Աուրորա մրցանակ Աուրորա մրցանակ 

Ավրորա մրցանակ (2). «Ավրորա» նախաձեռնութեան անուանմումը։

Հռոմէական դիցաբանութեան մէջ Ավրորան արշալոյսի աստուածուհին էր, խորհրդանիշ նոր օրուայ, նոր լոյսի, նոր զարթօնքի:

Յարգելի՛ ունկնդիրներ,

Նախորդ հաղորդման ընթացքում ձեր ուշադրութեանը ներկայացրեցինք, թէ երբ և ինչպէս ստեղծուեց և աշխարհին ներկայացուեց  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը և որն էր այս նախաձեռնութիւնը ստեղծելու հիմնական գաղափարը:

Այսօր կցանկանայինք անդրադառնալ նախաձեռնութեան անուանմանը՝ «Ավրորա»:

Ունկնդրէ լուրը

Ինչպէս յայտնի է, Հռոմէական դիցաբանութեան մէջ Ավրորան արշալոյսի աստուածուհին էր, խորհրդանիշ նոր օրուայ, նոր լոյսի, նոր զարթօնքի: Խորհրդանշական է, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը ձգտում է աշխարհն ուղղորդել դէպի մարդասիրութեան զարթօնք:

Սակայն ամենախառնութիւնն ունի ներշնչանքի մէկ այլ աղբիւր:

Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների պատմութիւնների մէջ կա մէկը, որն առանձնակի խիզախութիւն եւ նուիրուածութիւն մարմնաւորում է:

Նրան համարում են Հայաստանի «Ժան դ'Արկը»՝ կին, ով անցնելով Ցեղասպանութեան անհամար սարսափներով՝ հերոսաբար վերապրեց դրանք: Իր տառապանքների և ճշմարտութեան մասին նա պատմեց աշխարհին իր գրքում, այնուհետև գրքի հիման նկարահանուած ֆիլմում խաղալով իր իսկ դերը:

Ավրորա Մարդիգանեան: Նրա իրական անունն Արշալոյս Մարտիկեան է: Ծնուել է 1901թ. յունուարի 12-ին Չմշկածագում քաղաքում: Արշալոյսը 13 տարեկան էր, երբ պայթեց Առաջին համաշխարհային պատերազմը, և դեռատի աղջկայ ու նրա ընտանիքի համար սկսուեց տառապանքներով ու ողբերգական իրադարձութիւններով լի մի շրջան: Չմշկածագի հայութեան բռնագաղթը սկսուեց 1915 թ. յունիսին: Այդ ժամանակ Արշալոյսի եղբայրներից մէկն արդեն բնակւում էր ԱՄՆ-ում:

Բռնագաղթի ճանապարհին Արշալոյսը կորցրեց իր ընտանիքի անդամներին ու ազգականներին, որոնց կարաւանն ուղեկցող թուրք ժանդարմները սպանեցին իր աչքի առջև: Թուրք պաշտօնեաների և քուրդ ցեղապետերի կողմից տանջանքների ու բռնութիւնների ենթարկուելուց յետոյ Արշալոյսը, Եփրատ գետը նետուելով, կարողացաւ փախչել Քեմալ էֆենդու հարեմից, սակայն կրկին գերեվարուեց: Նա յայտնուեց քուրդ ստրկավաճառների ձեռքում, ովքեր լաւ գին ստանալու ակնկալիքով նրան չսպանեցին և վաճառեցին 85 ցենտով: Նրան կրկին յաջողուեց փախչել: Քաղցից ու ծարաւից հիւծուած՝ երկու տարուայ ընթացքում Արշալոյսը ոտքով անցաւ 600 կմ և երկար դեգերումներից յետոյ՝ 1917 թ. գարնանը, հասաւ Էրզրում, որն արդեն գրաւել էին ռուսական զօրքերը:

Հայ-սիրիական նպաստամատոյցի ամերիկեան (NEAR EAST RELEIF) կոմիտէի միջոցներով Արշալոյսը հասաւ Պետերբուրգ, իսկ 1917 թ. նոյեմբերին՝ Նիու-Եորք, որտեղ նրան որդեգրում է մի հայ ընտանիք:

Արշալոյսը սկսում է թերթերում յայտարարութիւններ հրապարակել ողջ մնացած եղբօրը՝ Վահանին գտնելու համար։ Այս յայտարարութիւնները գրաւում են լրագրողների ուշադրութիւնը։ Արշալոյս Մարտիկեանի՝ ցեղասպանութեան մասին վկայութիւնները՝ «Երկու տարուայ տանջանքներս իմ յօշոտուած ու մարտիրոսուած հայրենիքում» խորագրով, 1918 թ. տպագրւում են Նիու Եորքի և Լոս Անջելեսի թերթերում, իսկ նոյն տարուայ դեկտեմբերին լոյս է տեսնում «Զոշոտուած Հայաստան» խորագրով գիրքը։ Շապիկին Արշալոյսի լուսանկարն էր՝ հայկական աւանդական զգեստը հագին։ Գիրքը յաջորդ երկու տասնամեակներին բազմիցս վերահրատարակւում է և վաճառւում 900,000 տպաքանակով՝ ներառեալ իսպաներէն, հոլանդերէն և լեհերէն հրատարակութիւնները։

1918 թ. վերջին ամերիկեան Selig Polyscope ընկերութեան նախաձեռնութեամբ կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսում է աշխատել այդ գրքի վրայ հիմնուած համր կինոնկարի վրայ, որի գլխաւոր դերը վերապահուած էր Արշալոյսին,՝ այժմ արդեն Ավրորա Մարդիգանեան անուան ներքոյ։ Ֆիլմում նկարահանուեց նաև Օսմանեան կայսրութիւնում ԱՄՆ-ի նախկին դեսպան Հենրի Մորգենթաուն, ով մարմնաւորեց իր իսկ կերպարը:

Անի Մնացականեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/02/2019, 09:01