Տատիկներն ու պապիկներն առաջին անգամ բեմադրեցին Սուրբ Ծննդեան տեսարանը Տատիկներն ու պապիկներն առաջին անգամ բեմադրեցին Սուրբ Ծննդեան տեսարանը 

Տատիկներն ու պապիկներն առաջին անգամ բեմադրեցին Սուրբ Ծննդեան տեսարանը

«Նոր սերնդի համար տարեցները փորձառութեան և իմաստութեան գանձարան են»

«Այն հասարակութիւնը, որը չի արժևորում տատիկներին և պապիկներին, ապագայ չունի: Նոր սերնդի համար տարեցները փորձառութեան և իմաստութեան գանձարան են: Այն հասարակութիւնը, որը հաշուի չի առնում սերունդների միջև համաձայնութիւնը, ի վերջոյ կկորցնի այն, ինչն իսկապէս կարևոր է՝ սէրը»:

Այս խօսքերը Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ասաց 2018թ. օգոստոսի 28-ին, Դուբլինում, ընտանիքների հետ ընդհանուր մի հանդիպման ժամանակ: Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքում տարեցների հանդէպ հոգատարութիւնը միշտ կարևոր տեղ է զբաղեցնում, քանի որ կեանքի իրաւունքի պաշտպանութեան մի մաս է՝ կեանքի իրաւունքը՝ մարդ անհատի յղացման առաջին վայրկեանից մինչև մահը: Այս տեսլականով է աշխատում նաև Հայկական Կարիտասը՝ տարեցներին ուղղուած իր սոցիալական ծրագրերում՝ ջանալով Աստծոյ սիրոյ ներգործութիւնը առաւել զգալի դարձնել յատկապէս միայնակ, հիւանդութիւններից տառապող կամ սոցիալական վատ պայմաններում ապրող տարեցների կեանքում:

Որպէս տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում մեր սիրելի տատիկների և պապիկների հետ հոգևոր աշխատանքի մի կարևոր և գեղեցիկ հանգրուան, դեկտեմբերի 20-ին նրանց հետ միասին առաջին անգամ բեմադրեցինք Սուրբ Ծննդեան աւետարանական պատմութիւնը: Համոզուեցի, որ մէկ ամսից աւելի տևած մեր միասնական ջանադրութիւնը, ինչպէս նաև երկարատև հոգևոր զրոյցները, միասնական աղօթքները ի զուր չէին: Առաջացած տարիքի հետևանքները, ֆիզիկական թուլութիւնը, տարիների բեռը, ընտանեկան, հոգեբանական, սոցիալական խնդիրները չկարողացան խոչընդոտել անկեղծ խօսքերի, ժպիտների, հրեշտակների պարային պարզ շարժումների, ի վերջոյ, հաւատքից բխած գործողութիւնների ազատ արտայայտման համար, որոնք այնքա՜ն գեղեցիկ և այնքա՜ն տպաւորիչ էին, որ նոյնիսկ իրենց՝ տարեցների համար անակնկալ էր: Անակնկալ էր, քանի որ ի սկզբանէ, իրե՛նք էլ լուրջ չէին ընդունում բեմադրութիւն անելու իմ առաջարկը. Կոյս Մարիամի, Մանուկ Յիսուսի ծնունդի մասին հրեշտակի աւետիսը, Սուրբ Յովսէփի, հրեշտակների կերպարները իրենց առաջացած տարիքում ներկայացնելու միտքը շատերի համար անհասկանալի էր և ծիծաղ էր առաջացնում, երբեմն հիասթափեցնում էին նաև տարեկից որոշ ընկերների անտարբեր կամ քննադատական հայեացքները, խօսքերը, որոնք սակայն, ի վերջոյ, տեսնելով ընկերների յաջողութիւնները, վերածուեցին անկեղծ դրուատանքի խօսքերի և ծափահարութիւնների: Ինձ համար մե՜ծ հաճոյք էր ուղեկցել իւրաքանչիւր դերակատարի՝ ստեղծագործական առաջին քայլերը կատարելիս, յիշեցնել խօսքերը, պարային շարժումներ անել իրենց հետ միասին և, ի վերջոյ, հանդիսատեսի առջև շնորհակալութիւն յայտնել բոլորին:

Անշուշտ, երախտագիտութիւնս յայտնեցի նաև կենտրոնի անձնակազմին, յատկապէս, սոցիալական աշխատող Գուրգեն Բաղդասարյանին, որ տարիներ շարունակ կիսել է կենտրոն յաճախող տատիկ պապիկների դժուարութիւններն ու ուրախութիւնները, տկն. Ֆլորային և Արմեն Մարտիրոսյանին, որ ղեկավարում են տարեցների խնամքի ծրագրերը, կամաւորականներին՝ Մարգարիտին, Հայկուշին, յատկապէս, Վալերիային, որ Եղիսաբեթի դերակատար տկն. Սիլվայի հետ միասին պատրաստեց բեմական հագուստները, Հայկական Կարիտասի տնօրէն Գագիկ Տարասյանին և ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանին, որ իրենց ներկայութեամբ քաջալերեցին և սիրով լի ուշադրութիւն ցուցաբերեցին իրենց սիրելի շահառուների նկատմամբ՝ իրենց համար բացայայտելով նրանց տաղանդները, երիտասարդական ավյունը, որ չեն կարող սքօղել տարիների թողած կնճիռները և որ հուշում է մի միտք՝ այն, որ շահառուների համար հարկաւոր է միշտ աւելին անել: Շնորհակալ եմ նաև տկն. Գոհար Շախուլյանին, որ նուագեց և երգեց բեմադրութեան ընթացքում և որ երկար ժամանակ կամաւորական սկզբունքով հոգևոր զրոյցներ է վարել կենտրոնի տարեցների հետ: Այս օրը առիթ էր նաև միասնութեան, վատ սովորութիւնները մոռանալու, միմեանց հանդէպ աւելի ջերմ և հանդուրժող լինելու՝ Սուրբ Ծննդեան տեսարանի խորհրդի հետ համահունչ:

Բեմադրութիւնն աւարտուեց պատմողի յուզուած խօսքերով.

«Աշխարհում կան հազարաւո՜ր մարդիկ՝ տարեցներ, հիւանդներ կամ միայնակ, լքուած, մոռացուած բոլորից, ովքեր կորցրել են ամեն ինչ և բոլորին: Բայց Յիսուս չի՛ մոռանում ոչ մէկին՝ անկախ այն բանից, թէ ովքեր են նրանք, ինչպիսի անցեալ են ունեցել, մեղաւոր են, թէ արդար, Յիսուսը սիրում է բոլորի՛ս…

Աստծոյ օգնութեամբ մենք կարող ենք մեր  կեանքը ապրել սրբութեամբ և վերջում Աստծուն հանդիպել մեծ կարոտով և վստահութեամբ, որ Աստուած մեզ կարժանացնի լաւագոյն վիճակին»:

Վերջում ներկաներին ցոյց տուեցի նաև հրեշտակներից մէկի՝ տկն. Էմմայի պատրաստած գոբելենը՝ Սուրբ Ծննդեան պատկերով, որ հեղինակը մէկ ամիս շարունակ ամէն օր խոստանում էր բերել և ցոյց տալ բոլորին և ամեն անգամ մոռանում էր բերել: Այսօր բերել էր և իր համար իսկական տօն էր. միակ զաւակին կորցրած միայնակ այդ կնոջն, ի վերջոյ, ես տեսայ անկաշկանդ և լայն ժպտալով:

Տ. Յովսէփ Գալստեան

Հայկական Կարիտասի Հոգևոր խորհրդատու

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/12/2019, 09:19