Որոնել

Կարդինալ Քազիմիերզ Նիչզ Կարդինալ Քազիմիերզ Նիչզ 

Վարշավայում նշել են լեհահայ հոգևոր առաջնորդ Թեոդորովիչի պատմական քարոզի 100-ամեակը:

«Սա՛ է հայրենիքի սէրը…». Լեհաստանի ղեկավարները գնահատում են հայերի ներդրումը իրենց երկրի պատմութեան մէջ:

2019թ. փետրուարի 9-ին Վարշավայի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ Մայր Տաճարում տեղի ունեցաւ հանդիսութիւն՝ նուիրուած Լվովի հայ կաթողիկէ Առաջնորդ Արհ. Տ. Ժոզեֆ Արքեպս. Թեոդորովիչի՝ Լեհաստանի 2-րդ անկախ հանրապետութեան հիմնադրմանը նուիրուած պատմական քարոզի 100-ամեակին: Լեհահահայոց համար կարևոր այս հանդիսութիւնը կազմակերպուել էր Վարշավայի արքեպիսկոպոս Վսեմաշուք Կարդինալ Կազիմիեժ Նիչի և Լեհահայոց մշակոյթի և ժառանգութեան հիմնադրամի նախաձեռնութեամբ:
Հանդիսութիւնը սկսուեց Սուրբ Պատարագով՝ նախագահութեամբ Կարդինալ Նիչի և համապատարգութեամբ տասներկու բարձրաստիճան հոգևորականների, որոնց թւում էին Լեհաստանի կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդաժողովի քարտուղար Արքեպիսկոպոս Artur Miziński-ն, Վարշավայի Սբ. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերհ. Հ. Ժոզեֆ Ծ. Վրդ. Նաումովիչը: Սուրբ Պատարագին ներկայ էին լեհական Սեյմի խօսնակ Marek Kuchciński-ն, Սենատի խօսնակ Stanisław Karczewski-ն, Սեյմի և Սենատի պատգամաւորներ և սենատորներ, Լեհաստանում ՀՀ լիազօր դեսպան Սամուէլ Մկրտչեանը և այլ պաշտօնեաներ, ինչպէս նաև Վարշավայում սովորող հայ ճեմարանականներ: Սբ. Պատարագից առաջ ընթերցուեցին Սեյմի, Սենատի և Վարչապետի ուղերձները:
Վսեմաշուք Կարդինալ Նիչն իր քարոզում ասաց, որ հանդիսութեան կազմակերպումը երկու նպատակ ունի՝ Լեհաստանի հանրապետութեան անկախութեան վերականգնման 100-ամյա յոբելեանը և երկրորդը՝ 100 տարի առաջ՝ փետրուարի 9-ին, նորակազմ խորհրդարանի առաջին նիստին նախորդող պատմական Սուրբ Պատարագը, որի ընթացքում Լիովի հայ կաթողիկէ Առաջնորդ Արհ. Տ. Ժոզեֆ Արքեպս. Թեոդորովիչը տուեց իր հռչակաւոր քարոզը, որի ընթացքում նա գոհութիւն յայտնեց Տիրոջը՝ Լեհաստանի անկախութեան վերականգնման համար և յորդորեց նորակազմ խորհրդարանի անդամներին պատասխանատուութիւն ստանձնել հայրենիքի զարգացման համար: Որպէս ազդեցիկ հոգևորական և հիանալի քարոզիչ, հենց Թեոդորովիչը հրաւիրուեց քարոզելու այդ պատմական օրը: Նրա քարոզը լի էր մեծ հոգատարութեամբ՝ Լեհաստանի ազատութեան և ապագայի նկատմամբ, դա միաժամանակ միութեան և երկիրը վերակառուցելու մասին կոչ էր: Կարդինալ Նիչը շեշտեց, որ միակ եպիսկոպոսը, որ միաժամանակ Սեյմի անդամ էր, Արհ. Ժոզեֆ Թեոդորովիչն էր: Նիչը փաստեց, որ Արքեպիսկոպոս Թեոդորովիչի քարոզը և Լեհաստանի 2-րդ հանրապետութեան մեկնարկը շատ կարևոր են Լեհաստանի պատմութեան մէջ, որոնք պէտք է յիշել ներկայում և դասեր քաղել դրանցից: Նիչը խօսեց նաև լեհահայերի հսկայական դերի մասին՝ Լեհաստանի պատմութեան համար:

Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու պատին դրուել է նաև Արհ. Ժոզեֆ Արքեպս. Թեոդորովիչին նուիրուած յուշաքար, որի վրայ գրուած է հետևեալը.

«Սա՛է հայրենիքի սէրը, որից բարձր է, սկիզբ է առնում և ուղղորդւում միայն մէկ սէր՝ Աստծուծոյ հանդէպ սէրը:

Ի պատիւ Արքեպիսկոպոս Ժոզեֆ Թեոֆիլ Թեոդորովիչի՝ Լւովի Հայ Կաթողիկէ Մետրոպոլիտի, Լեհաստանի մեծ հայրենասէրի»:

Քաղուած Հայաստանի Հայ Կաթողիկէ առաջնորդարանի կայքէն:
 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/02/2019, 08:43