Դեսպան Կարեն Նազարեան Դեսպան Կարեն Նազարեան 

Դեսպան Կարեն Նազարեանի հանդիպումները Լիսաբոնում

Լիսաբոնում գտնուելու օրերին դեսպան Նազարեանը նաև մասնակցել է Պորտուգալական Հանրապետութեան նախագահի և ԱԳ նախարարի օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների հետ ամէնամեայ հանդիպումներին։

Յունուարի 22-25-ը Լիսաբոնում էր գտնւում Պորտուգալիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հռոմ) Կարեն Նազարեանը, ով աշխատանքային քննարկումներ է ունեցել պորտուգալական իշխանութիւնների ու Գյուլբենկեան հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

Եւրոպական հարցերով Պորտուգալիայի պետական քարտուղար՝ Անա Պաուլա Զաքարիասի հետ հանդիպմանը դեսպան Նազարեանը խնդրանք է ներկայացրել արագացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի վաւերացման գործընթացը, որը յետաձգուել էր անցած տարուայ նոյեմբերին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների պատճառով։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել Արևելեան գործընկերութեանն ու դրա շրջանակներում ստանձնած համատեղ յանձնառութիւնների կատարմանը, խօսել 2021թ․-ին ԵՄ խորհրդում Պորտուգալիայի նախագահութեան մասին։

Լիսաբոնում դեսպանը նաև հանդիպումներ է ունեցել Պորտուգալիայի նախագահի դիւանագիտական հարցերով աւագ խորհրդականի ու ԱԳՆ քաղաքական հարցերով գլխաւոր տնօրէնի և ուրիշների հետ, որոնց ընթացքում ներկայացուել են արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի ու տարածաշրջանային զարգացումների վերաբերեալ հայկական կողմի մօտեցումները։ Քննարկուել են նաև բազմակողմ դիւանագիտական հարթակներում երկու երկրների փոխգործակցութեանը վերաբերող հարցեր։

Դեսպանի աշխատանքային օրակարգում էր նաև երկկողմ տնտեսական  յարաբերութիւնների զարգացմանը միտուած քայլերը, որոնք քննարկուել են Պորտուգալիայի առևտուրի ու ներդրումների գործակալութիւնում։  Գործարարութեան պետական այդ կառոյցի նախագահ Լուիս Կաստրո  Հենրիքսի ու գործակալութեան տնօրէնների ու փոխտնօրէնների մասնակցութեամբ հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու առաւելութիւնները, երկրի տնտեսական ցուցանիշները և զարգացման տեմպերը, այդ թւում «Մուդիզ»-ի կողմից Հայաստանին տրուած սուվերեն վարկանիշի վերաբերեալ և Արժոյթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի գնահատականներն ու կանխատեսումները, խօսուել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցութիւնից, Իրանի հետ սահմանակից լինելու և ԵՄ-ի կողմից տրամադրած Արտօնութիւնների ընդհանրացուած համակարգի (GSP+) կարգաւորումից օգտուելու հնարաւորութիւնների մասին։ Զրուցակիցները առանձնացրել են զբօսաշրջութեան, նորարարութեան, այլընտրանքային էներգետիկայի և միւս բնագաւառները, որոնցով Պորտուգալիան առաջատար է, և որոնք դասւում են նաև հայկական կողմի կայուն զարգացման առաջնայնութիւնների շարքին, և պայմանաւորուել որպէսզի այս ուղղութիւններով երկուստեք իրականացուեն թիրախաւորված քայլեր։ Հանդիպմանը պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել նաև Երևանում ու Լիսաբոնում կազմակերպել քննարկումներ, սեմինարներ ի յայտ բերելու համար երկու երկրներում առևտրատնտեսական կապերի ու ապակենտրոնացուած համագործակցութեան զարգացման համար առկայ ներուժն ու հնարաւորութիւնները։

Լիսաբոնում գտնուելու օրերին դեսպան Նազարեանը նաև մասնակցել է Պորտուգալական Հանրապետութեան նախագահի և ԱԳ նախարարի օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների հետ ամէնամեայ հանդիպումներին։ 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/01/2020, 08:00