Vatican News
Սուրիացիներու գաղթավայր Սուրիացիներու գաղթավայր  (ANSA)

Սուրիա. Արեւելքի պատրիարքներ Ճօ Պայտընին կը դիմեն պատժամիջոցները վերացնելու խնդրագիրով:

Ամերիկայի Միացեալ Նահանգների նորընտիր նախագահ Ճօ Պայտընին ուղղուած նամակում Արեւելքի պատրիարքները յորդորում են հանել Սուրիայի նկատմամբ գործող պատժամիջոցները, որոնք ոչ միայն ճնշում են գործադրում, այլեւ՝ սպառնում «մեղսակիցը» դառնալ շարունակուող մարդասիրական ճգնաժամի:
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Ուղերձը ստորագրուած է Սուրիայի Օրթոտոքս Եկեղեցւոյ պատրիարք Իգնատիոս Եփրեմ Բ Քարիմի, Կաթողիկէ Եկեղեցւոյ պատրիարք Իգնատիոս Եուսէֆ Գ Եունանի, Մելքիդ Եկեղեցւոյ պատրիարք Եուսէֆ Ապսիի եւ Մերձաւոր Արեւելքի Եկեղեցիների Խորհուրդի գլխաւոր քարտուղար Միշէլ Ապսի կողմից:

ԱՄՆ նախագահի պաշտօնը ստանձնելու առթիւ, ընդունուած կարգով, նախագահ Պայտընին ուղղուած շնորհաւորանքներից յետոյ՝ Եկեղեցիների առաջնորդները ուշադրութիւն են հրաւիրում ԱՄՆ նախկին վարչակարգերի կողմից  Դամասկոսի նկատմամբ կիրառուող պատժամիջոցների աղէտալի հետեւանքների վրայ: Բոլորովին վերջերս՝ դեկտեմբեր ամսին, ոյժի մէջ մտաւ նաեւ Սէզարի օրէնք անունը ստացած մէկ այլ պատժամիջոց, որը «Սուրիայում տիրող ծանր իրավիճակը էլ աւելի անտանելի է դարձնում, յատկապէս՝ Քովիտ-19-ի համաճարակի պայմաններում՝ արգելափակելով օգնութիւնը, առեւտուրը եւ ներդրումները, որոնք խիստ անհրաժեշտ են Սուրիայում արդէն իսկ մէկ տասնամեակ շարունակուող պատերազմի հետեւանքով ջլատուած առողջապահական համակարգի եւ տնտեսութեան գործունէութեան համար», - ընդգծում են պատրիարքները:

«Հանրային պատիժ» Սուրիայի ժողովրդի նկատմամբ

Այս միջոցները ընկալւում են որպէս «հանրային պատիժ» եւ «երկիրը ընկղմում աննախադէպ մարդասիրական ճգնաժամի մէջ: Նախկինում Արեւելքի ցորենի շտեմարանը համարուող Սուրիան այսօր մեծ դժուարութեամբ է կարողանում կերակրել իր սոված ժողովրդին», - գրուած է նամակում: «Սաստիկ ձմեռները եւ առողջապահական այս ճգնաժամը, որ հիւանդանոցներին չի յաջողւում զսպել՝ աւարտուն տեսք են հաղորդում աշխարհի վերջը պատկերող այս կտաւին»:

Պատրիարքները խնդրագիրը եզրափակում են Սպիտակ Տան նոր ղեկավարին ուղղուած հանդիսաւոր կոչով. «Պարոն նախագահ, թախանձագին խնդրում ենք օգնել Սուրիայի ժողովրդին՝ մեղմացնելու մարդասիրական ճգնաժամը, որը սպառնում է անկայունութեան նոր ալիքի պատճառ հանդիսանալ Մերձաւոր Արեւելքում եւ դրա սահմաններից դուրս՝ ինչպէս նշուած է Միաւորուած ազգերի յատուկ զեկոյցի մէջ: Միացեալ Նահանգների ազգային շահերը կարելի է պաշտպանել առանց Սուրիայի ժողովրդի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

25/01/2021, 07:58