Նահատակ քահանան և իր հոգեզաւակները. յիշատակի Պատարագ՝ 100 տարի առաջ նահատակուած Տէր Դաւթի համար

«Ես իմ ժողովրդին և եկեղեցին երբեք չեմ թողնի»

Մեծ Սեպասարի հոգևոր հովիւ՝ Տ. Յովսէփ Քհն. Գալստեան կը գրէ.

2021-ի յունուարի 7-ին Մեծ Սեպասար հայ կաթողիկէ գիւղի Սուրբ Փրկիչ եկեղեցում մեռելոց Սուրբ Պատարագը մատուցեցինք ի յիշատակ Տ. Դաւիթ Քահանայ Կոստանյանի, որ նահատակուեց թուրք ջարդարարների ձեռքով՝ 1921թ. յունուարի 6-ին՝ նոյն Մեծ Սեպասար գիւղում, որի հոգևոր հովիւն էր: Տէր Դաւթի նահատակութեան 100-րդ տարելիցը յիշեցինք՝ աղօթելով նաև նոյն թուրք ջարդարարների կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծուած և 44 օր տևած արցախեան 3-րդ պատերազմի ընթացքում զոհուած մեծսեպասարցի երկու նահատակ երիտասարդների՝ Սամվել Մկրտչյանի և Ջիվան Գրիգորյանի համար: Այսպիսով նահատակ քահանայի անունը յիշեցինք իր համայնքի հոգևոր զաւակների հետ միասին, ովքեր իրենց կեանքը զոհեցին՝ նոյն թուրքերի վայրագութիւնների հետևանքով:

Սուրբ Պատարագին մեր հրաւէրով ներկայ էին նաև Տէր Դաւթի՝ Կոստանյանների տոհմի ժառանգները, նրանցից Աշոտ Կոստանյանի որդին՝ Պետյա Կոստանյանը նաև սիրով ստանձնեց այս տարուայ Խաչի քաւորի պարտականութիւնները և, որպէս նուիրատուութիւն, Սուրբ Ծննդեանն ընդառաջ պարենային օգնութիւն տրամադրեց գիւղի 10 կարիքաւոր ընտանիքների:

Պատարագի ընթացքում նախ խօսեցի 100 տարի առաջ նահատակուած Տ. Դաւիթ Կոստանյանի մասին: Տէր Դաւթի մասին տեղեկութիւններ գտնելը բաւական բարդ եղաւ, գրի առնուած արխիւային կամ պատմական նիւթեր, ձեռագրեր չեն պահպանուել, կան միայն բանաւոր սերնդէսերունդ փոխանցուած պատմութիւններ, որոնք էլ խնամքով հաւաքեցինք և մի յօդուած պատրաստեցինք մեր համայնքային թերթի համար: Ըստ այդմ, նրա մասին յայտնի է հետևեալը:

Տէր Դաւիթ Կոստանյանը Արեւմտեան Հայաստանի Էրզրումի նահանգի Ալաշկերտ գաւառակի Մոլեսլման գիւղից 1829-ին գաղթած հայ կաթողիկէ ընտանիքներից՝ Կոստանդինի կամ Կոտիների տոհմից էր, ծնուել է 1857թ.՝ Մեծ Սեպասարում կամ հին անունով՝ Շիշթափայում, ուսումը ստացել է, հաւանաբար, Մխիթարեան միաբանութեան վանքում՝ Սուրբ Ղազարում, քահանայ է օծուել 1887թ.: Քահանայական ձեռնադրութիւնից անմիջապէս յետոյ, կամ 1890-ականների կէսերին, Տէր Դաւիթը հոգևոր ծառայութեան է անցել հայրենի Մեծ Սեպասար գիւղում և շարունակել է գիւղի Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադիր Տէր Պօղոսի գործը, գիւղը համախմբել եկեղեցու և խորհրդակատարութիւնների շուրջ, առաւել զարգացրել աղօթական կեանքը: Եթէ գիւղի առաջին քահանային՝ Տէր Պօղոսին վիճակուեց տեսնել գաղթը և հայրենազրկումը, ապա Տէր Դաւթին վիճակուած էր տեսնել թուրքական ջարդերը Արևելեան Հայաստանում՝ Ալեքսանդրապոլի գաւառում և իր հարազատ Մեծ Սեպասարում:

Ահա՛, թէ ինչ տեղեկութիւններ կան այդ օրերի մասին Հայաստանի Ազգային արխիւում. «Թուրքական բանակում «այլասերումը մեծ չափեր» էր ընդունել: Թուրքերն ամենուր իրենց պահում էին անասելիօրեն սանձարձակ: Ժամանակակիցը վկայում է, որ Խոտայ Խարաբա (Բավրա), Դարակեյ (Սարագիւղ), Կոր-Աղբիւր (Սիզավետ), Կոյակուլի-Ղազանչի եւ Շիշթափա (Սեպասար) հայկական գիւղերում կանայք եւ աղջիկները ենթարկուել են բռնարարքների, նրանց մի մասին առեւանգել են տաճիկները, իսկ մի մասին էլ՝ հարեւան Աղաբաբայ գիւղի թուրքերը: Այդ գիւղերում պատկերը շատ ծանր էր. ամէն ինչ կամ աւերուած էր, կամ էլ վառուած, ամենուր ընկած էին տասնեակ դիակներ, պատահում էին նաեւ կիսամեռ եւ սովահար եղած երեխաներ ու ծերեր» (Հ. Բ. Աբրահամեան, «Ալեքսանդրապոլեան իրադարձութիւնների շուրջ, 1920թ. նոյեմբեր-1921թ. ապրիլ»):

Թուրքերը անխնայ թալանում էին ամեն ինչ՝ տան կահոյքը, նոյնիսկ վառարաններ, ի սպառ ունեզրկում բնակիչներին, տանում էին հացահատիկի բերքը, անասունները, «բայրա» կոչուած հարկ պահանջում գիւղացիներից, ովքեր հրաժարւում էին կատարել իրենց պահանջները, գաղտնի սպանում էին, հիմնականում գիշերները:

Այդ օրերին թուրք ասկյարները Փոքր Շիշթափայում (Փոքր Սեպասար) սպանել են Տէր Դաւիթի քրոջ որդիներից Արշակին, որի եղբայրը՝ Նիկոլը՝ մի քաջ տղայ, վրէժխնդիր է եղել՝ սպանելով Արփագյոլի ենթաշրջանի կամ Աղաբաբայի թուրք կառավարիչ Ղահրամանին: Այսպիսի յանդուգն քայլն, իհարկէ, չէր կարող անտեսուել թուրքական բանակի իշխանութիւնների կողմից, որ վստահ էին, թէ իրենց ամէն ինչ կարելի է: Ալեքսանդրապոլի օրուայ կոմունիստական յեղափոխական կոմիտէն ոչ մի փաստացի իշխանութիւն չունէր՝ զսպելու նրանց վայրագութիւնները եւ թալանը: Նիկոլը փախչել եւ թաքնուել է թուրքերից: Մահուան սպառնալիքը կախւում է Տէր Թավթի եւ նրա ընտանիքի վրայ: Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում այդ օրերին տեղի է ունեցել ընդհարում՝ թուրք զինուորների եւ գիւղացիների միջեւ: Գիւղացիները կռուել են թուրքերի դէմ, ինչը բացառիկ երեւոյթ էր այդ օրերին Ալեքսանդրապոլի գաւառում ընդհանրապէս: Շատ քչերը կհամարձակէին դէմ կանգնել թուրք զինուորներին, այն էլ՝ առանց զէնքի: Թուրքերն այդ կռուի ժամանակ սպանել են 8 գիւղացու: Տէր Դաւթին գիւղացիները խնդրել են, որ փախչի գիւղից, բայց համարձակ քահանան ասել է, որ իր գիւղից եւ ժողովրդից չի հեռանայ ոչ մի դէպքում:

Յունուարի 6-ի գիշերը՝ Աստուածայայտնութեան տօնին, թուրքերը ներխուժել են Տէր Դաւթի տուն, քահանային դուրս հանել միայն շապիկով եւ ոտաբոպիկ, խոտի պարանով կապած ձիով քարշ են տուել գիւղով մէկ՝ սառնամանիքի եւ ձեան մէջ, ծեծելով եւ նուաստացնելով: Այդ տեսարանը պատկերացնել արդեն սարսափելի է՝ այդ յաղթանդամ, երկարամօրուս, սպիտակազգեստ քահանան քայլում էր իր գողգոթայի ճանապարհը դէպի մահ՝ իր Խաչկալ Տիրոջ հետքերով, որպէս Տիրոջ եւ իր հոտի հաւատարիմ ծառայ: Տէր Դաւթին արիւնաքամ քարշ են տուել եկեղեցու բակ եւ սրերով վայրագօրէն կտրատել: Պատմում են, որ իրիցկինը՝ արիասիրտ մի կին, յատակից սրբել է իր նահատակ ամուսնու արիւնը, ապա կարել կտրատուած մարմնի մասերը …

Տէր Դաւթի հետ միասին շատ հայորդիներ են նահատակուել այդ օրերին, և հիմա էլ շարունակում են նահատակուել՝ նոյն չարախինդ թշնամութեան և սրբութեան հանդէպ թուրքական իշխանութիւնների ատելութեան պատճառով: Բայց Տէր Դաւթի նահատակութիւնը՝ որպէս կաթողիկէ հայ քահանայի նահատակութիւն թուրքերի ձեռքով և Ալեքսանդրապոլի գաւառում, եզակի երևոյթ է: Տէր Դաւիթն իր ժողովրդի համար իր կեանքը զոհաբերած, իր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Խաչի ճանապարհով անցած քահանայ է, նուիրեալ հայրենասէր նահատակ:

Սուրբ Պատարագից յետոյ, եկեղեցու բակում դեռևս 1985-ին Տէր Դաւթի թոռների կողմից տեղադրուած խաչքարի մօտ, որտեղ 100 տարի առաջ հեղուեց Տէր Դաւթի արիւնը, կատարեցինք հոգեհանգստեան կարգ և խնկաբոյր աղօթքներ առաքեցինք դէպի Բարձրեալն Աստուած՝ նահատակ քահանայի և երկու նահատակ զինուորների՝ Սամվելի և Ջիվանի յաւերժական խաղաղութեան համար:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

09/01/2021, 07:36