Որոնել

Երիտասարդներու հանդիպում Աղաճանեան կեդրոնին մէջ Երիտասարդներու հանդիպում Աղաճանեան կեդրոնին մէջ 

«Խօսել երիտասարդների հետ և ոչ թէ միայն՝ երիտասարդների մասին». երկօրեայ երիտասարդական հանդիպում՝ Աղաճանեան կենտրոնում:

«Աղօթի՛ր և աշխատի՛ր». լատինական ասացուածք:

2018թ. հոկտեմբերի 6-7-ը Աղաճանեան կենտրոնում կազմակերպուեց երկօրեայ երիտասարդական հանդիպում՝ Հայաստանի և Վրաստանի կաթողիկէ համայնքների մօտ 30 երիտասարդների համար: Հանդիպման թեման աշխատանքն էր և աշխատանք գտնելու համար համապատասխան հմտութիւնների զարգացումը, որոնք ուղեկցւում էին հոգևոր կրթութեամբ:

Առաջին օրը երիտասարդներին իր ողջոյնի խօսքն ուղղեց Երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը: Ողջոյնի խօսքից նրա առաջարկով երիտասարդները 1 րոպէ լռութեամբ յարգեցին աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնաւուրի յիշատակը: Ապա Հ. Գառնիկը երիտասարդներին պատմեց այս օրերին Հռոմում Եպիսկոպոսաց Սիւնհոդոսի՝ երիտասարդութեան հիմնախնդիրներին նուիրուած XV համագումարի մասին, թէ ինչ հարցեր են քննարկում սինոդական հայրերը և ինչ կարևորութիւն ունի այդ համագումարը Կաթողիկէ Եկեղեցու կեանքում: Հ. Գառնիկը մեկնաբանեց «սինոդոս» բառը, որը սերում է յունարէն syn-hodos բառից, որ նշանակում է՝ քայլել համընթաց: Նրա խօսքով, սինոդոսը հանդիպման վայր է՝ փոխանակելու մտքերը, փորձառութիւնները՝ ի նպաստ համաշխարհային հասարակութեան բարօրութեան: Հ. Գառնիկը շեշտեց, որ Եկեղեցին պէտք է լինի ընկերութեան մի լայն ցանց՝ երիտասարդների միջև: Հարկ է, որ Եկեղեցին ճանաչի երիտասարդներին, հասկանայ նրանց, որպէսզի ի վերջոյ երիտասարդը Եկեղեցին համարի իր տունը:

Աղաճանեան կենտրոնում երիտասարդական այս փոքրիկ հանդիպումն, համընկնելով Սինոդոսի համագումարի օրերին, առաւել մեծ նշանակութիւն է ստանում՝ ի նկատի ունենալով, որ սինոդական հայրերը խրախուսում են երիտասարդների զուգահեռ քննարկումները և մշտապէս տարբեր ուսումնասիրութիւնների միջոցով հաշուի են առնում նրանց դիրքորոշումները: Սինոդոսի համագումարում այս օրերին ընդգծուեց, թե հարկաւոր է խօսել երիտասարդների հետ և ոչ թէ միայն երիտասարդների մասին:

Միմեանց հետ ծանօթանալուց յետոյ Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչեանը բանախօսեց «Հայր մեր» տէրունական աղօթքի վերաբերեալ, մասնաւորապէս, «տու՛ր մեզ այսօր զհաց մեր հանապազորդ» խնդրանքի շուրջ:

«Տէրունական աղօթքը ամենակատարեալ աղօթքն է, որ մենք ունենք, որովհետև Տէրն է այն մեզ տուել: Այս աղօթքի մէջ խտացուած է մի ամբողջ քրիստոնէական վարդապետութիւն, մեր խնդրանքը, շնորհակալութիւնը, փափաքները Աստծուց: Քրիստոս ուզում է, որ մենք այս աղօթքով սովորենք ապրել ճիշտ քրիստոնէական կեանքով, որպէսզի մենք սովորենք, որ Աստուած բոլորի՛ս Հայրն է: Երբ մենք ասում ենք «Հայր մեր», այդ բառերի մէջ կայ որդիական զգացում, ջերմութիւն, մենք արտայայտում ենք մեր իղձը՝ Հայր Աստծոյ հետ միութեան, իղձը, որ Հայրը մեր մէջ լինի: Երբ ընդունում ենք Սուրբ Հոգին, մեր մէջ ենք ընդունում նաև Հայր Աստծուն և Քրիստոսին, որ Իր կեանքը տուեց մեզ համար»:

Աստուծոյ սիրոյն հարկաւոր է պատասխանել մեր սիրով և նուիրումով, Աստուծոյ սրբութեանը՝ սուրբ կենսակերպով: Մեր աղօթքի մէջ այս ամենը պէտք է արտայայտուած լինի ճշմարտապէս և անկեղծօրէն, ասաց Տէր Գրիգորը և կոչ արեց աղօթելիս լինել զգօն և հոգի դնել ամեն մի բառի մէջ, ասել ոչ թէ մեխանիկորեն այլ իրապէս զգալով, զղջման և ապաշխարութեան ոգով, ոչ թէ պարզապէս երկարացնելով մեր աղօթքները կամ ցուցամոլութիւն անելով, ինչի դէմ որ զգուշացնում է մեր Տէր Յիսուս Քրիստոսը:

Այս առաջին բանախօսութիւնից յետոյ երիտասարդները կատարեցին թիմային աշխատանք, որից յետոյ կազմակերպուեց աշխատանքային հարցազրոյց, որի ընթացքում մասնակիցները վերլուծեցին իրենց հնարաւորութիւնները՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, վերհանեցին սեփական թերութիւնները և ծրագրեցին հետագայ անելիքները, որպէսզի կարողանան հասնել առաւելագոյն մրցունակութեան: Այս թեմայով խօսեց և օգտակար խորհուրդներ տուեց Սիրանուշ Մինասեանը:

Յաջորդ օրը մասնակիցները լսեցին դասախօսութիւն, թէ ինչպէս կարելի է կազմել ինքնակենսագրականներ՝ աշխատանքի դիմելու համար, ինչին են ուշադրութիւն դարձնում գործատուները, ինչպէս կարելի է լաւագոյնս ներկայանալ ինքնակենսագրականով: Ցոյց տրուեցին ինքնակենսագրականների մի քանի լաւ օրինակներ: Այս դասախօսութիւնը վարեց Քրիստինէ Մխիթարեանը: Յաջորդ կարևոր կէտը, որ ներկայացրեց Քրիստինէն, վերաբերում էր շարժառիթային նամակ և ուղեկցող նամակ կազմելուն, որոնք ևս, թափուր աշխատատեղի զբաղեցման մրցոյթ յայտարարելիս, պահանջում են շատ կազմակերպութիւններ:

Հոգևոր թեմայով երկրորդ զրոյցի ընթացքում Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչեանը շարունակեց մեկնաբանութիւններ տալ Տէրունական աղօթքի վերաբերեալ՝ պատասխանելով երիտասարդների հարցերին: Նա շեշտեց, որ «Հայր մեր»-ը պահանջում է ապրում, զգացում և ոչ թէ պարզապէս շուրթերով արտասանել աղօթքի բառերը:

Երիտասարդների հետ այս հանդիպումն աւարտուեց ամփոփիչ Սբ. Պատարագով:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/10/2018, 08:00