ասում է. «Երբ երկու, երեք հոգի հաւաքուած են իմ անունով, ես նրանց մէջն եմ»:

Անարատ Հղութեան հայ քոյրերի միաբանութեան մեծաւորուի Մայր Արուսեակ Սաճոնեանի անունից ողջոյնի խօսք ասաց նաեւ միաբանութոան Հայաստանի մեծաւորուհի Քոյր Ռեբեկա Աւշարեանը.

«Իմ աղօթքն ու շնորհակալութիւնն եմ բարձրացնում առ Աստուած՝ այս գեղեցիկ առիթի համար: Շատ գեղեցիկ առիթ է այս միութիւնը: Յայտնի երգը ասում է, թէ քիչ ենք, բայց հայ ենք: Բաց ես պիտի ասեմ, որ քիչ չենք, շատ ենք, փաստ է այս ներկայութիւնը աշխարհի տարբեր ծայրերից»:
Այս տարի եւս երիտասարդական հանդիպմանը աջակցել է ՍՕՍ արևելքի քրիստոնեաներ միաւորումը, որի կամաւորական ներկայացուցիչ Սեբաստիանը ողջունեց երիտասարդներին՝ իր ղեկաւար Ալեքսանդր Գուդարզիի անունից.

«Շատ ուրախ ենք՝ ձեր մէջ գտնուելու համար: Արդեն երկրորդ տարին է՝ ՍՕՍ Արեւելքի քրիստոնեաներ կամզակերպութիւնը իր աջակցութիւնն է բերում այս երիտասարդական օրեր միջոցառմանը»:

Ի վերջո, երիտասարդներին իր խօսքն ուղղեց Հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը.

«Եկէ՛ք այս ճանապարհն անցնենք հաւերժ երիտասարդ Յիսուսի ուղեկցութեամբ: Եւ թող որ իւրաքանչիւր եիտասարդի ականջներում հնչի Հորդանանում մկրտուած Յիսուսին ուղղուած Տիրոջ խօսքերը. «Դու իմ որդին ես»: Հիրաւի, ձեզանից իւրաքանչիւրը որդին է Աստծոյ: Յիշէ՛ք, որ դուք սոսկ Եկեղեցու ապագան չէք, այլ՝ ներկան, եւ այսպիսով պէտք է պատասխանատւութիւն ստանձնէք ինչպես Եկեղեցում, այնպէս էլ հասարակութեան մէջ, քանզի ձեր ներկայութիւնը աստուածային կեանքի սերմ է:

Հայր Գառնիկն իր խոսքում շեշտեց, որ Եկեղեցին բոլոր երիտասարդների մայրն է և հոգ է տանում երիտասարդների խնդիրների լուծման ուղղութեամբ, միայն թէ պետք է միշտ լցուել այն յոյսով, որ տալիս է Յիսուս Ինքը: Բացման արարողութեան ընթացքում համերգային ելոյթներով հանդէս եկան Փանիկի եւ Թբիլիսիի երիտասարդները: Արարողութեան վերջում Առաջնորդ Հայրը մի հուշանուէր յանձնեց պապական նուիրակին, որ արդէն երկրորդ տարին է՝ իր այցելութիւնն է բերում երիտասարդական այս միջոցառմանը:

«Երիտասարդաց համայնքային օրեր-III»-ը կտեւի մինչեւ Յուլիսի 26-ը:

Տ. Յովսէփ Գալստեան
 

22/07/2019, 11:45