Որոնել

Vatican News
Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 

Ամենայն Հայոց Կաթողիկոսին կրօններու փառատօնին արտասանած ճառը:

«Մենք գալիս ենք մի երկրից, որի պատմութիւնն առ լեցուն է հաւատի վկայութեան գործերով, որտեղ հողի ամեն անկիւն և հատիկ ներծծուած է վկաների ու նահատակների արիւնով»:

Ապրիլի 27-ին Ֆլորենցիայի (Իտալիա) Ս. Մինաս տաճարում, Ս. Մինաս հայազգի մարտիրոսի նահատակության և համանուն տաճարի հիմնադրման 1000-ամյակի յոբելենական տօնախմբութեան շրջանակներում, տեղի ունեցաւ «Կրօնների փառատօն» միջկրօնական արարողութիւնը։
Միջ կրօնական արարողութեանը Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պետրոս Պարոլինի պաշտօնական հրաւէրով իր մասնակցութիւնը բերեց և բանախօսութեամբ հանդէս եկաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Միջոցառմանը ներկայ էին նաև Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլան, Կարդինալ Պարոլինը, քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչներ, կաթոլիկ և միջ կրօնական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։

Արարողութեան ընթացքում Վեհափառ Հայրապետն իր խօսքն ուղղեց ներկաներին՝ մասնաւորապէս ասելով.

«Մենք գալիս ենք մի երկրից, որի պատմութիւնն առ լեցուն է հաւատի վկայութեան գործերով, որտեղ հողի ամեն անկիւն և հատիկ ներծծուած է վկաների ու նահատակների արիւնով, որի դարաւոր մշակոյթն ու քաղաքակրթութիւնը խորապէս դաջուած են քրիստոնէական հաւատի ներշնչող ու առինքնող կնիքով։ Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Փրկագործութեան պատմութիւնը՝ Նոյյան ջրհեղեղից սկսած մինչև Փրկչի մարդեղացում բիւրեղացած ու լեռնացած է բիբլիական Արարատի վսեմ ներկայութեամբ, որտեղ հաւատն ազգային կեցութիւն է ու ապրելակերպ։ Ահա այս փորձառութեան ու աւանդութեան լոյսի ներքոյ ենք այսօր Ձեզ հետ կիսելու մեր մտածումներն այս աշխարհում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելութեան կարևորագոյն հեռանկարներից մէկի՝ հաւատի կարևորութեան ու ժամանակի մասին արդի հասարակութեան մէջ։

Ս․ Պօղոս առաքեալը քրիստոնէական կեանքն ու ապրելակերպն ամփոփել է հետևեալ համառօտ, բայց խորիմաստ նախադասությամբ․ «որովհետև հաւատով ենք ընթանում և ոչ թէ երևոյթների վրայ հիմնուած»։ Քրիստոնեայի ընթացքը, կեանքն ու կենցաղը, ըստ առաքեալի խօսքի, հաստատուած է ոչ թէ երևոյթների, կարծիքների ու տեսակէտների, այլ հաւատի վրայ։ Քայլել հաւատով, ըստ այսմ, նշանակում է մեր ողջ կեանքն ու առաքելութիւնը, իբրև քրիստոնեայ, յանձնել Տիրոջն ու մեր գոյութեան բոլոր օրերում հենուել Նրա հանդէպ ունեցած վստահութեան վրայ, ըստ աստուածաշնչական հեղինակի․ «Տիրոջը յուսա բովանդակ սրտով և մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ, ճանաչի՛ր Նրան քո բոլոր ճանապարհներին» (Առակաց Գ 5)։

...Սիրելինե՛ր, արդի հասարակութիւնը, հակառակ գիտատեխնիկական ու գաղափարական առաջընթացի արագ զարգացմանը, նոյնպէս կարիք ունի հաւատի։ «Եթէ չհաւատաք, չէք հասկանայ»,- այսպէս է պատգամում Եսայի մարգարէն իր ժամանակի հասարակութեանը (հմմտ․ Ես․ Է 9), և նրա կոչն այսօր էլ, առաւել քան երբևէ, հնչում է արդիական ու կարևոր։ Ներկայ ժամանակներում շատ յաճախ հաւատի մասին սխալ պատկերացումների արդիւնքում այն շփոթում են օրէնքների ու կանոնների ամբողջութեան հետ՝ այդպիսով եղծելով հաւատի հիմնական նշանակությունը․ հաւատը ոչ թէ օրէնքների ու կանոնների ամբողջութիւնն է, այլ նախևառաջ յարաբերութիւն Աստծոյ և մարդկանց հետ, բոլորանուէր ու ամբողջական սեր առ Աստուած և առ մերձաւորը։ Հետևաբար, ներկայ հասարակութիւնը կարիք ունի նորովի հասկանալու, ըմբռնելու հաւատի հրաշագործ ու խորհրդաւոր զօրութիւնը, որն աներևակայելի ուժ ունի յատկապէս մարդո՛ւ ներաշխարհում։ Հաւատի առաքելութիւնն այսօր մարդն է՝ թէ՛ իբրև անհատ և թէ՛ իբրև հասարակութիւն, մարդը՝ անհատական ու հասարակական իր բոլոր խնդիրներով։ Անկեղծ ու մաքուր հաւատի առաջին օրինակից մինչև վաղ եկեղեցու հալածանքների ժամանակ վկայած նահատակներ, հոգևոր ներքին մարտիրոսութեամբ սրբացած ճգնաւորներից մինչև սոցիալական ու հասարակական անարդարութեան համար պայքարող նուիրեալներ, բոլորն էլ օրինակել են քրիստոնէական հաւատի իրական, անեղծ բովանդակութիւնը, որի նոր սահմանումը ենթադրում է անցեալում ապրած հաւատի վկաների կեանքի ու առաքելութեան վերապատմում նո՛ր իրականութեան համար։

Բայց հաւատի այս նոր առաքելութիւնը չի կարող բացառիկութեան իր բարձունքից պարտադրուել մարդկանց։ Հաւատի ճշմարտութեան այդ սուբյեկտիվ իրականութիւնը մենք, իբրև Հայաստանեայց եկեղեցի, զգացել ու ճանաչել ենք Ի․ դարասկզբից, երբ մեզ պարտադրաբար հրամցուել են մարդկային մտքի ու սկզբունքների, երևոյթների վրայ հիմնուած հաւատի ճշմարտութիւններ, որոնք, սակայն, ինչպէս արդեն ցոյց է տուել պատմութիւնը, մարդկային հոգին զօրացնելու փոխարէն տկարացրել են այն, հարստացնելու փոխառեն՝ աղքատացրել, բարձրացնելու փոխառեն՝ ամուր կապել նիւթին ու նյութականին․․․Մենք քաջ գիտենք, որ մարդկային կարծիքի ու տեսակէտի վրայ կառուցուած հաւատի ճշմարտութիւնը միշտ բերրի դաշտերը վերածում է անապատների, ծաղկուն լեռները՝ մռայլ ու գորշ բարձունքների։ Եւ ուրեմն, մեր օրերում քրիստոնէական եկեղեցին իր առաքելութեան ճանապարհին անհրաժեշտ աբար պէտք է հասարակութեան մէջ ամրագրի հաւատի ու ճշմարտութեան փոխյարաբերութեան այն բացառիկ օրինակը, որը ծնուել է սրտով հաւատալուց (հմմտ․ Հռոմ․ Ժ 10), հասունացել առաքինի ու ճշմարիտ կեանքի գործերով և պտղաբերել միլիոնաւոր մարդկանց կենցաղի բարելաւմամբ ու հոգևոր արթնութեամբ։ Հաւատի վկայութիւն, որը հենւում է ոչ թէ մարդկային, այլ աստուածային ճշմարտութեան վրայ՝ ի դէմս Յիսուս Քրիստոսի ապրած կեանքի ու փրկագործ ական տնօրինութեանց։

Մեր օրերում արդեն գրեթէ հանապազ են դարձել հաւատի ընկալման ծայրայեղ դրսևորումները։ Մի կողմից՝ հաւատի օրինակով ապրել կամեցող որոշ խմբեր ու անհատներ հաւատոյ իրենց ճշմարտութիւնն ընկալում են իբրև բացառող, յաճախ նաև բացասող երևոյթ՝ ի հաշիւ, շատ յաճախ, մեծամասնաբար այդ կարծիքը չկիսող հասարակութեան։ Միւս կողմից, ճշմարտութեան ու հաւատի ընդելուզմամբ ծնուող անանց արժէքների հանդէպ անհատական ու հասարակական վստահութեան զգացումը դիտարկւում է որոշակի վերապահութեամբ՝ իբրև մի բան, որ խիստ ներանձնական է և թողնուած է իւրաքանչիւրի խղճին։ Այո՛, հաւատի ճշմարտութեան ընտրութիւնը խիստ ներանձնական ու անհատական իրողութիւն է, բայց դրա դրսևորումը, քրիստոնէական եկեղեցու տեսանկիւնից, կերտում է ճշմարտութեան սիւն և հաստատութիւն հանդիսացող Աստծոյ կենդանի եկեղեցին (հմմտ․ Ա Տիմ․ Գ 15)։ Ահա այսպէս է, որ ճշմարտութեան անհատական, ներանձնական մակարդակից հաւատը՝ իբրև յաւիտենական արժէքների վրայ հիմնուած ճշմարտութիւն, դառնում է այս կեանքում ընթանալու անշեղ ճանապարհ։ Այսպէս է այն նոյնանում աստուածպաշտութեան խորհուրդ մեր Տէր Յիսուս Քրիստոսին, որը «յայտնուեց մարմնով, արդարացաւ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզուեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում և երկինք վերացաւ փառքով» (Ա Տիմ․ Գ 16)։ Վերջապէս այսպէս է, որ հաւատն ու ճշմարտութիւնը, նոյնանալով մարդու անհատական ընտրութեամբ, եկեղեցանում են՝ կերտելով Քրիստոսի եկեղեցու հաւատի առաքելութիւնը ներկայ աշխարհում։

Սիրելի քոյրեր և եղբայրներ, ինչպէս արդեն նշեցինք, Եկեղեցու հաւատի առաքելութեան նոր հեռանկարներից մեկն է անցեալում հաւատի վկայութեամբ ապրած սրբակենցաղ անձանց կեանքի ու վարքի նորովի վերապատմումն արդի հասարակութեան համար»:

Միջոցառման աւարտին Վեհափառ Հայրապետը, Մայր Աթոռի պատուիրակութեան, Կարդինալ Պարոլինի և Բենեդիկտյան վանական համալիրի վանահայր Հայր Բեռնարդոյի ու միւս վանականների հետ շրջայց կատարեց Ֆլորենցիայի հայազգի առաջին մարտիրոսի անունը կրող տաճարում, ապա աղօթք կատարուեց սրբի նշխարների վրայ կառուցուած խորանի առաջ։ 

Քաղուած Էջմիածինի կաթողիկոսարանի կայքէջէն:

 

29/04/2019, 09:00