Որոնել

Vatican News
Բելառեչենսկ քաղաքում օծուեց յետխորհրդային շրջանում Ռուսաստանում կառուցուած առաջին հայ կաթողիկէ եկեղեցին Բելառեչենսկ քաղաքում օծուեց յետխորհրդային շրջանում Ռուսաստանում կառուցուած առաջին հայ կաթողիկէ եկեղեցին 

Բելառեչենսկում օծուեց նորակառոյց հայ կաթողիկէ եկեղեցի՝ առաջինը յետխորհրդային Ռուսաստանում:

Նորակառոյց եկեղեցին օծուեց ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի :

2019թ. ապրիլի 28-ին՝ Կարմիր կիրակի, աստուածային ողորմութեան տօնին, Ռուսաստանի Բելառեչենսկ քաղաքում օծուեց յետխորհրդային շրջանում Ռուսաստանում կառուցուած առաջին հայ կաթողիկէ եկեղեցին, որ անուանուած է ի պատիւ ծննդեան Սուրբ Կոյս Մարիամի: Եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել են ութ տարի առաջ՝ տեղի ժողովրդապետ Գերյ. Հ. Սերգեյ Ծ. Վրդ. Բաբաջանեանի եւ տեղի համայնքի նուիրեալ զաւակներ Մկրտիչ եւ Վլադ Խաչատրեանների առատաձեռն ֆինանսական հովանաւորութեամբ:
Նորակառոյց եկեղեցին օծուեց ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի եւ առընթերակայութեամբ տեղի լատին համայնքի Առաջնորդ Եպիսկոպոս Կլեմենս Պիկելի (որ մեծապէս աջակցել է հայ կաթողիկէ եկեղեցու կառուցմանը), Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքների Առաջնորդական Փոխանորդ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանի, ինչպէս նաեւ մասնակցութեամբ Ռուսաստանի եւ Ուկրանիայի համայնքներում ծառայող հայ կաթողիկէ եւ լատին վարդապետների, Սուրբ Հաղորդութեան հայ եւ լատին միաբան քոյրերի, Ջավախքի Տուրցխ գիւղում ծառայող սալեզեան հայ քոյրերի եւ հարիւրաւոր տեղաբնակ հաւատացեալների:
Առաջնորդ հայրերը նախ կատարեցին նորակառոյց եկեղեցու դռնբացէքի հանդիսաւոր արարողութիւնը, ապա խաչերի, Սուրբ Սեղանի, եկեղեցու պատերի օծման արարողութիւնները եւ մատուցեցին առաջին Սուրբ Պատարագը:
Բելառեչենսկի հայ կաթողիկէ հաւատացեալները մեծ ցնծութեամբ եւ սրտի գոհունակութեամբ տօնեցին իրենց եկեղեցու օծումը: Աստուած օրհնեց նրանց հաւատքի եւ ջերմեռանդութեան երկար ճանապարհը, որ սկիզբ էր առել դեռեւս հայրենի Ջավախքից. Բելառեչենսկի հայ կաթողիկէ ընտանիքների մեծ մասը Ռուսաստան է արտագաղթել Ջավախքի Տուրցխ գիւղից, որը մշտապէս եղել է բարեպաշտ եւ հաւատքի աւանդութիւնները պահպանող, օրինակելի գիւղ, նոյնիսկ, խորհրդային հալածանքի տարիներին: Այդ նոյն եկեղեցաւանդ եւ հայրենաւանդ աղօթասիրութեամբ հայ կաթողիկէները կը շարունակեն իրենց պաշտամունքային կեանքը Բելառեչենսկի նորակառոյց եկեղեցում, որն իրենց աղօթքներով դարձաւ առաջնեկ հայ կաթողիկէ եկեղեցին՝ կառուցուած Ռուսաստանի տարածքում, վերջին հարիւրամեակում:


Քաղուած Հայաստանի Հայ Կաթողիկէ առաջնորդարանին կայքէջէն

08/05/2019, 08:00