Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից հրապարակուած «Fiducia supplicans» յայտարարութեան պարզաբանումը
«…Օրհնեցէք եւ մի՛ անիծէք»
Սիրելի՛ եղբայրներ և քոյրեր ի Քրիստոս,
Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից հրապարակուած «Fiducia supplicans» յայտարարութեան վերաբերեալ Եկեղեցուն ուղղուած բազմաթիւ հարցումների և յատկապէս լրատուամիջոցների սխալ մեկնաբանութիւնների պատճառով, անհրաժեշտութիւն առաջացաւ տալ հետևեալ պարզաբանումը.
Վերոյիշեալ յայտարարութիւնը թիւրըմբռնում է առաջացրել հանրութեան մօտ: Եւս մէկ անգամ վերահաստատում ենք այն փաստը, որ Կաթողիկէ Եկեղեցում Պսակի խորհուրդը կատարւում է միմիայն այր և կնոջ միջև, իսկ ինչ վերաբերում է անձին օրհնութիւն բաշխելուն, ապա, պէտք է նշենք, որ իւրաքանչիւր քահանայ իրաւունք չունի որևէ մեկին մերժելու՝ ստանալ Աստուծոյ օրհնութիւնը: Ուստի, շատ կարևոր է ըմբռնել, որ խօսքը վերաբերում է անձի օրհնութեանը, այլ ոչ թէ՝ վերջինիս վիճակին կամ այն մեղքին, որի մէջ գտնւում է այս կամ այն անձը:
Օրհնութեան նպատակն է, որ Աստուած շնորհ տաղ տուեալ անձին, վերջինս ճշմարիտ ուղու վրայ կանգնի և հասնի սրբութեան:
Երբ Սրբազան Քահանայապետը նշում է, որ պէտք է օրհնենք նաև միասեռականներին, ապա դա չի նշանակում, որ մենք օրհնում ենք նրանց վիճակը, որի մէջ գտնւում են: Այսպիսով, Եկեղեցին օրհնութիւն է տալիս անձին՝ հրաւիրելով Սուրբ Հոգուն, որպէսզի նրան շնորհ տայ և մարդը հասնի սրբութեան: Սուրբ Պօղոս Առաքեալը Հռոմէացիներին ուղղուած իր նամակում ասում է. «…Օրհնեցէք եւ մի՛ անիծէք» (Հռմ. 12:14):
Ինչ վերաբերում է լրատուամիջոցների կողմից հրապարակուող լուսանկարներին և մեկնաբանութիւններին, ապա պէտք է նշենք, որ դրանք իրականութեանը չեն համապատասխանում:
Սրբազան Քահանայապետի կողմից նախկին մէկ այլ յայտարարութեան մէջ նշուել է, որ միասեռականները պէտք է տուն ունենան, ինչը նշանակում է, որ վերջիններիս ընտանիքները և ծնողները պէտք է ընդունեն իրենց և շարունակեն սիրել իրենց զաւակներին: Այս ամէնը ենթադրում է, որ սէրն է ամենակարևորը՝ թէ՛ օրհնութեան մէջ, թէ՛ ընտանիքում, և սա ամենևին էլ հրաւէր չէ, որ մարդիկ սխալ ճանապարհով քայլեն:
Աստուած օրհնի բոլորին:
Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Պասսալէ
Առաքելական կառավարիչ Հայաստանի և Արևելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ