Վարդանանց տօնի Սուրբ Պատարագը Վարդանանց տօնի Սուրբ Պատարագը 

Վարդանանց տօնի Սուրբ Պատարագը՝ Աշոցքի կաթողիկէ երիտասարդների միասնական մասնակցութեամբ

Առաքելական նամակի ընթերցումից յետոյ երիտասարդներից մեկն ընթերցեց մի հատուած՝ Եղիշէի «Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին» պատմավէպից, Վարդանի խօսքերն՝ ուղղուած իր զինուորներին Աւարայրի ճակատամարտի նախօրէին:

Կեցո՛, Տէր, զժողովուրդս քո և օրհնեա՛ զժառանգութիւնս քո …


Փետրուարի 11-ին՝ Սրբոց Վարդանանց տօնին, Մեծ Սեպասարի Սուրբ Փրկիչ եկեղեցում մատուցուեց Սուրբ Պատարագ, որին իրենց մասնակցութիւնը բերեցին ոչ միայն նոյն համայնքի մեծաթիւ հաւատացեալներ, այլեւ՝ երիտասարդներ հարևան Ղազանչի, Սիզավետ, Բավրա և Սարագյուղ հայ կաթողիկէ համայնքներից: Սուրբ Պատարագի դիտաւորութիւնը նախևառաջ այդ համայնքներից 2020-ին Արցախյան պատերազմին մասնակցած և նահատակուած երիտասարդների՝ Սամվել Մկրտչեանի, Ջիվան Գրիգորյանի, Գնել Գաբրիելյանի և Մելիքսեթ Արոսյանի հոգիների յաւերժական խաղաղութեան համար էր, նրանց հարազատները ևս ներկայ էին Սուրբ Պատարագին:

Առաքելական նամակի ընթերցումից յետոյ երիտասարդներից մեկն ընթերցեց մի հատուած՝ Եղիշէի «Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին» պատմավէպից, Վարդանի խօսքերն՝ ուղղուած իր զինուորներին Աւարայրի ճակատամարտի նախօրէին:

Քարոզիս ժամանակ խօսեցի Սուրբ Վարդան Մամիկոնեանի և 1036 վկաների՝ յատկապէս հոգևոր ինքնութեան և հաւատքի համար նահատակութեան արժէքի վերաբերեալ՝ զուգահեռներ տանելով Արցախեան պատերազմում ընկած մեր նոր նահատակ երիտասարդների հետ: Սա հաւատքի համար նահատակութեան մի պատմական շարունակականութիւն է, ազգային մի ճակատագիր, որն ուղեկցում է հաւատքի դաւանութեանը, Աստծոյ հանդէպ հաւատարմութեան ուխտադրութեանը, որը մշտապէս թանկ է եղել մեր ազգի նուիրեալ քրիստոնեայ զաւակների համար: Սուրբ Վարդանանք քաջ գիտակցում էին իրենց կարողութիւնները՝ որպէս բանակ և ժողովուրդ, բայց գնացին նահատակութեան, քանի որ միայն այդպէ՛ս կարող էին փաստել իրենց սերը Երկնային Վարդապետի հանդէպ, որի Խաչի ճանապարհով գնացին դէպի հայոց Գողգոթան՝ Աւարայրը: Վարդանանց նահատակութեան վերարժևորման կարիքն այսօր զգալի է աւելի՛, քան երբևէ, որովհետև մեր հայ հասարակութեան մէջ արժեզրկած է հաւատքի համար զոհողութիւններ կատարելու սկզբունքը, քրիստոսանմանությունը, հոգևորի առաջնածնութիւնը: Բայց, մեր նորօրյա նահատակ երիտասարդները, որոնց հոգևոր կեանքն ինձ ծանօթ էր, փաստում են, որ իրենք իրենց կեանքը չվարանեցին վտանգել ոչ թէ պարզապէս հրաման կատարելու համար, այլ՝ հոգևոր և հայրենասիրական պատուախնդրութիւն համար: Վարդանանց տօնի կարևորագոյն ուղերձը հետ պատերազմական այս դժուարին օրերում ապրող հայ հաւատացեալներին Եբրայեցիներին ուղղուած առաքելական նամակի տողերն են. «Ուրեմն, մտաբերէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց մեղաւորների՝ իր հանդէպ ունեցած հակառակութեանը, որպեսզի չլինի, թէ յոգնէք և յուսալքուէք…», Եբր. 12, 3: Այս օրերին շատերն են յուսալքուած, բայց Քրիստոս իր աստուածային շնորհով զօրացնում է իւրաքանչիւր նուաղած և բեկեալ սիրտ, որ ներկայ է իր Սուրբ Զոհին և բացուած է Իր սիրոյ ներգործութեան առջև, որ եկել է Իրենից խնդրելու կեանքը շարունակելու զօրութիւնը, կեանքի իմաստը վերագտնելու ճանապարհը, իր կորած զաւակին վստահութեամբ և խաղաղութեամբ Աստծոյ ձեռքերի մէջ յանձնելու և Երկնային Արքայութեան ապահովութեանը ապաւինելու կարողութիւնը: Յիշելով մեր նահատակ սրբերին՝ մենք այսօր հրաւիրուած ենք վերիմաստաւորելու մեր նահատակ հարազատների, զաւակների մահը և «հաւատքի զօրագլխի»՝ Յիսուսի նման, վերցնելու մեր դարաւոր խաչը և ընթանալու դէպի «մեր առաջ դրուած ուրախութիւնը», ըստ առաքեալի խօսքերի՝ Եբր. 12, 2:

Սուրբ Պատարագի աւարտին երիտասարդներն ու պատանիներն իրենց սրտի խօսքն ասացին նահատակ աւագ ընկերների մասին, արտասանեցին բանաստեղծութիւններ: Ապա կատարեցինք Ամենասուրբ Հաղորդութեան երկրպագութիւն:

Մի քանի րոպէ եկեղեցին քարացել էր բազմութեան աղօթական լռութեան մէջ, ապա Սուրբ Հաղորդութեան առջև ծնրադիր՝ աղոտեցինք, որ Աստուած իր երանելիների շարքին դասի մեր նահատակ զինուորներին, աղոտեցինք մեր անհետ կորած սիրելի երիտասարդների համար, գերեվարուածների վերադարձի համար, վիրաւոր զինուորների ապաքինման համար և, իհարկէ, աշխարհի խաղաղութեան համար, մեր երիտասարդների խաղաղասիրութեան, միասնականութեան, հոգևոր աճման համար: Աղոտեցինք լեհ Սրբուհի Ֆաուստինա Կավալսկայի աղօթքները՝ Սուրբ Հաղորդութեան առջև, ապա՝ Սրոց Վարդանանց ուղղուած մի գեղեցիկ աղօթք՝ խնդրելով նրանց բարեխօսութիւնը մեր երիտասարդների համար: Աղօթքն աւատուեց Սուրբ Հաղորդութեամբ օրհնությամբ:

Տ. Յովսէփ քհն. Գալստեան
Հոգևոր հովիւ՝ Աշոցքի հինգ հայ կաթողիկէ համայնքների
 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/02/2021, 07:00