Որոնել

Վարսավիայի Հայական ծէսով Սուրբ Պատարագ Վարսավիայի Հայական ծէսով Սուրբ Պատարագ 

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը Սբ. Պատարագ է մատուցել Վարշավայում և օծել խաչքար։

Ի սէր սուրբ Քահանայապետի և ի յարգանս Լեհաստանի պետութեան:

2018թ. սեպտեմբերի 22-ին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հովուական այցով մեկնեց Լեհաստան: Սրբազան Հայրը հիւրընկալուեց Վարշավայի Արքեպիսկոպոս Վսեմաշուք Կարդինալ Կազիմիեժ Նիչի (Kazimierz Nycz) նստավայրում: Նոյն օրը Վարշավայի Աստուածային նախախնամութեան եկեղեցում տեղի հայ համայնքի համար մատուցուեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի, ներկայութեամբ Կարդինալ Նիչի և համապատարագութեամբ Վարշավայի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ. Հ. Յովսէփ Ծ. Վրդ. Նաումովիչի, Գերհ. Հ. Հենրիկ Ծ. Վրդ. Բլաշչիկի, Հոգշն. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի և սպասաւորութեամբ Լեհաստանում ուսանող հայ ճեմարանականների: Սուրբ Պատարագին ներկայ էին նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարեանը, Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի և Կարդինալ Վիշինսկու թանգարանի տնօրէն Մարտին Ադամչևսկին, Լեհաստանի վարչապետի գրասենեակի պատասխանատուն, հայազգի սենատոր Լուկաշ Աբգարովիչը, պետութեան առջև լեհահայ համայնքի պատասխանատու Էդուարդ Մերենջեյովիչը և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Սբ. Պատարագի աւարտին Արհ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանի ձեռամբ օծուեց մի հայկական խաչքար՝ նուիրուած Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի 2001թ. Հայաստան այցելութեան պատմական իրադարձութեանը և նրա գահակալութեան 50-րդ տարեդարձին (Սբ. Յովհաննէս Պողոս Բ-ը Քահանայապետ ընտրուեց 1978թ. հոկտեմբերի 16-ին և գահակալեց մինչև 2005թ. ապրիլի 2-ը): 2018-ը յոբելենականն է նաև Լեհաստանի պետութեան համար. լրանում է պետութեան հիմնադրման 100-րդ տարեդարձը: Խաչքարի տեղադրումը նախաձեռնել են ՀՀ դեսպան Էդգար Ղազայանը և Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը՝ ի գնահատումն ծագումով լեհ Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի հայրական սիրոյ և Լեհաստանի պետութեան յարգանքի՝ հանդէպ հայ ժողովրդի, որ պատմական ներկայութիւն է ունեցել Լեհաստանում և իր համեստ աւանդն ունեցել Լեհաստանի պետութեան, մշակոյթի, հոգևոր աւանդութեան զարգացման գործում:

Յիշեցնենք, որ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէ առաջնորդութիւնը՝ որպէս այդ տարածքներում վերածնեալ հայ կաթողիկէ համայնքների հոգևոր վարչութեան նոր միաւոր, ձևաւորեց 1991թ. հոկտեմբերի 2-ին՝ Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի որոշմամբ և ուղղակի հովանաւորութեամբ: Իսկ մէկ տարի անց դարձեալ նրա հովանաւորութեամբ Աշոցքում բացուեց Տիրամայր Նարեկի հիւանդանոցը:

http://armenianchurchco.com/

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/09/2018, 08:31