Cerca

Vatican News
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը:  

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահին

Վեհափառ Հայրապետը ողջունեց երկու երկների միջեւ ընդլայնուող գործակցութիւնը` այն համահունչ նկատելով դարաւոր բարեկամութեանը:

Մարտի 14-ին,  Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց պաշտօնական այցով Հայաստանում գտնուող Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշուիլիին:

Ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբութիւնը կարեւորեց երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առաւել ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը ողջունեց երկու երկների միջեւ ընդլայնուող գործակցութիւնը` այն համահունչ նկատելով դարաւոր բարեկամութեանը:

Նորին Սրբութիւնը հաստատեց, որ երկու ժողովուրդների բարեկամութեան մէջ առանձնակի դերակատարութիւն է ունեցել քրիստոնէական հաւատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմութեան ընթացքում հաւատքի շնորհիւ կարողացել են յաղթահարել բազում փորձութիւններ ու դժուարութիւններ: Գարեգին Բ Հայրապետը կարեւոր նկատեց ներկայ ժամանակներում քրիստոնէական նոյն արժեհամակարգի անաղարտ պահպանութեանն ուղղուած ջանքերը եւ այդ գործում իշխանութիւնների զօրակցութիւնը:

Իր խօսքում Նորին Սրբութիւնը մասնաւոր անդրադարձ կատարեց Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրներին` յոյս յայտնելով, որ դրանք վրաց իշխանութիւնների հոգածութեամբ կը գտնեն իրենց լուծումը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջոյնն ու բարեմաղթանքները փոխանցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլեայ Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

Իր հերթին նախագահ Զուրաբիշուիլին ուրախութիւն յայտնեց Հայաստան իր երկրորդ այցի առիթով, ապա անդրադարձաւ Վրաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրներին: Խօսելով տարածաշրջանում տիրող իրաւաճակի մասին` Վրաստանի նախագահը նշեց, որ խաղաղութիւնն այլընտրանք չունի: Տիկին Զուրաբիշուիլին նաեւ անդրադարձ կատարեց երկու երկրների միջեւ առկայ համագործակցութեանը եւ դրա զարգացման հեռանկարներին:

Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը քննարկեցին նաեւ երկու երկրների ու ժողովուրդների կեանքը յուզող խնդիրներ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ վրաց եղբայր ժողովուրդը Բարձրեալ Տիրոջ Աջի հովանու ներքոյ մշտապէս ապրի խաղաղութեան ու բարօրութեան մէջ:

Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը եւ երկու երկրների դեսպանները:
 

15/03/2019, 08:45