Vatican News

Հաւատոյ Ժողովը բոլորի գանձի ծառայութեան ի սպաս

Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների պատմութիւնը, նպատակը եւ առաքելութիւնը. հայեացք ներսից: Ինչպէ՞ս են գործում այն գերատեսչութիւնները, որոնք աջակցում են Սրբազան Քահանայապետի գործունէութեանը: Հաւատոյ Ժողովը ներկայանում է հանրութեանը. հարցազրոյց կառավարիչ՝ Կարդինալ Լատարիա Ֆերրերի հետ:

Ալեսսանդրօ Տի Պուսսոլօ – Վատիկան

«Մենք այլեւս հաւատաքննական ժողով չենք»: Հաւատոյ Ժողովի կառավարիչ՝ Կարդինալ Լուիս Ֆրանսիսքօ Լատարիա Ֆերրերը իր ղեկավարած գերատեսչութիւնը ներկայացնում է շատ կարեւոր մի նկատառումով. «Մենք մօտենում ենք ճիշդ եզրագծին, գուցէ ոչ այնքան տեսանելի, քան միւսները, սակայն ոչ պակաս իրական եւ ցաւալի», - ընդգծում է նա՝ նկատի ունենալով հոգեւորականների կողմից անչափահասների նկատմամբ իրականացրած բռնութեան դէպքերը: Այս գործում ներգրաւուած բոլոր անձանց փորձում են հասկացնել, որ «Եկեղեցւոյ մէջ անպատժելիութիւն չկայ»: Միայն այսպէս կարելի է պահպանել մարդկանց «հաւատը Եկեղեցւոյ նկատմամբ»: Այս աշխատանքները իրականացւում են «համեստ» միջոցների հաշուին, որոնք սակայն լիովին համապատասխանում են «հաւատքի վարդապետութեան խրախուսման եւ պահպանման» առաքելութեանը, քանի որ Եկեղեցւոյ պարտքն է Առաքեալների խօսքը ուսուցանել եւ փոխանցել ապագայ սերունդներին», - իր խօսքում ընդգծում է Կարդինալը:

Հարց. Հռոմէական Կուրիայի Միաբանութիւններից առաջինը եւ ամենահինը Հաւատոյ Ժողովն է: Հասարակութեան կարծիքի համաձայն այս գերատեսչութեան անուանումը կապուած է խիստ օրէնքների հետեւող Եկեղեցու հետ եւ յիշեցնում է այնպիսի հաստատութիւններ, ինչպիսիք են Հաւատաքննական եւ Գրաքննութեան ժողովները: Այսօր, երբ ամբողջապէս փոխուել է մօտեցումը, ո՞րն է այս Միաբանութեան առաքելութիւնը:

Պատասխան. Այսօր էլ շարունակում ենք զգալ մեր Միաբանութեան անցեալի ծանրութիւնը, քանզի ոչ միշտ է, որ կարողանում ենք խորապէս գիտակցել այն արմատական փոփոխութիւնները, որոնք այս վերջին ժամանակաշրջանում տեղի են ունեցել Եկեղեցւոյ եւ Հռոմէական Կուրիայի ներսում: Մենք այլեւս Հաւատաքննիչ ժողով չենք եւ Գրաքննութիւնն գոյութիւն չ’ունի: Մեր առաքելութիւնն է պահպանել հաւատքի վարդապետութիւնը եւ նպաստել դրա զարգացմանը: Եկեղեցւոյ անմիջական պարտաւորութիւնն է նոր սերունդներին փոխանցել Առաքեալների ուսմունքը: Ի հարկէ, դարերի ընթացքում փոխուել են եւ դեռ կը փոխուեն այն միջոցները, որոնք Եկեղեցին գործադրում է իր այս պարտաւորութեան իրականացման համար, սակայն անփոփոխ կը մնայ հաւատարմութիւնը Առաքեալների վարդապետութեանը:

Հարց. Աշխատանք, որը չափազանց հեռու է թուում պարզ տնտեսական կառավարում լինելուց: Որո՞նք են Ձեր գերատեսչութեան ծախսերի բաղադրիչները եւ ինչպէ՞ս է Ձեր «տնտեսական պիւտճէն» արդարացւում «առաքելութեան պիւտճէով», որը պէտք է դասակարգի Հռոմէական Կուրիայի բոլոր ճիւղերի աշխատանքը:

Պատասխան. Մեր պիւտճէն համեստ է: Ի հարկէ, կան ինչպէս պետական ծառայողների աշխատավարձերը, այնպէս էլ գերատեսչութեան բնականոն գործունէութիւնն ապահովելու համար նախատեսուած ծախսերը: Ի հաւելումն այս ծախսերի՝ որոշ ճամբորդութիւններ, Քահանայապետական աստուածաշնչեան յանձնախումբի եւ Միջազգային աստուածաբանական յանձնախումբի ժողովները, որոշ հրատարակութիւններ, ինչպէս նաեւ մեր օտարերկրեայ համագործակիցների վարձատրութիւնը… Մեր Միաբանութեան պիւտճէն լիովին համապատասխանում է մեր առաքելութեանը: Բոլորովին կարիք չկայ «առաքելութիւններ» հնարել, քանի որ լիովին բաւարար է այն կարեւոր աշխատանքը, որն իրականացնում ենք մեր առջեւ դրուած խնդիրների լուծման համար:

Հարց. Եօթ տարի է, ինչ Սուրբ Պետրոսի գահին է նստած Յիսուսեան կրօնաւորը, եւ, երեք տարի է, ինչ Դուք՝ լինելով Յիսուսեան կրօնաւորի ուղեկիցը, ղեկավարում էք Հաւատոյ Ժողովը՝ աւելի քան քսան տարի խորհրդատուի, ապա քարտուղարի պաշտօնները զբաղեցնելուց յետոյ: Այսօր Ընդհանրական Եկեղեցւոյ կառավարման գործում ո՞րն է իգնատիոսեան հոգեւորականութեան ազդեցութիւնը, յատկապէս այն գերատեսչութիւնում, որի կառավարիչը Դուք էք:

Պատասխան. Անշուշտ, Սրբազան Քահանայապետի բազմաթիւ ուղերձներում կարելի է նկատել Սուրբ Իգնատիոս Լոյոլացու հոգեւոր ազդեցութիւնը, ինչը զգացւում է նաեւ Նորին Սրբութեան կառավարման եւ որոշումների կայացման հարցում: Սակայն, իգնատիոսեան հոգեւորականութիւնը ընդհանրական է եւ ոչ անհատապաշտ, այն բաց է բոլորի համար, հետեւաբար, դժուար է կանխորոշել իրական հետեւանքները:

Հարց. Որպէս Յիսուսեան Միաբանութեան լաւագոյն աւանդոյթ՝ կարո՞ղ էք ներկայացնել երեք օրինակ, որոնք լոյս կը սփռեն ձեր կողմից իրականացուող աշխատանքի վրայ՝ մասնաւորապէս ընդգծելով. արդեօ՞ք այն միայն «հռոմէական» նկարագիր ունի, թէ՞ ենթադրում է նաեւ առաքելութիւն աշխարհի տարբեր կողմերում:

Պատասխան. Մեր առաքելութիւնն ընդհանրական է: Թէեւ աշխատանքը ընթանում է Հռոմում, այնուամենայնիւ, փաստաթուղթերը նախորոշուած են Ընդհանրական Եկեղեցւոյ համար, իսկ որոշումները, որ ամէն օր պէտք է կայացնենք՝ մեր իրաւասութիւնների շրջանակներում, շատ հազուադէպ է, որ անմիջականօրէն ուղղուած են Հռոմին:

Խիստ կարեւոր առաքելութիւնները, որոնք մեզ տանում են Հռոմից դուրս՝ վերաբերում են տարբեր ցամաքամասերում եպիսկոպոսների համաժողովների վարդապետական յանձնախումբերի պարբերական հանդիպումներին: Միաբանութեան կազմում իմ ծառայութեան տարիներին ես մասնակից եմ եղել նմանօրինակ երեք ժողովների, որոնք կազմակերպուել են Ափրիկէի (Dar es Salam, 2009), Եւրոպայի (Budapest 2014) եւ Ասիայի (Bangkok, 2019) համար: Երկու անգամ այցելութիւն ենք իրականացրել նաեւ Հնդկաստան: Չպէտք է մոռանանք նաեւ Վատիկանում կազմակերպուող «ad limina» այցելութիւնների ընթացքում աշխարհի տարբեր կողմերից ժամանած եպիսկոպոսների դասի հետ ունեցած մեր հանդիպումները, որոնք շատ մեծ կարեւորութիւն ունեն, շատ ժամանակ եւ մեծ եռանդ են պահանջում:

Հարց. Ինչ վերաբերում է անչափահասների նկատմամբ բռնութեան դէպքերին՝ ապա Միաբանութիւնը աշխատանքներ է իրականացնում ոչ միայն խիստ «կարգապահական» ոլորտում՝ նշուած դէպքերը բացայայտելու եւ ամենայն խստութեամբ դատապարտելու, այլեւ՝ եպիսկոպոսներին եւ տեղական Եկեղեցիներին իրազեկելու եւ ուղղորդելու գործում: Ինչպիսի՞ միջոցներ եւ ծախսեր են պահանջւում այս աշխատանքների իրագործման համար:

Պատասխան. Մենք պէտք է ուսումնասիրենք եւ որոշում կայացնենք բռնութեան գործադրման բազմաթիւ դէպքերի վերաբերեալ, որոնք յայտնի են մեզ: Այս գործերը քննելով՝ մենք իրազեկում, միեւնոյն ժամանակ նաեւ պահպանում ենք այն մարդկանց վստահութիւնը, ովքեր հետաքրքրուած են Եկեղեցւոյ կեանքով, ինչպէս նաեւ վստահեցնում, որ Եկեղեցւոյ մէջ անպատժելիութիւն չկայ: «Ad limina» այցելութիւնները հիմնականում ուղղուած են այս խնդրի վերաբերեալ տարբեր երկրների եպիսկոպոսների եւ նրանց ենթակայութեան տակ գտնուող թեմերի իրազեկմանը: Դժբախտաբար, վերջին ամիսներին՝ համաճարակով պայմանաւորուած, ստիպուած եղանք առժամանակ կասեցնել այս ժողովները:

Հարց. Հնարաւո՞ր է արդեօք Միաբանութեան գործունէութեան մէջ մշակել «սոցիալական» ռազմավարութիւն, ի պատասխան Սրբազան Քահանայապետի յանձնարարութեան՝ հասնելու մեր ժամանակների «ծայրամասերին» եւ մօտ լինելու ամենաաղքատներին եւ փոքրերին:

Պատասխան. Գոյութիւն ունեն տարբեր ծայրամասային գօտիներ: Մարդիկ, որոնց պէտք է լսենք, այն խնդիրները, որոնց պէտք է լուծում տանք՝ կապուած են ծայրամասային այդ երկրների հետ, որոնք գուցէ ոչ այնքան տեսանելի են, որքան միւսները, սակայն ոչ պակաս իրական եւ ցաւալի: Չպէտք է մոռանանք, որ բռնութիւնների զոհ դարձած մարդիկ շատ յաճախ ամենաաղքատ տարածաշրջաններից են: Ի հարկէ, մենք պարտաւոր ենք ուսումնասիրել իւրաքանչիւր դէպք:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

12/06/2021, 08:06