Հայկական Կարիտասի տարեցների կենտրոնում մկրտուեց 73-ամեայ Ժենյա Խնձրցյանը Հայկական Կարիտասի տարեցների կենտրոնում մկրտուեց 73-ամեայ Ժենյա Խնձրցյանը 

Հայկական Կարիտասի տարեցների կենտրոնում մկրտուեց 73-ամեայ Ժենյա Խնձրցյանը

Որ ի Քրիստոս մկրտեցայք, զՔրիստոս զգեցեալ էք

Տ. Յովսէփ Քհն. Գալստեան կը գրէ.

«Հայկական Կարիտասի» Տարեցների ցերեկային խնամքի հայ կաթողիկէ սոցիալական կենտրոնում ապրիլի 27-ին կատարեցի Սուրբ Մկրտութեան և Դրոշմի սրբազան արարողութիւնները՝ կենտրոնի շահառու Ժենյա Խնձրցյանի համար: Որպէս կենտրոնի հոգևոր խորհրդատու, ինձ համար մեծ ուրախութիւն էր մկրտել 73-ամեայ կնոջը: Զգում էի, որ նա ևս հոգևոր մեծ ցնծութեան, հոգևոր վերածնունդի մի զգացում էր ապրում և յուզուած էր: Նրա ուրախութիւնը կիսում էին նաև կենտրոնի միւս տարեց ընկերները, որ միասնաբար աղօթում էին Ժենյայի համար:

Ժենյան ծնուել է 1948թ. սեպտեմբերի 26-ին, Ազատան գիւղում, որտեղ էլ ստացել է դպրոցական կրթութիւնը՝ միայն եօթ տարի, ապա վաղ տարիքից կոլխոզում աշխատել որպէս ճակնդեղագործուհի: Ժենյան ամուսնացել է Գիւմրիում, ունի մէկ դուստրս, երկու թոռնիկ: Բազմաթիւ ֆիզիկական աշխատանքներ է կատարել այս կինը՝ հողագործութիւն, ծառատնկում, նոյնիսկ՝ շինարարութիւն: Շատ տառապանքներ, զրկանքներ է տեսել նա, որոնց մասին չարժէ միշտ խօսել: Երբ նոր էի սկսելու Մկրտութիւնը, Ժենյան, մոռացած, թէ ինչ էի բացատրել Մկրտութեան մասին, ինձ մօտեցաւ և լարուած ասաց, թէ ուզում է խոստովանել, նորից սիրով բացատրեցի, թէ նախ պէտք է մկրտուել, և թէ մկրտութեամբ մարդ արդեն իսկ մաքրւում է իր բոլոր մեղքերից, դառնում է նոր մարդ: Զգացի, որ այս միտքն ուրախացրեց և հանգստացրեց նրան:

Ժենյա Խնձրցյանը մկրտութեան արարողութիւնը
Ժենյա Խնձրցյանը մկրտութեան արարողութիւնը

Արարողութեանը ներկայ էին կենտրոնի մօտ հինգ տասնեակ շահառուները և ծրագրի ղեկավարութիւնը: Ժենյայի կնքամայրն էլ կենտրոնի երիտասարդ կամաւորական Վալերիան էր, որ միշտ պատրաստ է վազել իւրաքանչիւր շահառուի պէտքերի համար, ինչպէս և կենտրոնի միւս կամաւորականները: Մկրտութեան խորհրդի ժամանակ ևս մէկ անգամ բացատրեցի Մկրտութեան և Դրոշմի խորհուրդները՝ դրանց օրը յիշելու կարևորութիւնը, որովհետև տարեցների մեծամասնութիւնը չի յիշում, թէ երբ է մկրտուել, մեծ դժուարութեամբ անհատապէս հարցումներ անելով՝ կարողացայ մի կերպ յստակեցնել, որ միւս բոլորը մկրտուած են, շատերն ապրում են միայնակ, եթէ իրենք չգիտեն՝ մկրտուած են, թէ ոչ, մնում է վստահել տարեկից ազգականների յիշողութիւններին: Ցաւօք, այսպիսին է կոմունիստական անաստուածութիւն տարիների «հոգևոր» ժառանգութիւնը, որի հետ պարտադրուած ենք հաշուի նստել և ջանալ նոր հոգևոր կեանքի ծիլեր սերմանել արդեն տարեց սերնդի մէջ ևս, որպէսզի Աստծոյ առաջ կանգնեն՝ խղճները հանգիստ և բաց ճակատով: Նրանցից ոմանք ընդունել են Խոստովանութեան խորհուրդը, բայց տարիքի և հիւանդութիւնների պատճառով դժուարանում են կիրակի օրերին Սուրբ Պատարագին մասնակցել եկեղեցում, ուստի մտադիր եմ ամենշաբաթեայ հոգևոր զրոյցները, Աւետարանի ընթերցումները հարստացնել նաև կենտրոնում մատուցուելիք Սուրբ Պատարագներով, որպէսզի հնարաւորութիւն ունենան նաև ճաշակելու Տիրոջ Մարմինն ու Արիւնը՝ Կենաց հացը, որ Երկնքից է իջնում և կեանք է տալիս աշխարհին՝ անկախ տարիքից և անցեալի ժառանգութիւնից:

հայկական Կարիտասի տարեց հիւրերը
հայկական Կարիտասի տարեց հիւրերը

Ուզում եմ նաև յատուկ շնորհակալութիւն յայտնել Սոցիալական կենտրոնի ծրագրի ղեկավար Տիգրանուհի Տարախչյանին, տարեցների հետ սոցիալական աշխատանքի ռազմավարական ուղղութեան ղեկավար Ֆլորա Սարգսյանին և անխոնջ սոցիալական աշխատող Գուրգեն Բաղդասարյանին, որ օգնեցին կազմակերպել արարողութիւնները և միշտ աջակցում են հոգևոր մեր բոլոր ձեռնարկներին՝ ի նպաստ տարեցների հոգևոր և սոցիալական բարեկեցութեան:

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/04/2021, 07:20