Սփիւռքի  նախկին նախարար Տիկին Հրանուշ Յակոբեան Սփիւռքի նախկին նախարար Տիկին Հրանուշ Յակոբեան 

«Հայ ժողովրդի կաթողիկէ հաւատաւոր հօտը կորցրեց իր տաղանդաւոր Առաջնորդին». Հրանուշ Յակոբեան

Գերերջանիկ Տիրոջ գործը, թողած հետագիծը, պայծառ անունը անջնջելի են և անմոռանալի, խոնարհումի և երախտագիտութեան արժանի.

Կից կը ներկայացնենք Սփիւռքի նախկին նախարար Տիկին Հրանուշ Յակոբեանի յղած ցաւակցականը Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեանի մահուան առթիւ։

----

Խոր ցաւով տեղեկացայ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք, Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեանի մահուան մասին և դառնօրէն փաստեցի, որ հայ ժողովրդին պատուհասած այս մղձաւանջում, Հայաստանի և Արցախի վտանգուած անվտանգութեան պայմաններում, ազգային ևս մէկ հենասյիւն կորցրեցինք:

Հայ ժողովրդի կաթողիկէ հաւատաւոր հօտը կորցրեց իր տաղանդաւոր Առաջնորդին, նուիրեալ Հոգևորականին, մեծապատիւ Ուսուցչին, քանքարաւոր Մտաւորականին, վառ Անհատականութեանը, Հայ հաւաքական ինքնութեան ազնիւ պահապաններից մեկին: Որպէս հայ կաթողիկէ եկեղեցու առաջնորդ՝ նա իր պատուաւոր առաքելութիւնը կատարեց անսահման սիրով ու նուիրումով: Նրա ապրած կեանքն ու գործունէութիւնը հայրենասէր հայորդու, ճանաչուած ու յարգուած հոգևորականի անցած բեղմնաւոր ճանապարհ էր, ազգին ծառայելու բացառիկ օրինակ էր: Պատրիարքը հայ ազգային արժէքների հաւատաւոր մշակ էր, Հայոց ուխտի աննահանջ մարտիկ։

Աշխատանքի բերումով մօտ 30 տարի հնարաւորութիւն եմ ունեցել հանդիպելու ազգային ընդգծած արժէքներ կրող, հոգևոր աշխարհում յայտնի ու հետաքրքիր անձնաւորութեանը՝ Ֆրանսիայի հայ կաթողիկէ համայնքի Փարիզի Սուրբ Խաչ Թեմի առաջին եպիսկոպոս, նաև Արևմտեան Եւրոպայի Հայոց Առաքելական այցելու գերապայծառ Կապրոյեանին, ապա Ամենապատիւ և Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի Կապրոյեանի հետ և քննարկել ազգի առջև ծառացած բազմաթիւ խնդիրներ, զարմանալ ու հիանալ նրա մտքի խորաթափանցութեամբ, իմաստնութեան և կռահողականութեան ուժով, համադրելու և բարդ իրողութիւնները որպէս պարզ ճշմարտութիւններ բանաձևելու և ներկայացնելու ունակութեամբ: Նրա նախաձեռնութեամբ կազմակերպուեցին Սուրբ Գրիգոր Նարեկացուն նուիրուած երկու գիտաժողով, ինչպէս նաև երջանկայիշատակ Ներսէս Պետրոս ԺԹ. Պատրիարքի հետ մեծ ջանքեր գործադրեց՝ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման ուղղութեամբ: Նա իր մարդկային վեհ նկարագրով, մտքի ճկունութեամբ և համոզիչ ու գեղեցիկ խօսքով, կուռ տրամաբանութեամբ ու ասելիքի սրութեամբ, հարուստ ներաշխարհով և արժէքային ճիշտ կողմնորոշումներով գերում էր հաւատացեալներին, իր բոլոր զրուցակիցներին: Նա խստաբարոյ էր, միաժամանակ, մարդասէր ու բարի, լաւատես ու հզօր գաղափարներով լեցուն։ Նա մարդ էր, ումից կարելի էր անվերջ սովորել:

Գերերջանիկ Տէրը իր ողջ գիտակցական կեանքում հոգևոր ծառայութիւն մատուցեց և սպեղանի դրեց հիւանդին ու անօգնականին, տկարին ու մանուկին, ծերին ու խնամքի կարօտ անձանց: Նա իր ներկայութեամբ գօտեպնդում էր համայնքներին, հոգևորականներին, իր շրջապատին:

Այսօր ալեկոծուած է հայ ժողովուրդը, թշնամին անարգել հատում է մեր պետական սահմանները և հայրենի հողի վրայ սպանում հայ զինուորին: Պատերազմի հետևանքով ունեցել ենք անչափ թանկ կորուստներ, արնածոր են մեր սրտերը, կորսուած է Արցախ աշխարհի մեծ մասը, և պատկերացնում եմ, թէ ինչպիսի հոգեկան տառապանք, անասելի ծանր ապրումներ է ունեցել հայրենասէր, ազգասէր ու մարդասէր Կաթողիկոս-Պատրիարքը: Նրա երազանքն էր տեսնել ժողովրդավարական, զարգացած, համախմբուած ու պաշտպանուած Հայաստան և Արցախ:

Գերերջանիկ Տիրոջ գործը, թողած հետագիծը, պայծառ անունը անջնջելի են և անմոռանալի, խոնարհումի և երախտագիտութեան արժանի:

Խորապէս վշտակցում եմ Ձեզ, մեր բոլոր հոգևորականներին և իւրաքանչիւր հայի, քանզի մենք կորցրեցինք իսկապէս մեր ազգի խոշորագոյն հոգևոր սպասաւորներից մէկին, ազգի մեծ ներկայացուցչին։

Նրա մահը մեծագոյն կորուստ է Հայկական Սփիւռքի և մեր Հայրենիքի համար։ Եւ այդ վիշտը կիսում են Հայաստանում, Արցախում և աշխարհով մէկ սփռուած հայ հաւատացեալ զաւակները:

Վստահ եմ, որ Հոգևոր Տէրը կշարունակի իր հոգևոր ներկայութիւնը, կշարունակի ապրել հարազատների, հայրենակիցների, իրեն ճանաչողների սրտերում, մտքերում և հոգիներում։

Թող Աստուած հոգին լուսաւորի եւ արժանացնի նրան երկնային Արքայութեան։

Թող իրագործուի Գերերջանիկ Տիրոջ փափագը. թող Աստուած պահապան լինի մեր Հայրենիքին, հայ համայնքներին, աշխարհասփիւռ հայութեանը և փրկի պատերազմներից ու արհաւիրքներից:

Խորին խոնարհում Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեանի պայծառ յիշատակին։

‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի եւ

վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››:

Ամէն։

Անկեղծ ցաւակցութեամբ և վշտակցութեամբ՝

Հրանուշ Յակոբեան

ՀՀ Սփիւռքի հիմնադիր նախարար,

ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան,

Իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/05/2021, 07:36