Սուրբ Բարթողոմէոս Եկեղեցւոյ մէջ պահպանուած Հայ նահատակներու մասունքները Սուրբ Բարթողոմէոս Եկեղեցւոյ մէջ պահպանուած Հայ նահատակներու մասունքները 

Ցեղասպանութիւնն աւարտուած չէ, քանի դեռ ճանաչուած չէ իրականացնողի կողմից. Իտալիայում ՀՀ դեսպանն ամփոփում է միջոցառումները

Իտալիայում և Սուրբ Աթոռում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման և յիշատակի արարողութիւններ:

Իտալիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումեանն ամփոփել է անցկացված միջոցառումները:

«Հռոմի Ս․Բարթողոմէոս եկեղեցում տեղի ունեցաւ աղօթք Հայոց ցեղասպանութեան նահատակների հետ՝ Հայ առաքելական Ս. եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամեանի նախագահութեամբ։ Հարկ է նշել, որ Սուրբ Բարթողոմէոս եկեղեցին յատուկ նշանակութիւն ունի հայութեան համար. առաջին հերթին այն կոչւում է Սուրբ Բարթողոմէոսի անունով, որը, Սուրբ Թադէոսի հետ միասին հանդիսանում է Հայոց եկեղեցու հիմնադիրը։ Այստեղ, ի շարս 20-րդ դարի քրիստոնեայ նահատակների, պահպանւում են նաև Հայոց ցեղասպանութեան սրբադասուած նահատակների մասունքները, որոնք բերուել էին Սիրիայի Դեր-Զոր անապատից, ինչպէս նաև Մարդինի հայ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Մալոյեանի ձեռագիր նամակը։ Պէտք է նշել, որ ժամանակին այդ հինաւուրց տաճարի ծիրանաւորն է եղել նաև ազգութեամբ հայ Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաճանեանը»,- նշել է դեսպանը:

Միջոցառմանը մասնակցել են Քրիստոնեայ միասնութեան խթանման քահանայապետական խորհրդի նախագահ կարդ. Կուրտ Կոխը, Արևելեան եկեղեցիների միաբանութեան կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի պաշտօնեաներ, իտալացի օրէնսդիրներ, օտարերկրեայ դեսպաններ ու դիւանագէտներ, լրագրողներ, հայ և Հռոմի միւս քրիստոնեայ համայնքների ներկայացուցիչներ։ Արարողութեան ընթացքում կարդինալ Կոխն իր խօսքում նշել է, որ Ֆրանցիսկոս Պապն աղօթքով միացել է արարողութեանը՝ շնորհելով իր օրհնութիւնները բոլորին։

«Արարողութեան ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարեանի հետ հանդէս եկանք համատեղ ելոյթով, որտեղ ընդգծեցինք ոչ միայն այս օրը Հայոց ցեղասպանութեան նահատակներին ոգեկոչելու, այլ նաև օգտագործելով օրուայ խորհուրդը՝ ևս մէկ անգամ հնչեցնելու Հայոց ցեղասպանութեան ճանաչման և դատապարտման, ցեղասպան դրսևորումների զսպման, ցեղասպանութիւնների կանխարգելման կարևորութիւնը»,- յաւելել է Համբարձումեանը:

Այս տարի Հայկական հարցի շուրջ միջազգային հանրութեան աննախադէպ հետաքրքրութիւնը դեսպանը հիմնաւորում է մի քանի պատճառներով:

«Այս տարի անկասկած նկատւում է Հայոց ցեղասպանութեան հարցի կապակցութեամբ միջազգային հանրութեան ուշադրութեան աճ, այդ թւում՝ նաև Իտալիայում։ Կարծում եմ, առաջին հերթին, դա կարելի է դիտել որպէս արձագանք անցած տարի սեպտեմբերին թուրք-ադրբեջան-ջիհադական եռեակի յարձակմանը Արցախի ժողովրդի դէմ, որի նպատակներից էր հենց 1915 թուականին սկիզբ առած հայերի հանդէպ ցեղասպան ծրագրի շարունակումը»,- ասել է դեսպանը:

Ծովինար Համբարձումեանը մէկ այլ պատճառ է համարում Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած հայկական կրօնական և մշակութային հարուստ ժառանգութեան դէմ ընթացող կատաղի պայքարը, եկեղեցիների խոնարհումը, խաչքարերի ոչնչացումը, կոթողների վրայ հայկական ծագման վկայութիւնների ոչնչացումը, պետական հովանաւորութեամբ պատմութեան կեղծումն ու հայատեացութեան քարոզը, ինչպէս նաև Հայաստանի հանդէպ կրկնուող սպառնալիքներն ու տարածքային յաւակնութիւնները, որոնք չէին կարող չառաջացնել քաղաքակիրթ միջազգային, մասնաւորապէս, իտալական հանրութեան զայրոյթը, որը շատ զգայուն է նման հարցերի հանդէպ։

«Բոլորն են հասկանում, որ Ադրբեջանի ամենօրեայ յաւակնութիւնները Սիւնիքի նկատմամբ ուղղուած են թուրք-ադրբեջանական համատեղ նեոօսմանյան ծրագրին։ Երբ մենք տարիներ շարունակ պնդում էինք, որ ցեղասպանութիւնն աւարտուած չէ, քանի այն ճանաչուած չէ իրականացնողների կողմից՝ թւում էր, որ դա պարզապէս բառեր են, մինչև միջազգային հանրութիւնը դա առարկայական կերպով չտեսաւ անցած տարուայ սեպտեմբերից։ Հետաքրքրութեան երկրորդ պատճառը, կարծում եմ, արցախահայութեան վրայ այս յանցաւոր յարձակումից յետոյ համայն հայութեան աննախադէպ համախմբումն ու լայն ներգրաւուածութիւնն էր համազգային օրակարգի շուրջ»,- նշել է Համբարձումեանը:

Դեսպանն այս հարցում կարևոր է համարում նաև Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը:

«ԱՄՆ նախագահի ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանութեան գլոբալ ճանաչման և ցեղասպանութիւնների կանխարգելման գործում: Այս փաստը ևս մեծ հետաքրքրութիւն առաջացրեց իտալական մամուլում, այդ թւում ամենահեղինակաւոր թերթերում թէ ճանաչումից առաջ, թէ արդեն կայացած փաստի շուրջ։ Ինչպէս տեսանք՝ մօտ 20 խորհրդարանականներ, սենատորներ, այդ թւում Եւրոպական խորհրդարանի անդամներ Հայոց ցեղասպանութիւնը յիշատակող և դատապարտող յայտարարութիւններով հանդէս եկան»,- ասել է Իտալիայում ՀՀ դեսպանը:

Միջոցառումների ընթացքում, ի թիւս այլոց, Հայոց ցեղասպանութեան տարելիցը յիշատակելու պարտաւորութեան մասին են խօսել Իտալիայի պատգամաւորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն և Իտալիայի կառավարութեան անդամ՝ Հանրային կառավարման նախարար Ռենատո Բրունետան, ինչը դեսպան Համբարձումեանն աննախադէպ է համարում։

«Բացի արդեն նշուած՝ Հռոմի Ս․Բարթողոմէոս եկեղեցում տեղի ունեցած ոգեկոչման արարողութեան, Հայոց ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առթիւ Իտալիայում ու Սուրբ Աթոռում հաւատարմագրած Հայաստանի դեսպանութիւնները Հայ առաքելական և կաթողիկէ եկեղեցիների հետ համատեղ կազմակերպել ու մասնակցել են հայ համայնքի կողմից ձեռնարկած ոգեկոչման միջոցառումներին, որոնք անցկացուել են վատիկանեան ու իտալական կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների, դիւանագիտական կորպուսի, հասարակական, քաղաքական գործիչների ներկայութեամբ»,- նշել է Համբարձումեանը:

Ապրիլի 22-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանրային, ակադեմիական ու քաղաքական յայտնի գործիչների ու լրագրողների հետ մասնակցել է «Ցեղասպանութեան կանխարգելում» խորագրով առցանց քննարկմանը, իսկ ապրիլի 24-ին՝ Քահանայապետական Լևոնեան հայ վարժարանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան նահատակների ոգեկոչման Սուրբ պատարագին։ Բազմաթիւ միջոցառումներ են կազմակերպուել նաև Իտալիայի տարբեր ծայրերում համայնքային իշխանութիւնների կողմից՝ հայ համայնքի մասնակցութեամբ։

Օսմանեան կայսրութեան կողմից 1915 թուականին հայերի նկատմամբ իրականացուած ցեղասպանութիւնը 20-րդ դարասկզբի մեծագոյն ոճրագործութիւնն է: Աշխարհասփիւռ հայութիւնը նշում է Հայոց ցեղասպանութեան 106-րդ տարելիցը: Ցեղասպանութիւնը ճանաչել և դատապարտել է մօտ երեք տասնեակ պետութիւն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Աւստրիան, Պելկիան, Պոլիվիան, Բրազիլիան, Գանատան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Յունաստանը, Իտալիան, Լիտվան, Լուքսեմպուրկը, Նիդերլանդները, Փարակուայը, Լեհաստանը, Փորթուկալեան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Հռոմի պապը, Եւրախորհրդարանը, մի շարք այլ միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւններ: Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի օրն իր ուղերձում Հայոց ցեղասպանութիւնը ճանաչեց նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

 

Թալալ Խրայիս

Քաղուած «Արմենփրէս» էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/04/2021, 08:35