Պապական նուիրակը ներկայ գտնուեց Գիւմրիի Սրբոց Նահատակաց տաճարում մատուցուած Սուրբ Պատարագին Պապական նուիրակը ներկայ գտնուեց Գիւմրիի Սրբոց Նահատակաց տաճարում մատուցուած Սուրբ Պատարագին 

«Ես ձեզ հետ եմ՝ որպէս հայերի մեծ բարեկամ». Պապական նուիրակը ներկայ գտնուեց Գիւմրիի Սրբոց Նահատակաց տաճարում մատուցուած Սուրբ Պատարագին

«Դուք պէտք է լինէք համբերատար, որովհետև աշխարհն արդէն իսկ փոխուել է»
Ունկնդրէ լուրը

2020թ. դեկտեմբերի 6-ին Գիւմրիի Սրբոց Նահատակաց կաթողիկէ մայր տաճարում կիրակնօրեայ Սուրբ Պատարագին հաւատացեալներին իր բարձր ներկայութեամբ բերկրանք պարգևեց Հայաստանում և Վրաստանում պապական նուիրակ Արքեպիսկոպոս Արհ. Տ. Ժոսե Ավելինո Բեթթենկուրը՝ նուիրակութեան խորհրդական Հ. Ջուզեպպե Լատերցայի հետ միասին: Սուրբ Պատարագին ներկայ էր նաև ֆրանսիական «Œuvre d’Orient» բարեսիրական կազմակերպութեան ներկայացուցիչ Վենսան Քայոլը: Հիւրերն եկել էին իրենց հոգատարութիւնն ու սերն արտայայտելու հայ ժողովրդին հանդէպ, որ այսքան առատպեց Արցախեան պատերազմի հետևանքով:

 Սուրբ Պատարագը մատուցեց Գիւմրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը: Սուրբ Զոհի խորհրդակատարութեանը ներկայ էին նաև Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը, Գերպ. Հ. Եղիա Վրդ. Դերձակյանը, Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպութեան գործադիր տնօրէն Գագիկ Տարասյանը, «Աղաջանյան» ճամբարում ապաստանած արցախահայ ընտանիքները, հաւատացեալներ՝ տարբեր հայ կաթողիկէ համայնքներից:

Տ. Գրիգորն իր քարոզի սկզբում իր ուրախութիւնը յայտնեց պապական նուիրակի և միւս հիւրերի ներկայութեան առթիւ և խօսեց օրուայ աւետարանական հատուածի ուղերձի մասին՝ կարևորելով եղբայրասիրութիւնը, փոխօգնութիւնը և աստուածային շնորհների ճիշտ օգտագործումը՝ հոգևոր կեանքում պտղաբերելու համար.

 «Անցեալ կիրակի օրը խօսում էինք այն մասին, որ չլինենք անպտուղ թզենու նման, այս կիրակի պիտի մեր սրտերում ու մտքերում ունենանք մէկ մտածում՝ ինչպէ՞ս անենք, որ կարողանանք մասնակցել Տիրոջ երկնային խնջոյքին, այն խնջոյքին, որին մեզանից իւրաքանչիւրը հրաւիրուած է: Այս հարցը ամեն ոք կարող է իր մէջ գտնել ու մտածել, թէ ուզում է արդեօ՞ք մասնակիցը լինել Քրիստոսի այդ խնջոյքին, թէ դուրս մնալ անմիտ կոյսերի նման: Այս հարցին պատասխանելու համար իւրաքանչիւր մարդ պիտի կարողանայ իր մէջ ուժ գտնել և վստահաբար շարունակել գնալ այն ճանապարհով, որ Տէր Յիսուս Քրիստոսը առաջարկում է բոլորիս»:

Սուրբ Պատարագի աւարտին Տ. Գրիգորը հրաւիրեց պապական նուիրակ Արքեպիսկոպոս Արհ. Տ. Ժոսե Ավելինո Բեթթենկուրին իր հայրական խօսքն ուղղելու ներկաներին: Սրբազան Հայրն ասաց հետևեալը.

«Ողջունում եմ բոլորիդ, որ եկել էք զանազան գիւղերից, յատկապէս, բոլոր երիտասարդներին։ Ինձ համար մեծ ուրախութիւն է, որ այսօր ձեզ հետ եմ և ձեզ տեսնում եմ։ Իմ խորին շնորհակալութիւնն եմ յայտնում Տ. Ռաֆայէլ Արք․ Մինասեանին։ Սրբոց Նահատակաց մայր տաճարում շատ անգամ եմ հանդիպել Սրբազան Հորը՝ Տ. Ռաֆայէլ Մինասեանին և նրա միասին ապրել ենք եկեղեցական շատ գեղեցիկ օրեր։

Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ, քանզի մեր օրը սկսեցինք աղօթքով։ Ինչպէս Տէր Գրիգորը նշեց, աղօթքը միշտ պիտի ուղղուի Աստծուն և՛ լաւ և՛ վատ օրերին։ Ես եկել եմ ձեզ մօտ՝ իբրև Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչ և դեսպան՝ Հայաստանում և Վրաստանում։ Ես ձեզ հետ եմ՝ որպէս հայերի մեծ բարեկամ։ Մշտապէս  հետևում եմ Հայաստանում տեղի ունեցած իրավիճակին և աղօթում եմ Հայաստանի և Արցախի համար։

Շատ ուրախ եմ՝ այսօր այստեղ բազմաթիւ երիտասարդներ տեսնելու համար։ Երիտասարդները Եկեղեցու յոյսն են։ Մենք շատ լաւ գիտենք, որ այս օրհասական պահին Հայաստանն ապրեց երկու պատերազմ՝ անտեսանելի համաճարակ COVID-19-ը և Արցախեան պատերազմը։ Իսկապէս, շատ ծանր ու դժուարին օրեր են բոլորիս համար։ Ուզում եմ իմանաք, որ Սրբազան Քահանայապետը մօտ է ձեզ։ Նա առաջիններից էր, որ աղօթեց Արցախի խաղաղութեան համար։ Արցախեան պատերազմի 44 օրերի ընթացքում Սրբազան Քահանայապետը չորս անգամ աղօթեց աշխարհի և Արցախի խաղաղութեան համար։ Եւ ոչ միայն Ֆրանցիսկոս Պապը, այլ նաև աշխարհի բոլոր եպիսկոպոսներն ու հոգևոր դասը աղօթեցին աշխարհի խաղաղութեան համար։ Եւրոպական բոլոր լրատուամիջոցները լուրեր տարածեցին այս պատերազմի ընթացքում այն ցաւի մասին, որ ապրեցին հայերը և ապրում են մինչև այսօր։ Շատ հումանիտար կազմակերպութիւններ աշխատում են և ցանկանում են օգտակար լինել Հայաստանին և Արցախին։ Եւ այս հումանիտար կազմակերպութիւնների կենդանի տիպարը մենք ունենք այսօր այստեղ՝ պարոն Վենսանը։ Նա եկել է Ֆրանսիայից՝ ասելու համար, որ ամբողջ Կաթողիկէ Եկեղեցին ցաւում է ձեզ հետ միասին և միշտ աղօթում է ձեզ համար։ Ես յստակ գիտակցում եմ և ձեզ հետ միասին ասում եմ, որ կորցրել ենք մեր երեխաներին, մեր զինուորներին, կորցրել ենք հողերը, բայց մեր յոյսը միշտ պէտք է լինի Աստուած։ Սակայն շատ կարևոր մի կէտ կայ՝ այն, որ Հայաստանի և Արցախի ապագան մե՛նք պէտք է կերտենք, այն մե՛ր ձեռքերում է, սակայն այն պէտք է լինի միասնական՝ մեր երիտասարդների հետ միասին»։

 Այս խօսքերից յետոյ Սրբազան Հայրը և պրն. Վենսան Քայոլը կարճատև զրոյց ունեցան Սուրբ Պատարագին ներկայ արցախահայ ընտանիքների հետ: Սրբազան Հոր խօսքերն արցախահայերին հետևեալն էին.

«Շատ տխուր եմ, քանզի գիտակցում եմ ներկայիս իրավիճակը, սակայն ուրախ եմ այն բանի համար, որ ձեզ հետ միասին աղօթեցինք Սուրբ Պատարագի ընթացքում։ Կարող եմ ասել մէկ բան, որ մեր սրտերը ձեզ հետ են։ Բոլոր հոգևորականները ձեր մասին մտածում և միշտ աղօթում են, ինչպէս նաև՝ Œuvre d’Orient կազմակերպութիւնը, որի ներկայացուցիչը հիմա այստեղ է։

Հենց առաջին իսկ օրուանից հետևում եմ Հայաստանում և Արցախում կատարուող իրադարձութիւններին։ Ցաւում եմ ձեզ համար, մասնաւորապէս, զոհուած զինուորների և կորսուած տարածքների համար։

Դուք պէտք է լինէք համբերատար, որովհետև աշխարհն արդեն իսկ փոխուել է։

Շնորհակալութիւն եմ յայտնում այն հոգևորականներին, որոնք իրենց սրտերը բացել են ձեզ համար։ Համբերատար և հանգիստ եղէ՛ք ամէն ինչում, որովհետև համբերութեան դէպքո՛ւմ միայն կարող ենք ձեռք ձեռքի տալով  առաջ գնալ և կառուցել լաւ ապագայ։ Աղօթեցէ՛ք»։

Պապական նուիրակը արցախահայերին նուիրեց Ն.Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի կողմից օրհնուած Վարդարանի աղօթահամրիչներ՝ ի նշան աղօթական միութեան և օրհնութեան:

Տ. Յովսէփ Գալստեան

Նաիրա Բաղդասարեան

Պապական նուիրակի խօսքը թարգմանեց՝ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

09/12/2020, 07:22