Սէն Մարթենը տօնում է միաւորման 20-ամեակը. նոյեմբեր, 2019 թուական Սէն Մարթենը տօնում է միաւորման 20-ամեակը. նոյեմբեր, 2019 թուական   Պատմութիւնը

Համայնք, որը ծառայում է Թոմային, Լորանսին եւ ամենախոցելի մարդկանց:

Աւելի քան քսան տարի է, ինչ Քենիայում սոցիալական առաքելութիւն ստանձնած Սէն Մարթեն կազմակերպութիւնը գործունէութիւն է ծաւալում անտուն երեխաների, հաշմանդամութիւն ունեցող մարդկանց եւ թմրամոլների կողքին: Կազմակերպութիւնը հիմնադրուել է 1999 թուականին: Անցեալ տարեվերջին դրա կառավարումը Դօն Մարիանօ Դալ Պոնտէից փոխանցուեց քենիացի մի կամաւորի՝ փաստաբան Իռէն Ուհամիթիին:

Ջիադա Աքուիլինօ – Վատիկան

Նիահուրուրուն գտնւում է հասարակածից ընդամէնը 3քմ, իսկ Քենիայի մայրաքաղաք Նայրոպիից՝ 200քմ հեռաւորութեան վրայ: Այն ունի 100 000 բնակիչ եւ ընդգրկում է երկրի հեռաւոր եւ գիւղական շրջանները, տեղակայուած է անմիջապէս Ռիֆթ հովիտի՝ աշխարհի ամենամեծ տեկտոնիկ (երկրակազմական) ճեղքուածքի սրտում, որը ձգւում է Սուրիայից մինչեւ Մոզամպիք՝ գրեթէ 6000քմ:

Դեռեւս 1999 թուականից այս տարածաշրջանում պաշտօնապէս գործում է Սէն Մարթեն սոցիալական առաքելութիւն ստանձնած կազմակերպութիւնը: Այն հիմնուել է իտալացի քահանայ Դօն Գաբրիէլէ Պիպինատոյի կողմից՝ այն ժամանակաշրջանում, երբ Քենիայում «fidei donum» քահանաներն իրենց քարոզչական առաքելութիւնն էին իրականացնում: Սէն Մարթենն իր գործունէութիւնը սկսել է համագործակցութեամբ «Fontana Onlus» հիմնադրամի եւ Իտալիայի Փատովա քաղաքի թեմի, որոնք դեռեւս 1965 թուականից իրենց գործուն ներկայութիւնն ունեն ափրիկեան այս երկրում: Միաւորումն աջակցութիւն է ցուցաբերում տարբեր խոցելի խմբերի մարդկանց՝ իր հարկի տակ ընդունելով անտուն երեխաներին, հաշմանդամութիւն ունեցող անձանց եւ թմրամոլներին: Այսօր այս ամէնն իրականութիւն է դարձել տեղի բնակչութեան անմիջական մասնակցութեան շնորհիւ՝ մօտ 700 կամաւորականներ եւ 65 աշխատակիցներ, որոնց կարգախօսն է. «Only through Community - Բացառապէս համայնքի աջակցութեամբ»: Անցեալ տարուայ նոյեմբերի 11-ին Սէն Մարթենը տօնեց իր 20-րդ տարեդարձը:

Իտալացի քահանայի պատմութիւնը Քենիայում 

Փատովայի թեմի քահանայ Դօն Մարիանօ Դալ Պոնտէն արդէն 17 տարի է, ինչ ծառայում է Քենիայում՝ որպէս «fidei donum» քահանայ: Ժամանակի ընթացքում Սէն Մարթենի կառավարման ղեկն իր ձեռքը վերցնելով՝ 2012-2019 թուականներին ստանձնում է կազմակերպութեան տնօրէնի պարտականութիւնները: Բոլորովին վերջերս, նա վերադարձել է Իտալիա եւ Վատիկան Նիուզին տուած հարցազրոյցի ժամանակ պատմել այն իրականութեան մասին, որով, ինչպէս ինքն է ասում՝ «շարունակում է հմայուած մնալ» եւ վստահեցնում՝ «լաւագոյն նուէրը, որ կարող էի ստանալ այս կեանքում՝ դա Քենիայում որպէս քահանայ անցկացրած տարիներն են եղել՝ հետեւելով համերաշխութիւնը եւ եղբայրութիւնն ապրելու աւետարանական կոչին»: Հարցազրոյցի առաջին իսկ րոպէներին նա լուսաբանում է Սէն Մարթենի «տեղական համայնքի մասնակցային» իրականութիւն լինելու փաստը, որում «լիովին ներգրաւուած են կամաւորները, որոնց նպատակն է ոչ միայն աջակցել ամենախոցելի եւ ամենակարիքաւոր մարդկանց, այլեւ՝ փոխակերպել սեփական անձը շնորհիւ նրանց, ում օգնութեան ձեռք են մեկնում»:  

Դօն Մարիանօ Դալ Պոնտէն Սէն Մարթենի 20-ամեակի տօնակատարութեան ժամանակ
Դօն Մարիանօ Դալ Պոնտէն Սէն Մարթենի 20-ամեակի տօնակատարութեան ժամանակ

Սէն Մարթենի հիմնադրման պատմութիւնը

Դօն Մարիանոն պատմում է, որ Սէն Մարթենի պատմութիւնը սկսուել է 90-ական թուականների վերջին՝ Դօն Գաբրիէլէ Պիպինատոյի եւ հաշմանդամութիւն ունեցող մի տղայի՝ Թոմայի հանդիպումից յետոյ: Մինչ այդ, տղան ապրում էր «սենեակում փակուած», քանի որ նրա նմաններին թաքցնում էին հասարակութիւնից եւ, նոյնիսկ, անիծուած էին համարում՝ միայն այն պատճառով, որ հաշմանդամութիւն ունէին: Տնօրհնեաց կարգ կատարելիս Դօն Գաբրիէլէ Պիպինատոյին խնդրում էին օրհնել տան բոլոր սենեակները, կենդանիներին, ագարակը, շրջակայ դաշտերը, բայց ոչ այս տղային, որ լքուած էր սենեակներից մէկի անկիւնում: Պատահաբար, Դօն Գաբրիէլեն բացում է այդ սենեակի դուռը եւ տեսնում Թոմային: Հէնց այդ հանդիպումից յետոյ է, որ նա միտք է յղանում տղային (եւ ոչ միայն նրան) աջակցելու համար որոշակի քայլեր ձեռնարկել: Այսօր կազմակերպութիւնը գործունէութիւն է ծաւալում ափրիկեան այս երկրի Բարինգո, Լեքիպիա եւ Նիանդարուա նահանգներում եւ իրականացնում սոցիալական տարբեր ծրագրեր, որոնք մշակուել են տարիների ընթացքում: Ամէն ինչ սկսուեց հաշմանդամութիւն ունեցող մարդկանց համար մշակուած ծրագրից, որը վերջերս յանձնուեց Ժան Վանիէի կողմից հիմնուած «Arche» համայնքին, ապա՝ հետզհետէ համալրուեց այլ ծրագրերով, որոնք ուղղուած են անտուն երեխաների, թմրանիւթերից կախուածութեան մէջ գտնուող անձանց, ՁԻԱՀ-ով հիւանդների, վերջին շրջանում նաեւ՝ մտաւոր հաշմանդամութիւն ունեցող մարդկանց աջակցութեանը: 

Սէն Մարթեն համայնքը
Սէն Մարթեն համայնքը

Ծրագրերը

«Մեր առաքելութիւնը սոցիալական ուղղուածութիւն ունի», - ասում է Դօն Մարիանոն: Սա կարծես պատկանելիութեան նշան լինի, որը կարող է հատել ամէն տեսակ հեռաւոր վայրերի սահմաններ: «Անտուն երեխաներին ընդունում ենք երեք կենդրոններում, որտեղ նրանց հետ վերականգնողական աշխատանքներ ենք իրականացնում, ապա՝ փորձում ենք այս գործընթացի մէջ ներգրաւել երեխայի ընտանիքին, պարզում, թէ արդեօք երեխան կարող է վերադառնալ ընտանիք: Այն դէպքերում, երբ ընտանիքում իրավիճակը նպաստաւոր չէ՝ փնտռում ենք հիւրընկալ ընտանիքներ: Երեխաներին այս ընտանիքներում տեղաւորելուց յետոյ՝ մի քանի տարի, շարունակում ենք հետեւողական աշխատանք տանել նրանց նկատմամբ: Այս ծրագիրն ընդլայնել է իր գործունէութեան շրջանակները եւ այլեւս չի սահմանափակւում միայն անտուն երեխաների խնդիրներով, այլ՝ բոլոր նրանց, ովքեր ծանր կացութեան մէջ են յայտնուել: Բռնութեան զոհ դարձած աղջիկների դէպքերը Նիահուրուրույի անչափահասների գործերով զբաղուող դատարանի անմիջական միջամտութեամբ հաղորդւում են Սէն Մարթենին: Այսպիսով, մենք ունենք կանանց կենդրոն, որն իր հարկի տակ է ընդունում այս բոլոր երիտասարդ աղջիկներին»: Ինչ վերաբերում է մտաւոր հաշմանդամութիւն ունեցող մարդկանց, ովքեր միշտ համարուել են «դժբախտներից ամենադժբախտները», ապա, նոյնիսկ այսօր, նրանք դուրս են մղուած հասարակութիւնից եւ անուշադրութեան մատնուած: «Սէն Մարթենը համայնքի անդամների համար կրթական ծրագիր է մշակում՝ ուղղուած մտաւոր հիւանդութիւններին եւ դրանց կանխարգելմանը, ինչպէս նաեւ այդ հիւանդութիւններով տառապող մարդկանց աջակցութեանը՝ առանձնայատուկ ուշադրութիւն դարձնելով «ընտանեկան փոխյարաբերութիւններին եւ կեանքի արժանապատուութեանը»:

Աջակցութիւնը Սէն Մարթենում
Աջակցութիւնը Սէն Մարթենում

Լորանսի վերադարձը

Բազմաթիւ դէմքեր են ապրում Սէն Մարթենի քսան տարիների պատմութեան էջերում, որի ամէն մի օրը լցուած է տարբեր եղելութիւններով: Դօն Մարիանոն մտաբերում է անտուն մի երեխայի, ում պայմանականօրէն անուանում է Լորանս՝ անձի գաղտնիութիւնը պահպանելու համար: Նրանց հանդիպումը տեղի ունեցաւ այն ժամանակ, երբ Դօն Մարիանոն դեռ նոր էր ստանձնել կազմակերպութեան տնօրէնի պարտականութիւնները: Նկատել էր, որ տղան ոտքի հատուածում ֆիզիքական հաշմանդամութիւն ունի, ինչի պատճառով ստիպուած էր «անթացուպ» կրել: «Տղան ընտանիք չունէր, ընդունուել էր մեր վերականգնողական կենդրոն, որտեղ նրան օգնեցին կրթութիւն ստանալ: Այնուհետեւ, իր հարեւանների օգնութեամբ կարողացաւ աւելիին հասնել եւ դառնալ ուսուցիչ: Անցեալ տարի, առաւօտեան աղօթքներից մէկի ժամանակ մեզ միացաւ մէկը, ում ոչ ոք չէր ճանաչում: Ներկաներին ողջունելուց յետոյ նա ասաց. «Գուցէ չյիշեցիք ինձ, ես Լորանսն եմ, եկել եմ ձեզ իմ երախտագիտութիւնը յայտնելու, որովհետեւ դուք հավատացիք իմ ուժերին, երբ ոչ ոք դրան չէր հաւատում: Այսօր վարժարանում ուսուցիչ եմ, պատրաստւում եմ ամուսնանալ եւ եկել եմ ձեզ հրաւիրելու իմ հարսանիքին: Ես նուէրներ չեմ ուզում, փոխարէնը՝ պատրաստւում եմ օժանդակութիւն ցուցաբերել Սէն Մարթենին, որպէսզի մէկ այլ անտուն երեխայ, ում դուք կ՛ընդունէք ձեր հարկի ներքոյ՝ կարողանայ կրթութիւն եւ նոյն հնարաւորութիւնը ստանալ, ինչ եւ ես»: Քահանան ընդգծում է, որ սա պարզապէս մի օրինակ է գործած բարիքի, որը «ոչ միայն փոխում է նրանց կեանքը», ում աջակցում են, այլեւ՝ յատուկ «վերաբերմունք» է ձեւաւորում ինչպէս այդ անձի, այնպէս էլ միւսների մօտ: 

Կազմակերպութիւնում տեղի ունեցող հանդիպումներից մէկի ժամանակ
Կազմակերպութիւնում տեղի ունեցող հանդիպումներից մէկի ժամանակ

Բացառապէս համայնքի աջակցութեամբ

Սա ամենօրեայ աշխատանք է, որի ուշադրութեան կենդրոնում ծրագրի շահառուներն են՝ նպատակ հետապնդելով վերջիններիս ներգրաւել սոցիալական կեանքի եւ, հնարաւորութեան դէպքում՝ աշխատանքի մէջ: Սակայն կազմակերպութեան յանձնառութիւնն այսքանով չի սահմանափակւում: «Բացառապէս համայնքի աջակցութեամբ» կարգախօսը խթան է հանդիսանում անձնակազմի համար, որպէսզի «հոգածութեան տակ առնուած խոցելի մարդկանց շուրջը համախմբեն քրիստոնէական համայնքի անդամներին, ինչպէս նաեւ՝ նրանց մասնակիցը դարձնեն տեղական իրականութեանը, դպրոցներին եւ հաստատութիւններին»: Կազմակերպութեան անդամներն ուղղակիօրէն եւ անվճար՝ որպէս կամաւորներ, ուսուցիչներ, բժիշկներ ու փաստաբաններ ներգրաւուում են այս գործընթացի մէջ, «որպէսզի պաշտպանութեան կարիք ունեցող մարդիկ դուրս չը մղուէն եւ իրենց տեղն ունենան հասարակութեան մէջ»: Սէն Մարթենի համար այս աշխատանքների մէջ ներգրաւուել նշանակում է լինել այն մարդկանց կողքին, ովքեր կարիքի մէջ են: «Բոլոր նրանք, ովքեր յայտնուել են այս իրավիճակում՝ լիովին փոխակերպւում են եւ գտնում այն ապաքինումը, որի կարիքը բոլորս ունենք՝ հոգու ապաքինումը»:  Անհրաժեշտ է ընդունել բոլոր թուլութիւնները եւ այս գործընթացում ներգրաւել «ընտանիքներին, հարեւան համայնքներին եւ Եկեղեցուն, որին պատկանում է տուեալ շահառուն»:

Կարիքի մէջ

«Սէն Մարթենը, - ընդգծում է Դօն Մարիանոն, - մշտապէս ներկայ է համայնքներում եւ գիւղերում: Սէն Մարթենն այնտեղ է՝ որտեղ մարդիկ կարիքի մէջ են»:  Այս կազմակերպութիւնը համակարգային չի դարձնում կարիքաւոր մարդկանց խնամքը: Այն հասնում է ընտանիքներին՝ նոյնիսկ փոքր գիւղական վայրերում, փորձելով մարդկանց համախմբել կարիքի մէջ գտնուողի շուրջ: Սէն Մարթենը տեղում պատրաստում է կամաւորների՝ ապահովելով նրանց մասնագիտական կրթութիւնը եւ հոգեւոր պատրաստութիւնը հաշմանդամութիւն ունեցող կամ կարիքի մէջ գտնուող մարդկանց հետ աշխատելու համար: Հիւանդանոցային խնամքի անհրաժեշտութեան դէպքում բուժօգնութիւնը կազմակերպւում է տեղում, որպէսզի հիւանդը բուժում ստանայ համապատասխան կենդրոններում»: 

Ապագան կնոջ ձեռքերում

Չնայած այս ամէնին, Քենիան «հիասքանչ երկիր է՝ իր բնութեամբ, հնարաւորութիւններով, մարդկանցով՝ ովքեր ապրում են այստեղ, եւ նրանց անհաւատալի ներուժով»:  Դօն Մարիանոյի ցանկութիւնն է, որ այս ժողովուրդը շարունակի արարել այն բարիքը, որ կրում է իր արմատների ու մշակոյթի մէջ»:

Դօն Մարիանոյի Իտալիա վերադառնալուց յետոյ Սէն Մարթենի կառավարման ղեկը յանձնւում է մի կնոջ՝ ափրիկեցի փաստաբանի, ով աշխատում է Քենիայի Գերագոյն Դատարանում: Իռէն Ուհամիթին 55 տարեկան է: Երկու տասնամեակ առաջ նա առաջիններից մէկն էր, ով դարձաւ Սէն Մարթենի կամաւոր: Այսօր նրա հոգածութեան տակ են գտնւում տասնեակ տղաներ եւ աղջիկներ, տղամարդիկ, կանայք ու տարեցներ, ինչպէս նաեւ նրանց ընտանիքները, որոնք բախտի քմահաճոյքին կը թողնուէին, եթէ չլինէր այս աջակցութեան կենդրոնը: 

Իռէն Ուհամիթին աջ կողմում՝ արարողութեան ժամանակ
Իռէն Ուհամիթին աջ կողմում՝ արարողութեան ժամանակ

«Նա Սէն Մարթենի կառավարումը ստանձնեց՝ որպէս տնօրէն եւ որպէս կամաւոր: Իռէնը, - վկայում է Դօն Մարիանոն, - աշխատավարձ չի ստանում այն աշխատանքի համար, որ կատարում է: Նա այն մարդն է, ով ոչ միայն քաջատեղեակ է Սէն Մարթենի պատմութեանը եւ մտահոգւում է իր առաքելութեան մասին, այլեւ՝ կին, ով մասնագիտական պատրաստութիւն է անցել»:  

Դօն Մարիանոյի ձայնի մէջ զգացւում է որոշակի յուզմունք, երբ խօսում է մէկ այլ յաջողութեան մասին. Սէն Մարթենն այսօր ամուր կանգնած է երկու ոտքի վրայ եւ յանձնուած ափրիկեան տեղական համայնքի կառավարմանը: Այնուամենայնիւ, միսիոնարը չի մոռանում Նիահուրուրույում անցկացրած օրերի մասին եւ խոստանում է վերադառնալ Քենիա՝ այցելելու իր ընկերներին, որոնց հետ քսան տարի շարունակ տառապանքի եւ ուրախութեան պահեր է ապրել: Եզրափակելով իր խօսքը Դօն Մարիանոն ասում է. «Բարեկամութիւնը եւ մտերմութիւնը յարատեւ են»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/02/2020, 10:18